«ԻՆՉԻՆ ՉԵՄ ԿԱՐՈՂԱՑԵԼ ՀԱՍՆԵԼ՝ ՈՐՊԵՍ ՖՈՒՏԲՈԼԻՍՏ, ԿՓՈՐՁԵՄ ՀԱՍՆԵԼ՝ ՈՐՊԵՍ ՄԱՐԶԻՉ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի 7-ակի չեմպիոն, կրկնակի գավաթակիր եւ սուպերգավաթակիր Արթուր Եդիգարյանը  իր կարիերան ավարտեց 32 տարեկանում՝ Երեւանի «Ալաշկերտի» կազմում։ Հայաստանի ազգային հավաքականի նախկին  ֆուտբոլիստը այժմ Հայաստանի առաջին խմբում հանդես եկող «Սեւան»-ի գլխավոր մարզիչ Արմեն Սանամյանի օգնականն է։ «Ժողովուրդ» օրաթերթը հարցազրույց է ունեցել Արթուր Եդիգարյանի հետ։

-COVID-19 կորոնավիրուսի պատճառով դադարեցված են եվրոպական գրեթե բոլոր ֆուտբոլային առաջնությունները։ Ինչո՞վ եք զբաղվում այս դադարի ընթացքում։

-Ավելի շատ ժամանակ եմ անցկացնում ընտանիքիս հետ, զբաղվում եմ երեխաներիս հետ եւ օնլայն մարզումներ եմ անցկացնում։

-Կպատմեք՝ ինչպե՞ս ստացվեց, որ ընդգրկվեցիք «Սեւան» ՖԱ-ի մարզչական շտաբում։ Այլ առաջարկներ ունեի՞ք։

-Կարիերաս ավարտելուց 1 շաբաթ հետո առաջարկ ստացա «Սեւան» ՖԱ-ի նախագահ Հայկ Գրիգորյանից, որն էլ մեծ սիրով ընդունեցի։

-Ֆուտբոլիստները մարզվում են  տնային պայմաններում։ Ի՞նչ անհատական ծրագրեր են մշակվել, եւ այդ ռեժիմով մարզումները որքանո՞վ կարող են օգնել ֆուտբոլիստներին պահպանելու մարզավիճակը։

-Տանը անցկացրած մարզումներով մարզավիճակ պահպանել հնարավոր չէ, կարելի է միայն մնալ տոնուսի մեջ։ Եթե ֆուտբոլիստը չի մարզվում 1 ամիս, ապա նրա ֆիզիկական վիճակը ընկնում է։

-«Սեւանի» ելույթների մասին. վերջին շրջանում թիմը աչքի է ընկնում ոչ այդքան կայուն ելույթներով։ Ինչի՞ հետ եք կապում դա։

-Թիմից շատ ֆուտբոլիստներ են գնացել եւ, կարելի է ասել, փոխվել է նաեւ թիմի փիլիսոփայությունը։ Գլխավոր մարզիչը (հեղ.՝ Արմեն Սանամյանը) մարզչական շտաբի հետ շեշտը դրել է տեղացի ֆուտբոլիստների վրա. թիմում կան ընդամենը 3-4 երիտասարդ լեգիոներներ։

-Առաջատար «Վեստ Արմենիայից» հետ եք մնում 14 միավորով։ Ո՞րն է  թիմի գլխավոր նպատակը ընթացիկ մրցաշրջանում։

-Մենք ձգտելու ենք  հաղթել բոլոր խաղերում, դա է թիմի նպատակը։ Ամեն  ինչ կանենք մրցաշարային աղյուսակում որքան հնարավոր է վեր բարձրանալու համար։ Մենք ունենք նաեւ նպատակ աճեցնելու երիտասարդ կադրերին։

-Առաջին խմբի մասին. ի՞նչ կասեք առաջնության մասին եւ ի՞նչ փոփոխություններ եք նկատում՝ նախորդ մրցաշրջանների հետ համեմատած։

-Փոփոխություններ ընդհանրապես չեմ  նկատում։ Լեգիոներների թիվը անհամեմատ մեծ է։ Կարծում եմ՝ Առաջին խմբի առաջնությունում պետք է լեգիոներների  սահմանափակում լինի։ Այդպես խաղալու  եւ աճելու հնարավորություն  կստանան հայ երիտասարդ ֆուտբոլիստները։

-Ի՞նչ կասեք Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Խոակին  Կապարոսի մասին։ Ծանո՞թ եք նրա աշխատելաոճին, եւ, ըստ Ձեզ, նա ի՞նչ կարող է տալ մեր ընտրանուն։

-Իսպանական խաղաոճը քիչ թե շատ նման է մեր խաղաոճին։ Խոակին Կապարոսը  շատ փորձառու մարզիչ է, աշխատել է մի շարք բարձրակարգ ակումբներում, եւ հուսով եմ, որ հավաքականի հետ կունենա մեծ հաջողություններ։

-Շատ անգամներ եք հայտարարել, որ սիրում եք անգլիական ֆուտբոլը, եւ նաեւ նշել եք, որ կցանկանայիք խաղալ Անգլիայի պրեմիեր լիգայում կամ Չեմպիոնշիփում։ Ցավոք, Անգլիայում խաղալու հնարավորություն չունեցաք։ Արդյոք այդ բացը կփորձե՞ք լրացնել արդեն մարզչական կարիերայում։

-Ֆուտբոլիստ եւ մարզիչ. սրանք տարբեր հասկացություններ են։ Աշխարհի բոլոր  մարզիչներն էլ  անդադար  սովորում են։ Իհարկե, ինչին չեմ կարողացել հասնել՝ որպես ֆուտբոլիստ, կփորձեմ հասնել՝ որպես մարզիչ։

-Մի քանի հարց Ձեր ֆուտբոլային կարիերայից։ Արտերկրում հանդես եկող շատ թիմերում եք խաղացել։ Ո՞ր երկրի առաջնությունում է  եղել ամենաբարդը։

-Ամենաբարդ առաջնությունը, որտեղ խաղացել եմ, Ուկրաինայի պրեմիեր լիգան է եղել։

-Ընդունված կարծիք է՝ մարզիչը մեծ դեր ունի ֆուտբոլիստի կարիերայում։ Դուք շատ ակումբներ եք փոխել եւ աշխատել շատ մարզիչների հետ։ Ո՞ր մարզիչն է բեկումնային դեր ունեցել Ձեր կարիերայում։

-Անցումային տարիքում՝ Արմեն Գյուլբուդաղյանցը։ Նրանից շատ բան եմ սովորել։ Գյուլբուդաղյանցի նման հոգատար ու սրտացավ մարզիչներ շատ քիչ են Հայաստանում։ Ամեն մարզումից  հետո նա զանգահարում էր ինձ եւ մյուս ֆուտբոլիստներին եւ ճշտում՝ արդյոք լավ սնվել ենք եւ հանգստացել։ Այդպիսի մեծ ուշադրությունը շատ կարեւոր է ֆուտբոլիստների համար։ Իմ կարիերայում մեծ դեր է ունեցել նաեւ Վարդան Մինասյանը։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել  իմ բոլոր մարզիչներին, քանի որ նրանք իմ կողքին են եղել բոլոր դժվար պահերին։

-Խաղացել եք  մի շարք համաշխարհային աստղերի դեմ, ի՞նչ հիշարժան պատմություն կպատմեք՝ կապված նրանցից մեկի հետ։

-Իսպանիայի դեմ խաղից առաջ  Չավիից խնդրել էի իր մարզաշապիկը։ Երբ հանդիպումն ավարտվեց, գնացի  երկրպագուներից շնորհակալություն հայտնելու մեծ աջակցության համար։ Գնում էի հանդերձարան եւ տեսա, որ այնտեղ տանող թունելում Չավին ինձ է սպասում։ Նա տվեց ինձ իր մարզաշապիկն ու ասաց, որ մենք լավ հավաքական ունենք։ Չավին ինձ ասաց, որ ես կարող եմ դառնալ լավ ֆուտբոլիստ, ու ինձ հաջողություն մաղթեց իմ կարիերայում: Եւս մեկ հետաքրիր պատմություն կա՝ կապված Աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկաեֆի հետ. «Կայրաթի» 60 ամյակին հրավիրված էին համաշխարհային աստղեր Յուրի Ջորկաեֆը, Պաոլո  Մալդինին, Ռիվալդոն, Անդրեյ Շեւչենկոն… Հետաքրիր առանձնազրույց ունեցա Յուրի Ջորկաեֆի հետ։ Նրա խոսքերը շատ են տպավորել ինձ. նա ինձ ասաց, որ Աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն լինելով՝ մեծ ճանաչում ես ունենում աշխարհում, բայց ինչ հաջողությունների էլ հասնես, երբեք չպետք է  փոխվես, պետք է մնաս այն մարդը, որը եղել ես միշտ։ Արթուր Եդիգարյանը իր ֆուտբոլային կարիերայի ընթացքում խաղացել է Երեւանի «Փյունիկում» եւ «Ալաշկերտում», Իրանի «Պաս Համադանում», Ռուսաստանի «Խիմկիում», Ոկրաինայի «Գովերլայում», ղազախական «Կայրաթում», բելառուսական «Դինամո Մինսկում» ու սերբական «Պրոլետեր Նովի Սադում»։

Հիշեցնենք, որ Եդիգարյանը 2014 թվականին «Կայրաթի» կազմում կարողացել է նվաճել Ղազախստանի գավաթը։ Եզրափակչում «Կայրաթը» 4։1 հաշվով պարտության է մատնել «Ակտոբեին»։

Զրուցեց ԷԴՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ




Լրահոս