Լուսանկարը՝ պաշտոնական լրահոսից
Տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի մասնագետները հայտնաբերել են Նոր Հաճնի Ա/Ձ Արփինե Հայրապետյանի մթերային խանութում ժամկետանց սննդամթերք՝ «Մեծ տոնական ելակով տորթ», խոզի ֆիլե, քամած մածուն, երշիկ «Բավարական»: Նույն տնտեսավարողին պատկանող դեղատանը հայտնաբերվել է նաեւ «Նեսթլե» ապրանքանիշի մանկական սնունդ, «Հումանա» ապրանքանիշի քեմոնով սամիթի թեյ, հնդկաձավարի շիլա եւ «Հիպպ» ապրանքանիշի մրգային պյուրե, որոնց պիտանիության ժամկետը նույնպես ավարտված է եղել: Նշված արտադրատեսակները հանվել են իրացումից եւ տեղում ոչնչացվել:
ԿՐԹԱԿԱՆ
ՀԱՐՑ. Ուզում եմ իմանալ, թե ինչպես է իրականացվում ուսանողի՝ բուհից բուհ տեղափոխությունը:
Սիրարփի Մխոյան (33 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ ուսանողի՝ բուհից բուհ տեղափոխությունը, որի ընթացքում կարող է անցում կատարվել նույն մասնագիտությամբ, մեկ մասնագիտությունից մյուսը կամ փոխվել ուսուցման ձեւը (առկա, հեռակա, հեռավար), իրականացվում է ընդունող բուհի ռեկտորին հասցեագրված՝ ուսանողի անձնական դիմումի համաձայն, որին կցվում է նաեւ սովորած բուհի կողմից տրամադրված ակադեմիական տեղեկանքը:
Տեղափոխվող ուսանողի հրամանագրումը կատարում է ընդունող բուհի ռեկտորը ուսանողի դիմումը, միջնակարգ կրթության ավարտական վկայականը եւ ակադեմիական տեղեկանքը ստանալուց հետո (մինչեւ այդ ստուգվում է ակադեմիական տեղեկանքի եւ ստուգման գրքույկի պատճենի համապատասխանությունը):
ՀՀ կրթության, գիտության, սպորտի եւ մշակույթի նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ ուսանողի՝ բուհի ներսում տեղափոխությունը, որի ընթացքում կարող է անցում կատարվել մեկ մասնագիտությունից մյուսը կամ փոխվել ուսուցման ձեւը (առկա, հեռակա, հեռավար), իրականացվում է բուհի ռեկտորի հրամանով՝ ուսանողի անձնական դիմումի համաձայն:
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ՀԱՐՑ. Ինչպե՞ս կարող եմ մաքրել իմ վարկային պատմությունը:
Նելլի Մարտիրոսյան (38 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ն. Մարտիրոսյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ վարկային տեղեկատվությունը կամ «վարկային պատմությունը» դա Ձեր (վարկառուի) վերաբերյալ վարկային տեղեկատվությունն է, որը բնութագրում է Ձեր կողմից ստանձնած վարկային պարտավորությունների մասով պարտքերը, վճարումները, վճարումների սովորությունները կամ պարտավորությունների կամ դրանց կատարման վերաբերյալ տեղեկատվություններ: Գործնականում «վատ վարկային պատմությունը մաքրել» նշանակում է ընթացիկ վարկային զեկույցներում չունենալ խնդրահարույց (ժամկետանց կամ սուբյեկտտիվ չափանիշներով դասակարգված) վարկեր:
Վարկային բյուրոն չպետք է ներառի վարկային զեկույցում վարկային տեղեկատվության սուբյեկտի վերաբերյալ վարկային զեկույցի տրամադրման պահին նախորդող հինգ տարուց ավելի վարկային տեղեկատվություն: Հինգ տարին ավարտվելուց հետո նշված տեղեկատվությունը արխիվացվում է: («Վարկային տեղեկատվության շրջանառության եւ վարկային բյուրոների գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ ենթակետ)։
Ֆինանսական համակարգի հաշտատար
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Վարկային բյուրոյի հիմնական նպատակն է իրականացնել վարկային տեղեկատվության, դրա համար անհրաժեշտ վարկային տեղեկատվության սուբյեկտի տվյալների հավաքման, վարկային պատմությունների մշակման, ձեւավորման եւ պահպանման, դրանց հիման վրա վարկային զեկույցի պատրաստման գործունեություն: Ի դեպ, վարկային բյուրոյի գործունեության լիցենզիան անժամկետ է: Վերջինիս գործունեության լիցենզիան չի կարող այլ անձանց տրվել օգտագործման, օտարվել կամ գրավադրվել: