Այսպիսով, Արցախի համապետական ընտրություններն արդեն անցյալում են, սակայն նախագահական ընտրությունների ելքը կորոշվի երկրորդ փուլով։ Ինչպես բազմիցս կանխատեսել էինք, մրցակցությունը երեք հիմնական թեկնածուների մեջ ընթացավ, եւ նախագահական ընտրություններն էլ երկրորդ փուլով կավարտվեն. «Ազատ հայրենիք»-ՔՄԴ կուսակցությունների դաշինքի նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը եւ ինքնաառաջադրված «Նոր Արցախ» դաշինքը գլխավորող Մասիս Մայիլյանը կպայքարեն Արցախի նախագահի աթոռի համար: Հիշեցնենք, որ Արայիկ Հարությունյանը ստացել էր 36,076 ձայն կամ 49,26 տոկոս, Մասիս Մայիլյանը՝ դրա գրեթե կեսը` 19, 360 ձայն կամ 26,4 տոկոս։
Իհարկե, թվերին նայելով՝ կարելի է կարծել, որ նույն օրը կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով երկրորդ տեղում պետք է լիներ Մասիս Մայիլյանի գլխավորած դաշինքը, այնինչ Մայիլյանն անգամ նվազագույն 7 տոկոս շեմը չի հաղթահարել եւ անգամ պատգամավորի մանդատ չի ստանա։ ԱԺ ընտրություններում երկրորդ տեղն է գրավել «Միասնական հայրենիք» կուսակցությունը, որի նախագահը Սամվել Բաբայանն է եւ ի սկզբանե հայտարարել էր Մայիլյանին աջակցելու մասին։
Հիմա խոսենք թվերի լեզվով. Բաբայանի գլխավորած ուժը ստացել է 17365 ձայն, Մայիլյանի գլխավորած դաշինքը՝ 3305 ձայն։ Եվ այս երկու թվերը միասին մի փոքր ավելի է ստացվում այն արդյունքից, որը հավաքել է Մայիլյանը՝ որպես նախագահի թեկնածու։ Ստացվում է՝ նա ունի ընդամենը 3305 կամ դրանից մի փոքր ավելի ձայներ, իսկ մնացած մասը նա ստացել է հենց Սամվել Բաբայանի շնորհիվ, թեեւ Մայիլյանն ինքը ասում է, թե դրանք երկուսի ձայներն են, այլ ոչ միայն Բաբայանի:
Ամեն դեպքում, արդեն կանխատեսվում է, որ ապրիլի 14-ին կայանալիք ընտրությունների երկրորդ փուլում Մայիլյանը ձախողելու է:
Չորս տարի է անցել 2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերվանից, երբ ադրբեջանական կողմը Արցախի Հանրապետության նկատմամբ սկսեց լայնածավալ հարձակողական գործողություններ: Ապրիլի լույս 5-ի գիշերը առաջնային գծի հարավային ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերը կիրառեցին «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ: Իսկ արդեն Ժամը 12:00-ի դրությամբ հաստատվեց հրադադար, դադարեցվեցին ռազմական գործողությունները: Այդ գործողությունների հետեւանքով մենք` հայկական կողմը, կորցրեց 800 հա հողատարածք, որը վերադարձնելու համար անգամ փորձ չարվեց 4 տարի առաջ եւ հետո: Բայց միայն դա չէր ապրիլյան օրերի ցավալի լուրը. Հիշո՞ւմ եք Ապրիլյան քառօրյա պատերազմից 3 տարի անց՝ 2019-ի ապրիլի 2-ին` քառօրյա պատերազմի տարելիցի օրը, Եռաբլուր զինվորական պանթեոնում մեքենաներ էին թալանվել, այդ թվում՝ Ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված Արմենակ Ուրֆանյանի մորաքրոջ տղայի մեքենան: Իհարկե, նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանը հայտնել էր, թե ավտոմեքենաներից գողություն կատարելու մեղադրանքով կան կասկածյալներ, սակայն մինչ օրս այդ գործը չի բացահայտվել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս քրգործը կասեցվել է, քանի որ իրավապահները չեն կարողանում բացահայտել գողության հեղինակներին: Համաձայնեք` սա իրավապահների ամոթն է:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը մտահոգություն է հայտնել Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին մարտի 30-ին տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ, որի պատճառով 2 հայ զինծառայող եւ մեկ հայ երեխա հրազենային վիրավորում են ստացել։ Ըստ Զասի` այդ փաստերը չեն նպաստում երկու հարեւան պետությունների սահմանի իրադրության կարգավորմանը եւ վկայում են Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարության մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների խախտման մասին: «Կողմերի զսպվածությունն ու իրադրության կարգավորումը հատկապես կարեւոր են այս ժամանակաշրջանում, երբ բոլորիս համար նոր սպառնալիք է ի հայտ եկել, որը չի ճանաչում սահմաններ ու ազգություններ` կորոնավիրուսի համավարկը», – ընդգծել է Ստանիսլավ Զասը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իրավիճակով պայմանավորված նաեւ Պաշտպանության նախարարությունում է ներքին քննարկում եղել հակառակորդի գործողությունների մասով, եւ կարծիքներ են հնչել, որ այս իրավիճակը կարող է պայմանավորված լինել այն հանգամանքով, որ հակառակորդը մեկ ամսով հետաձգել է զորակոչը, ինչպես նաեւ Արցախում ընտրություններ են, եւ, ի վերջո, կորոնավիրուսի համավարակը, որը բոլորի մտահոգություները կենտրոնացրել է դեպի այդ ուղղությունը: Ասել է թե` թշնամին օգտվում է զգոնության հնարավոր պակասից: Սակայն ՊՆ-ում ներքին քննարկան ժամանակ հայտնել են, որ բանակում ամեն ինչ վերահսկվում է, զորքը միշտ զգոն է ու կանգուն, եւ պատասխան դեռ կլինի:
Ողջ աշխարհին համակած նոր կորոնավիրուսի համաճարակը մոբիլիզացրել է բոլոր ուժերին բոլոր երկրներում, եւ մարդիկ համախմբված պայքարում են վարակի տարածման դեմ: Միայն թերեւս Հայաստանում է նկատվում որոշ պաշտոնյաների կողմից ընդգծված պասիվ վերաբերմունք ու կազմակերպվածության ընդգծված պակաս: Աշխարհի գրեթե մի երկիր չկա, որտեղ բժիշկների կոմունիկացիան ապահովի այլ մարմին, քան համայնքը: Մեր դեպքում թեեւ Երեւանի քաղաքապետարանն ունի քաղաքապետ` ի դեմս Հայկ Մարությանի, քաղաքապետարանի առողջապահության վարչություն, որը պետք է Առողջապահության նախարարության հետ համագործակցված կազմակերպի պայքարի համակարգված աշխատանքը, սակայն բժիշկները մեր երկրում տեղափոխվում են ոչ համայնքային մեքենաներով, այն դեպքում, երբ նույնիսկ քաղաքային տրանսպորտի գործունեությունն էլ է դադարեցվել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ քաղաքապետ Հայկ Մարությանն, իհարկե, աշխատանքի գնում է, սակայն գրեթե որեւէ աշխատակցի չի ընդունում, հորդորում է առցանց աշխատել` ավելի խուսափելով շփումներից (իհարկե նախկինում էլ նա ակտիվ չէր աշխատակազմի հետ շփումներով): Ինչո՞ւ չենք նկատում քաղաքապետի ու Առողջապահության նախարարության համագործակցություն` առարկայական, փաստերով: Այս հարցին պատասխան ստանալու նպատակով «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց կապ հաստատել քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանի հետ, սակայն ապարդյուն։