Ուշագրավ միջադեպ է գրանցվել «Վանաձոր» ՔԿՀ մասնագետ, արդարադատության կրտսեր սերժանտ Վահե Մուրադյանի շուրջ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ արդարադատության սերժանտը դիմել է իրավապահներին եւ պատմել, թե ինչպես են իրեն փակել Մոսկովյան փողոցի 32 շենքի 5-րդ հարկի բնակարանում եւ 1.000.000 դրամ պահանջել:
Այն, որ «Վանաձոր» ՔԿՀ-ի աշխատակիցները պարբերաբար հայտնվում են իրավապահների տեսադաշտում, գաղտնիք չէ ոչ ոքի: Դեռեւս 2017 թվականին ԱԱԾ-ն բացահայտել է, որ քրեակատարողականի հիմնարկի պետը, ինչպես նաեւ այլ պաշտոնատար անձինք դատապարտյալներից պարբերաբար կաշառք են պահանջել, որի դիմաց նրանց արտոնյալ կարգավիճակ են տվել: Այս գործով անգամ կալանավորվել էր ՔԿՀ պետ Գեւորգ Մկրտչյանը, որին ավելի ուշ ազատ են արձակել, իսկ գործով դատական նիստերը դեռեւս շարունակվում են: Եվ, ահա, բանը հասել է այնտեղ, որ հիմա «Վանաձոր» ՔԿՀ արդարադատության կրտսեր սերժանտն է հայտնվել աղմկալի միջադեպի կիզակետում:
«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ 2020 թվականի մարտի 27-ին՝ ժ. 21.40-ին, «Վանաձոր» ՔԿՀ կրտսեր մասնագետ, արդարադատության կրտսեր սերժանտ Վահե Մուրադյանը Ազգային անվտանգության ծառայություն եւ ոստիկանություն հաղորդում է տվել հանցագործության մասին: Մասնավորապես, նա իրավապահներին հայտնել է, որ շուրջ մեկ շաբաթ առաջ համացանցի «Համադասարանցիներ» սոցկայքով ծանոթացել է «Regina Queen» տվյալներով գրանցված Արգինա ներկայացած անձի հետ եւ մարտի 27-ին՝ ժ.15.00-ի սահմաններում, պայմանավորվածության համաձայն որոշել են հանդիպել: Արդարադատության կրտսեր սերժանտի եւ Արգինայի հանդիպումը կայացել է Մոսկովյան փողոցի 32 շենքի 5-րդ հարկի բնակարանում: Ահա այստեղից էլ սկսվել է անսպասելին: Ըստ արդարադատության կրտսեր սերժանտի պատմածի՝ Արգինան եւ մի անծանոթ տղա փակել են բնակարանի մուտքի դուռը, տարբեր սպառնալիքներ են հնչեցրել, ասել են, թե, իբր, ձայնագրություններ ունեն իր կյանքի եւ գործունեության մասին, ուստի այն չհրապարակելու համար պետք է մարտի 30-ին իրենց տա 1 մլն դրամ: Ավելին, նույն սպառնալիքի տակ իր մոտից խլել են 10.000 դրամ, մոտ 500 դրամի մետաղադրամներ, ծառայողական վկայականը:
Մեզ հայտնի դարձավ, որ իրավապահները պարզել են` Արգինան հանդիսանում է Արգինա Կռոյանը, իրավապահները նրան բերման են ենթարկել ոստիկանություն: Սակայն երեկվա դրությամբ իրավապահները դեռեւս չեն հայտնաբերել այն անձին, որ Արգինա Կռոյանի հետ արդարադատության կրտսեր սերժանտին փակել է բնակարանի մեջ եւ սպառնալիքներով գումար պահանջել: Ստացվում է, որ մեր երկրում կա կազմակերպված խումբ. աղջիկները սոցիալական ցանցի միջոցով պայմանավորվում են հանդիպել տղաների հետ, տանելով կոնկրետ բնակության հասցե՝ նրանից գումար են շորթում: Չի բացառվում, որ սա միակ դեպքը չէ, ուստի պետք է սպասենք իրավապահների բացահայտումներին:
Ինչեւէ, մեզ հայտնի դարձավ, որ ձեռնարկում են միջոցառումներ կնոջ հետ նույն բնակարանում գտնվող տղամարդու ինքնությունը պարզելու եւ հայտնաբերելու ուղղությամբ: Դեպքի առթիվ մարտի 30-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր. 182 հոդ. 2-րդ մասի 2-րդ կետով (Շորթումը՝ անձի կամ նրա մերձավորի մասին արատավորող կամ անձի կամ նրա մերձավորի իրավունքներին ու օրինական շահերին էական վնաս պատճառող տեղեկություններ հրապարակելու, ինչպես նաեւ անձի կամ նրա մերձավորի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով) եւ 2-րդ մասի 3.1 կետով:
Հարուցված քրեական գործով կատարվում է նախաքննություն:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՉԻ ԱԶԴՈՒՄ
Տեղեկացնում ենք, որ երկրում հայտարարված արտակարգ դրությունը չի ազդում «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով կատարողական վարույթ հարուցելու հարկադիր կատարողի լիազորության իրականացման, ինչպես նաեւ դրա շրջանակներում կիրառված արգելանքների վրա։ Այս մասին հայտնել են ԴԱՀԿ ծառայությունից: Թեեւ ծառայության աշխատանքի արտակարգ ռեժիմի պայմաններում դադարեցվել է այնպիսի կատարողական գործողությունների իրականացումը, որոնք ենթադրում են անմիջական շփում կատարողական վարույթի մասնակիցների հետ, այնուամենայնիվ, գործող օրենսդրության համաձայն՝ հարկադիր կատարողը չի կարող ձեռնպահ մնալ վարույթ հարուցելուց, արգելանքներ կիրառելուց։
ՔՐԳՈՐԾ Է ՀԱՐՈՒՑՎԵԼ
Օրեր առաջ բժշկական կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում ստացվեց, որ կրծքավանդակի կտրած-ծակած թափանցող վերքով եւ վնասված լյարդով բուժօգնության է դիմել 38-ամյա մի կին, նրան դանակահարել էին: Տուժողն ի վիճակի չի եղել բացատրություն տալու: Նրան վիրահատել են: Բժիշկներին հասցրել էր միայն հայտնել, որ Փափազյան փողոցի խանութի մոտ իրեն դանակահարել են: Ճշտվել է, որ դեպքը ոչ թե Փափազյան փողոցում, այլ Կոմիտասի պողոտայում է կատարվել, ապա պարզվել է, որ տուժողին կենցաղային հարցերի շուրջ ծագած վեճի ժամանակ դանակահարել է նրա 36-ամյա ծանոթը, որը Րաֆֆու փողոցի բնակիչ է: Կասկածվողը բերման է ենթարկվել ոստիկանության Արաբկիրի բաժին: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:
ԿԵՂԾ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՈՎ
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել են Երեւանի Ն. Տիգրանյան 1/1 փակուղի հասցեում իրականացվող շինարարության վերաբերյալ ՀՀ վարչապետի աշխատակազմից ստացված փաստաթղթերը: Պարզվել է, որ առեւտրային ընկերության կողմից Արաբկիր վարչական շրջանի նշված հասցեում բնակելի թաղամասի կառուցման աշխատանքային նախագծային փաստաթղթերի մշակման համար Երեւանի քաղաքապետի կողմից 2018թ. մարտի 2-ին տրվել է նախագծման թույլտվություն: Պարզվել է, որ կառուցապատման նախագծի ճարտարապետաշինարարական մասը մշակած ընկերության ծառայողի կողմից կազմվել է նախագծման թույլտվության եւ շինարարական նորմերով սահմանված պահանջներին հակասող՝ բնակելի թաղամասի նախագիծ ակնհայտ կեղծ բովանդակությամբ եզրակացություններով։ Արդյունքում տրվել է առերեւույթ ակնհայտ կեղծ բովանդակությամբ շինթույլտվություն, ինչը հարակից տարածքում գտնվող արտադրական օբյեկտի սեփականատիրոջ եւ անշարժ գույք գնելու իրավունքի մասին պայմանագրեր կնքած քաղաքացիների համար առաջացրել է ծանր հետեւանքներ։ Հարուցվել է քրեական գործ:
ԴԱՏԱՎՈՐ Է ՆՇԱՆԱԿՎԵԼ
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Ռուստամ Մախմուդյանը նշանակվել է վարչական դատարանի դատավոր։
ՎԵՐՄԻՇՅԱՆԻ ԿԱԼԱՆՔԸ ԵՐԿԱՐԱՁԳՎԵՑ
Մարտի 30-ին լրացել է առանձնապես խոշոր չափերի կաշառքի գործով կալանավորված Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի խափանման միջոցի ժամկետը: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում վերջինիս պաշտպան Մուշեղ Առաքելյանը հայտնեց, որ խափանման միջոցը փոխելու եւ գրավ կիրառելու միջնորդություն են ներկայացրել դատարան:
Ըստ պաշտպանի՝ անգամ միջնորդության մեջ ներկայացրել են Խոշտանգումների եւ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի հայտարարությունը. «Նկատի ունենալով COVID-19-ի հետագա տարածման դեմ պայքարի համար անհրաժեշտ գործողությունների ակնհայտ հրամայականը՝ ԽԿԿ-ն անհրաժեշտ է համարում հիշեցնել խոշտանգումների եւ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի բացարձակ արգելքի մասին: Կանխարգելիչ միջոցները չպետք է հանգեցնեն ազատությունից զրկված անձանց նկատմամբ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի: ԽԿԿ-ի տեսակետով հետեւյալ սկզբունքները պետք է կիրառվեն բոլոր մարմինների կողմից, որոնք պատասխանատու են Եվրոպայի խորհրդի տարածքում գտնվող ազատությունից զրկված անձանց համար»:
Ըստ պաշտպանի՝ միջնորդության մեջ անգամ իրավիճակով պայմանավորված ներկայացրել են Վահագն Վերմիշյանի տարիքը, որ նա ռիսկային խմբի մեջ է գտնվում , սակայն դատարանը մերժել է Վահագն Վերմիշյանի պաշտպանների միջնորդությունը, եւ նրա կալանքը եւս երկու ամսով երկարաձգվել է: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Վահագն Վերմիշյանի պաշտպան Մուշեղ Առաքելյանը հայտնեց, որ այդ որոշումը բողոքարկելու են ՀՀ վերաքննիչ քրեական դատարան: Ըստ ԱԱԾ-ի՝ մոտ մեկ տարի Քաղաքաշինության կոմիտեն ղեկավարած Վերմիշյանը շինարարական աշխատանքներ ծավալող անձանց կամ կառուցապատող ընկերությունների ներկայացուցիչների հետ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ ինչպես անձամբ, այնպես էլ մտերիմի միջոցով 5 դեպքով, խոշոր եւ առանձնապես խոշոր՝ 1 միլիոնից 2,5 միլիոն դրամի չափով գումարի կամ ապրանքանյութական արժեքների տեսքով կաշառք ստանալու դիմաց, նախորդ տարի նրանց օգտին կատարել է գործողություններ կամ նպաստել է ցանկալի որոշումների արագ կայացմանը եւ տրամադրմանը, ինչպես նաեւ կաշառքի այլ դրվագներ: Վահագն Վերմիշյանը մինչ օրս չի ընդունում մեղադրանքը: Ի դեպ, խափանման միջոցի քննարկման ժամանակ նա եւս եղել է դատարանում:
Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ