ՍՏԻՊՎԱԾ ԵՆ ՓՈԽԵԼ ԱԿՈՒՄԲԱՅԻՆ ԳՐԱՆՑՈՒՄՆԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Կարծում եմ՝ մեզ նոր ֆուտբոլային աշխարհ է սպասվում»,- այսպիսի կարծիք էր հայտնել գերմանական «Բավարիայի» նախկին նախագահ Ուլի Հյոնեսը։ Դժվար է չհամաձայնել Հյոնեսի հետ, սակայն պետք է նաեւ ընդգծենք այն, որ համաշխարհային ֆուտբոլը, անուամենայիվ, որոշ ժամանակ հետո կրկին կդառնա «հին ու բարի» օրերի նման։ COVID-19 կորոնավիրուսի պատճառով դադարեցված են աշխարհի գրեթե բոլոր ֆուտբոլային առաջնությունները։ Ակումբները չեն անցկացնում հանդիպումներ, չունեն եկամուտ, սակայն աշխատավարձեր են վճարում թիմի ֆուտբոլիստներին, մարզչական շտաբին եւ մյուս աշխատակիցներին։ Այդ փաստը անշուշտ ճգնաժամի առաջ կկանգնեցնի բոլորին։ Ամեն դեպքում, կան թիմեր, որոնք այս ճգնաժամից կարող են օգտվել՝ դիմելով խորամանկության եւ թիմում պահելով իրենց առաջատար ֆուտբոլիստներին։ «Ժողովուրդ» օրաթերթը Ձեզ է ներկայացնում այն ֆուտբոլային գերաստղերին, ովքեր արդեն 1 ոտքով իրենց թիմերում չէին, սակայն COVID-19-ի պատճառով, ամենայն հավանականությամբ, իրենց ակումբային գրանցումը փոխել չեն կարողանա։

 

Նեյմար (ՊՍԺ)

Ֆրանսիական ՊՍԺ-ի աստղային հարձակվող Նեյմարը նախորդ տրանսֆերային պատուհանի ընթացքում չկարողացավ «պրծնել» փարիզյան թիմի ղեկավարության ճիրաններից եւ ուղեւորվել Կատալոնիա։ Չստացված գործարքը «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտումեուն պատրաստ էր ավարտին հասցնել առաջիկա ամռանը, սակայն համաշխարհային ֆուտբոլի դուռը թակեց ճգնաժամը, ինչն էլ արդեն հասցրել է խառնել կատալոնական հսկայի խաղաքարտերը։ Պարզից էլ պարզ է՝ Նեյմարի համար «Բարսելոնան» ստեղծված իրավիճակում 200 մլն եվրո վճարել չի կարողանա, սակայն «բլաուգրանան» հեշտ հանձնվողներից չէ։ Ինչպես տեղեկացնում է իսպանական Sport-ը, կատալոնացիները կփորձեն գերշահավետ գործարք առաջարկել շեյխերին։ Ըստ աղբյուրի՝ բրազիլացու տրանսֆերի դիմաց «Բարսելոնան» պատրաստ է փարիզցիների զիջել իր ֆուտբոլիստներից մի քանիսին, որոնց թվում են նաեւ Ֆելիպե Կոուտինյոն եւ Անտուան Գրիզմանը։ Այսպիսի հյութալի առաջարկի սիրո մայրաքաղաքը ներկայացնող ակումբի ղեկավարները կարող են չդիմանալ։ Այնպիսի տպավորություն է, որ Կատալոնիայի մայրաքաղաքում տառապում են Նեյմարին վերադարձնելու մտքից եւ դրա համար կարող են գնալ ոչ կշռադատված քայլերի։  Ամեն դեպքում,  իրատեսական չէ, որ «Բարսելոնան»   հանուն Նեյմարի կգնա այդպիսի զոհողությունների, իրատեսական չէ նաեւ այն, որ «Բարսելոնան» կկարողանա վճարել նրա համար պահանջվող հրաժարագինը։

 

Կիլիան  Մբապե (ՊՍԺ)

Փարիզյան «հրոսակախմբի» եւս մեկ ներկայացուցիչ։ Ֆրանսիացի «մոտոցիկլը» առաջիկա ամռանը պետք է տեղափոխվեր Մադրիդի «Ռեալ»։ Ինչպես Նեյմարի, այնպես էլ Մբապեի համար պահանջվող գումարը անցնում է մարդկային երեւակայության սահմանը։ Անձամբ Մբապեն շատ էր ցանկանում համալրել մադրիդյան թիմի շարքերը, սակայն համաճարակը Կիլիանին կստիպի առնվազն մեկ մրցաշրջան էլ անցկացնել ՊՍԺ-ում։ Մբապեն ընդամենը 21 տարեկան է եւ դեռ հնարավորություն կունենա իր երազանքը իրականացնելու, բայց դեռ պետք է մտածի  փարիզյան թիմին հաղթանակներ պարգեւելու մասին։

 

Հարի Քեյն («Տոտենհեմ»)

Անգլիական «Տոտենհեմի» առաջատար Հարի Քեյնը նույնպես  ցանկություն է հայտնել փոխել ակումբային գրանցումը։ «Տոտենհեմը» արդեն տրամադրվել էր, «Տոտենհեմն» արդեն գիտեր, որ Քեյնին թիմում պահելը անհնարին մի բան է, բայց, արի ու տես, Քեյնը այս պահի դրությամբ ավելի հավանական է, որ մնա թիմում, քան հեռանա։ Ֆուտբոլիստը նշել է, որ ցանկանում է տիտղոսներ նվաճել, եւ դա է նրա հեռանալու ցանկության պատճառը։ «Տոտենհեմի» նախագահ Դանիել Լեւին  հստակ պահանջ է դրել բոլոր այն ակումբների դիմաց, ովքեր ցանկանում են գնել Քեյնի տրանսֆերը։ Այդ պահանջը կապված է գումարների հետ, շատ գումարների հետ։ Լեւին անգլիացի հարձակվողի դիմաց 200 մլն եվրո է պահանջում, որը այս պահի դրությամբ վճարել չի կարող եւ ոչ մի ակումբ։ Քեյնի ծառայություններով հետաքրքրված  են մանչեստերյան 2 ակումբները՝ «Սիթին» եւ «Յունայթեդը»։ Նրանց մնում է միայն համոզել Լեւիին  եւ  համաձայնության գալ տրամաբանական գումարի սահմաններում։

 

Պոլ Պոգբա («Մանչեստեր Յունայթեդ»)

Ֆուտբոլային երկնակամարում փայլող աստղերից այս մեկին ցանկացանք անդրադառնալ վերջինը։ Այս ճգնաժամից երեւի թե ամենաշատը կտուժի «Մանչեստեր Յունայթեդի» ֆրանսիացի կիսապաշտպան  Պոլ Պոգբան, ով արդեն  երկար ժամանակ է փորձում փախչել «Կարմիր սատանաների»  «բանտից», սակայն Գլեյզերների ընտանիքը Էդ Վուդվորդի թեթեւ ձեռքով Պոգբայի համար փակել էր  հեռանալու բոլոր դռները։ Այնուամենայնիվ, երկար տանջանքներից հետո Պոգբան կարծես կարողացել էր գտնել հեռանալու ճանապարհը, սակայն ամեն ինչ նորից դառնում է առաջվանը։ Իրականում Պոգբայի տրանսֆերային արժեքը այդքան սարսափելի չէ, որքան Նեյմարինը։ Նրան իրենց կազմում ցանկանում են տեսնել «Յուվենտուսն» ու «Ռեալը», եւ Պոգբան էլ ցանկանում է հեռանալու դեպքում այս  2 ակումբներից մեկը տեղափոխվել։ Նրա համար պահանջվելիք 100 մլն եվրոն կարող է վճարել «Ռեալը», բայց ոչ «Յուվեն»։ Վերջիններս անգամ կարող են վաճառել Ռոնալդուին ճգնաժամը հեշտ հաղթահարելու համար, իսկ, ահա, «Ռեալը» գտել է Ֆեդե Վալվերդեին, ով ուղղակի ֆանտաստիկ ֆուտբոլ է խաղում, եւ այդ 100 մլն-ը կարող է օգտագործել այլ նպատակների համար։ Դե ինչ, Պոգբան էլ կարող է հիանալի զույգ կազմել Բրունո Ֆերնանդեշի հետ, որն էլ կարող է Պոլի մոտ իսպառ վերացնել հեռանալու ցանկությունը։

ԷԴՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

 

 

 

 

ՕՊԵՐԱՏԻՎ ՇՏԱԲ

Հայկական ատոմակայանի ղեկավարությունը ձեւավորել է օպերատիվ շտաբ, որն իրականացնում է վիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված միջոցառումներ։ Կարանտինի ժամանակահատվածում ներդրվել է աշխատանքի եւ հանգստի հատուկ ռեժիմ, որը ներառում է աշխատակիցների առողջության մշտական վերահսկողություն։ «Վիրուսի տարածման ռիսկը նվազեցնելու գործում մեր հիմնական խնդիրն է սահմանափակել շփումների քանակը։ Կայանի աշխատակիցների մեծամասնությունն անցել է հեռավար աշխատանքի։ Ինչ վերաբերում է արտադրությունում զբաղված մարդկանց, որոնց բացակայությամբ հնարավոր չէ ԱԷԿ-ի անխափան աշխատանքը, ապա ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցները նրանց առավելագույն պաշտպանության ապահովման համար: Մեզ համար շատ կարեւոր է ապահովել կայանի բնականոն աշխատանքը եւ մարդկանց առողջությունը»։ Հայկական ԱԷԿ-ը միակն է տարածաշրջանում: ՀԱԷԿ-ում արտադրվում է Հայաստանում գեներացվող էլեկտրաէներգիայի ավելի քան մեկ  երրորդը՝ ապահովելով Հայաստանի բնակչությունը եւ ձեռնարկությունները էլեկտրաէներգիայի անխափան մատակարարումներով:

 

 

ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆԸ ՓԱԿ Է

Կարեն Դեմիրճյանի անվան Երեւանի մետրոպոլիտենը փակ է։ Պարետի հանձնարարականով՝ մինչեւ ապրիլի 12-ը ներառյալ երկարացվել է արտակարգ ռեժիմի պայմաններում տեղաշարժի եւ տնտեսական գործունեության որոշ տեսակների նկատմամբ սահմանափակումները: Նոր որոշմամբ դադարեցվում է հանրային տրանսպորտի գործունեությունը՝ բացառությամբ երկաթուղային տրանսպորտի: Թույլատրվում է տաքսիների գործունեությունը»,- նշված է մետրոպոլիտենի հայտարարության մեջ։

 

 

 

 

ԳՈՐԾՈՒՂՎԵԼ ԵՆ

Հաշվի առնելով նոր կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը` մասնագիտական փոխօգնության շրջանակում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը մարտ ամսից «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց է գործուղել բժիշկների, բուժքույրերի, կրտսեր բուժանձնակազմի աշխատակիցների եւ շտապօգնության մեքենայի վարորդների:

 

 

 

 

25 ՏՈՆՆԱ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ

«ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունների խումբը 25 տոննա հումանիտար օգնություն է տրամադրել իր ներկայության մարզերին։ Ընկերության որոշմամբ՝ օգնություն կստանան ազդակիր համայքների 1600 ընտանիքներ (ք. Վարդենիս, ք. Արարատ, Արարատ եւ Գեղամասար համայնքներից), որոնք ապրում են սոցիալապես դժվար պայմաններում եւ ունեն չգրանցված աշխատողներ։ Մասնավորապես, դրանք միայնակ ծերերն են (առանց խնամակալների), բազմազավակ ընտանիքները եւ հաշմանդամություն ունեցող քաղաքացիները: Օգնություն ստացողների ցուցակը կազմվեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական աջակցության վարչության («Փարոս» ծրագրի) տվյալների բազայի հիման վրա։ Ընկերությունը նախագիծն իրականացնում է տեղական ինքնակառավարման մարմինների աջակցությամբ։

Կամավորներից կազմված աշխատանքային խմբերը կազմակերպում են օգնության բաժանումը կարիքավորներին։ «Հումանիտար օգնությունը կարիքավորներին ընկերության ձեռնարկած միջոցառումներից մեկն է արտակարգ իրավիճակի պայմաններում ճգնաժամային պայքարի եւ կանխարգելիչ միջոցառումների շարքում։ Այս դժվարին ժամանակներում բիզնեսի եւ հասարակության միջեւ փոխօգնությունը, ինչպես նաեւ կառավարության կողմից սահմանված արտակարգ դրության կանոնների պահպանումը պետք է հիմք հանդիսանան դժվար իրավիճակի հաղթահարման համար: Այս համատեքստում, «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը իր կողմից շնորհակալություն է հայտնում հումանիտար նախագծի բոլոր կամավորներին, այդ թվում՝ «Երեւան Սիթի» սուպերմարկետների ցանցին, տեղական ինքնակառավարման մարմիններին եւ լրացուցիչ պատասխանատվություն ստանձնած՝ ընկերության աշխատողներին։ Միասին մենք կհաղթահարենք այս մարտահրավերը»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Լեռնահանքային ընկերությունների դիվերսիֆիկացված միջազգային խմբի՝ «ԳեոՊրոՄայնինգ» ընկերության հայաստանյան ակտիվներն են «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ընկերությունը եւ «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը»։ «ԳեոՊրոմայնինգ» ընկերության ներդրումները գերազանցում են 540 մլն ԱՄՆ դոլարը։ Ընկերության աշխատողների թիվը կազմում է մոտավորապես 2500 մարդ։

 

 

 

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ

Իրանում, որտեղ կորոնավիրուսային գրոհն ամենաբուռն սցենարով էր սկսվել, ամենամեղմ պատիժներն են սահմանված արտակարգ դրության ռեժիմը խախտողների համար: Ապրիլի 1-ից գործում են Տիգրան Ավինյանի նոր որոշումը, որի համաձայն՝ տեղաշարժի սահմանափակումներն ավելի են խստացվել։ Կորոնավիրուսի տարածման արագության առաջատարները շարունակում են մնալ ԱՄՆ-ն, Իտալիան եւ Իսպանիան։ ՀՀ-ին սահմանակից Իրանը, որ սկզբնական շրջանում վարակվածների թվով աշխարհում առաջիններից էր, արդեն զիջել է այդ տխուր դիրքը այլ երկրների: Հիշեցնենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր COVID-19 կորոնավիրուսային վարակի բռնկումը համավարակ է հայտարարել։

 

 




Լրահոս