ՀՐԱԺԱՐՎՈՒՄ ԵՆ ԲՈՆՈՒՍԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իշխանությունները մտադրություն ունեն Ընտրական օրենսգրքից հանել համայնքային ընտրությունների դեպքում նախատեսված մանդատների առնվազն 40 տոկոս ստացած կուսակցության ընտրական բոնուսը։ Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ կառավարության կողմից արդեն պաշտոնապես հաստատվել է  նախագծերի փաթեթը, որը լուրջ փոփոխություններ է ենթադրում։ Բացի վերը նշված փոփոխությունից, առաջարկվում է անցկացվող մանդատների բաշխմանը մասնակցելու համար անցողիկ շեմը կուսակցությունների համար սահմանել 4 տոկոս` գործող 6-ի փոխարեն, իսկ կուսակցությունների դաշինքի համար՝ 6 տոկոս` գործող 8-ի փոխարեն։ Այս տոկոսային հարաբերակցությունը գործում է համամասնական ընտրակարգով անցկացվող ընտրությունների պարագայում Գյումրիում, Վանաձորում եւ Երեւանում։  Եվ եթե այս չափանիշներին համապատասխանում է երեքից քիչ ուժ, ապա մանդատների բաշխմանը կմասնակցեն առավելագույն կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացած  3 կուսակցությունները եւ կուսակցությունների դաշինքները։ Անցողիկ շեմը նվազեցնելու եւ բոնուսային համակարգը հանելու որոշումները հետաքրքիր են նաեւ՝ հաշվի առնելով այն իրավիճակը, որ առաջացել էր Գյումրիում տեղի ունեցած ընտրություններից հետո, որոնք անցկացվեցին 2015 թվականին ընդունված նոր Սահամանդրությունից հետո։ Տեղական ինքնակառավարման մակարդակում առկա է  «բոնուսային տեղի» մասին դրույթ, որը տեղերի մեծամասնությունը ինքնաբերաբար վերապահում է ամենախոշոր կուսակցությանը, եթե այն զբաղեցնում է տեղերի 40-50 տոկոսը։ Գյումրիում 6% շեմի կիրառումից հետո «Բալասանյան» դաշինքը կունենար 15 տեղ ընդհանուր 33-ից (ընդհանուրի 45.5%-ը)։ Բոնուսային համակարգի կիրառումը դաշինքի համար երաշխավորեց երկու լրացուցիչ տեղ (դրանք վերցվում են ընդդիմադիր կուսակցություններից) մեծամասնություն ապահովելու համար։ Ինչպես տեսնում ենք, դրույթն աշխատում է՝ հօգուտ իշխանությունների։  Նույն իրավիճակը եղավ նաեւ Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների ժամանակ, եւ «Իմ քայլը» դաշինքը քաղաքապետարանում ունեցավ հավելյալ մանդատներ՝ հենց բոնուսային համակարգի շնորհիվ։ Իսկ «Լույս» դաշինքն էլ երեք մանդատ ստացավ երեք ուժի պարտադիր լինելու արդյունքում, քանի որ ստացել էր 4,99 տոկոս ձայն։  Եվ, բացի այդ, «Իմ քայլ»-ի կողմից 50 տոկոսից ավելի ձայն ստանալը  Հայկ Մարությանին հնարավորություն տվեց առանց քվեարկության դառնալ քաղաքապետ։ Բայց այլեւս չի լինի նման իրավիճակ, եթե իհարկե, այս օրինագիծն ընդունվի:]

 

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթը, ուսումնասիրելով ՀՀ-ում հանրային հնչեղություն ունեցող մի շարք քրեական գործերը, արձանագրում է, որ աղմկահարույց այդ գործերով մեղադրող դատախազները հիմնականում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի սանիկներն են: ՀՀ երկրոդ նախագահ «Մարտի 1»-ի գործով սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի, Արմեն Գեւորգյանի, Սեյրան Օհանյանի գործով մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը, ըստ լուրերի, Արթուր Դավթյանի սանիկն է: Նրա հետ դատարանում մեղադրող դատախազներն են Երեւան քաղաքի դատախազ Գեւորգ Բաղդասարյանը եւ արդարադատության առաջին դասի խորհրդական, ՀՀ գլխավոր դատախազության հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ Կարեն Բիշարյանը, որոնք եւս դատախազի սանիկներն են: Նույն Պետրոսյանը նաեւ Գեւորգ Կոստանյանի, Ալիկ Սարգսյանի եւ մյուսների գործերով դատախազն է: Սերժ Սարգսյանի, Բարսեղ Բեգլարյանի, Հրայր Թովմասյանի գործերով դատախազը՝ Արսեն Մարգարյանը եւս գլխավոր դատախազի սանիկն է: Ու կարող է տրամաբանական հարց առաջանալ՝ ինչո՞ւ են այս գործերով մեղադրանքները դատարանում պաշտպանում հենց այս դատախազները: Որպեսզի խոշոր ձկների գործերը չտապալվեն, երկրի թիվ մեկ դատախազի աթոռը չերերա, Դավթյանն իր սանիկներին է «առաջնագիծ» բերել: Իհարկե, դատախազությունից հերքեցին լուրը:

 

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ կառավարությունը դադարեցրել է «Քաղաքացու օրվան» նվիրված միջոցառումների նպատակով կատարվող մի քանի աշխատանքները։ Ինչպես հայտնի է, նախորդ տարվանից սկսած, յուրաքանչյուր տարվա ապրիլի 26-ին պետք է նշվի «Քաղաքացու օրը»։ Եվ, ահա, փետրվարի 28-ին մշակութային միջոցառումների կազմակերպման ծառայությունների ձեռքբերման նպատակով  հայտարարվել էին գնման ընթացակարգեր՝ միջոցառումները կազմակերպելու համար։ Դրանցից էր, օրինակ, գրաֆիկական դիզայնի ծառայություններ, մշակութային միջոցառումների կազմակերպման ծառայություններ։ Սակայն դրանք չեղյալ են համարվել, եւ կառավարությունը ներկայացրել է մի քանի հիմնավորում։ Նախ՝ որոշման մեջ ընդգծվում է, որ մարտի 16-ից՝ ժամը 18:30-ից սկսած մինչեւ 2020 թվականի ապրիլի 14-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով հայտարարված է արտակարգ դրություն: Եվ հիմք ընդունելով այս փաստը ու նաեւ այն, որ, «Գնումների ընթացակարգի մասին» օրենքի համաձայն, ծառայությունների մատուցման ժամկետ պետք է սահմանվի առնվազն 20 օրացուցային օր՝ անհրաժեշտ է ընթացակարգերը հայտարարել չկայացած՝ գնման պահանջի դադարման հիմքով,  քանի որ միջոցառումների կազմակերպումը ժամկետի առումով հնարավոր չէ:

 

 

 

 

Հայաստանում հայտարարված արտակարգ դրության ռեժիմն ու կանոնները հսկում են ՀՀ ոստիկանության աշխատակիցները: Նրանք բուժաշխատողներից հետո գտնվում են ամենառիսկային գոտում. ամենօրյա շփման մեջ են քաղաքացիների հետ, որոնց մասին չունեն տեղեկություն` վարակված են արդյոք, թե ոչ: Նկատելի է, որ քաղաքացիների տեղաշարժը հսկող ոտիկանները, իհարկե, կրում են դիմակներ, սակայն հաճախ՝ կասկածելի ծագման։ Արդյոք  ՀՀ ոստիկանությունը նրանց դիմակ տալի՞ս է, թե՞ ոստիկանության աշխատակիցներն իրենք են դիմակներ գնում ու դա անում են «որը պատահի» սկզբունքով: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը նշեց. «Տրամադրվում են ինչպես դիմակներ, այնպես էլ ախտահանիչ նյութեր՝ ըստ ստորաբաժանումների ներկայացրած հայտերի, իսկ դիմակները կարող են տարբերվել, քանի որ տարբեր մատակարարներից են ձեռք բերվում։ Նշեմ նաեւ, որ երեկ էլ է տրամադրվել՝ ըստ հայտերի, այսօր էլ»: Այսինքն` երբեմն ՀՀ ոստիկանությունն էլ` որպես պետական մարմին, ստիպված է լինում ինքնաշեն դիմակներ գնել ու բաժանել ծառայողներին:

 




Լրահոս