ՆՈՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ` ԱՌԱՆՑ ՔԱՐՈԶԱՐՇԱՎԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 31-ին Արցախում կայացած նախագահի ընտրությունը դեռեւս հանգուցալուծում չի ստացել, քանի որ, ինչպես եւ կանխատեսվում էր, ապրիլի 14-ին պետք է տեղի ունենա նախագահի ընտրության երկրորդ փուլը: Սպասվում է, որ առաջիկա տասը օրերը եւս Արցախում լարված կլինեն:

Ինչպես հայտնի է, նախագահի աթոռի համար պետք է պայքարեն երկու թեկնածուներ՝ Արցախի նախկին փոխվարչապետ Արայիկ Հարությունյանը եւ ԼՂՀ ԱԳ նախարար Մասիս Մայլիյանը: Արցախի մեր աղբյուրները փոխանցում են, որ երկու կողմն էլ հստակ գիտի, որ պետք է նախ ամեն ինչ անեն, որպեսզի կրկին ապահովեն ընտրողների մասնակցությունը, իսկ երկրորդն էլ՝ ամեն գնով հավաքնեն այն ձայները, որը թույլ կտա նախագահել Արցախը: Հիշեցնենք, որ Արայիկ Հարությունյանը ընտրությունների ժամանակ ստացել է 36,076 ձայն կամ 49,26 տոկոս, Մասիս Մայիլյանը` 19, 360 ձայն կամ 26,4 տոկոս։ Ակնհայտ է, որ Մայիլյանը բավականին հետ է իր ստացած ձայներով, եթե, իհարկե, համարենք, որ դրանք իրապես իր ձայներն են: Բանն այն է, որ, ըստ ամենատարբեր վերլուծությունների, դրանք Սամվել Բաբայանի ձայներն են, քանի որ Մայիլյանի գլխավորած դաշինքը անգամ խորհրդարան մտնելու համար անհրաժեշտ թվով ձայներ չհավաքեց:

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է «Ազատ հայրենիք» կուսակցության առաջնորդ Արայիկ Հարությունյանի հետ` պարզելու համար, թե, նախ, ինչ քարոզչություն է իրականացնելու այս ժամանակահատվածում ու արդյոք կարծում է, որ ապրիլին կայանալիք ընտրություններում ինքն արդեն հաղթողի կարգավիճակում է լինելու: Ավելի ուշ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց նաեւ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի հետ, որը Արցախի համապետական ընտրության օրը դիտորդական առաքելություն էր իրականացնում:

 

ԼՂՀ նախկին վարչապետ, «Ազատ հայրենիք» կուսակցության առաջնորդ ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

-Պարո՛ն Հարությունյան, Արցախի նախագահի ընտրությունների արդյունքներն արդեն պարզ են, պետք է կայանա ընտրությունների երկրորդ փուլ, որի ժամանակ էլ արդեն պարզ կլինի, թե ով է նախագահելու Արցախը: Մինչեւ ապրիլի 14-ը կայանալիք նախագահի ընտրությունները ի՞նչ քարոզչություն եք իրականացնելու, արդյոք կարիք կա՞ կրկին քարոզ անելու:

-Անկեղծ ասած, քարոզարշավ չենք իրականացնելու՝ պայմանավորված կորոնավիրուսի տարածման վտանգի հետ: Մենք որոշում ունենք, որ հանդիպումներ չենք անելու այս ժամանակահատվածում:

 -Այն արդյունքը, որն ունեցաք ընտրությունների օրը, Ձեզ համար սպասելի՞ էր, թե՞ այլ արդյունքի էիք սպասում:

-Ավելին էինք սպասում, բայց ոչինչ, այնպես չէ, որ սպասվածը պետք է միշտ լինի:

-Իսկ ի՞նչն էր պատճառը, գուցե բնակչության մասնակցության թիվն էր քիչ, պատճառը Ձեզ համար հայտնի է՞, թե ինչու սպասված արդյունքը չեղավ:

-Չէ, մասնակցությունը բարձր է եղել: Չեմ կարող ասել, որովհետեւ ընտրությունների ժամանակ միշտ էլ այդպես է լինում, միշտ ավելի շատ ենք սպասում, այլ բան է լինում: Բայց կարող եմ հստակ ասել, որ գոհ ենք, շատ գոհ ենք արդյունքներից:

-Ըստ Ձեզ՝ նախագահի ընտրությունների երկրորդ փուլը ավելի լարվա՞ծ է լինելու. տեղեկություններ կան, որ հուժկու պայքար է սպասվում:

-Չէ, չեմ կարծում, քարոզչություն չենք անելու, կրկնում եմ, կորոնավիրոսի հետ կապված: Մենք այս ընթացում կազմակերպչական հարցեր ենք իրականացնելու, շտաբներում ենք մեր անելիքներն իրականացնելու, այսինքն՝ գնալ քարոզչություն անել դա չենք անելու: Շատ հանդարտ, հանգիստ վիճակ, անհանգստանալու որեւէ բան չկա: Եղել են տարածքներ, որտեղ չեմ կարողացել քարոզչության ժամանակահատվածում լինել, բայց այս ընթացքում էլ չեմ կարողանա գնալ՝ կորոնավիրուսով պայմանավորված:

-Պարո՛ն Հարությունյան, կարո՞ղ ենք վստահ ասել, որ երկրորդ փուլում եւս Ձեր հաղթանակը ապահովված է, ու Դուք արդեն Արցախի նախագահն եք:

-Չեմ սիրում այդպիսի հայտարարություններ անել: Պետք է սպասենք ընտրությանը, ամեն ինչ կասի արցախցին՝ իր ընտրությունը կատարելով: Այս պահին այլ բան ասելը ուղղակի ավելորդություն է:

 

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր ԱՆԻ ՍԱՄՍՈՆՅԱՆ

-Տիկի՛ն Սամսոնյան, Դուք Արցախի համապետական ընտրություններում դիտորդական առաքելություն էիք իրականացնում: Ինչպե՞ս եք գնահատում ընտրությունների թափանցիկությունը, արդյոք խախտումներ գրանցե՞լ եք ընտրություններում:

-Ես Մարտակերտում եմ եղել ընտրությունների ժամանակ, որտեղ իրավիճակը խաղաղ է եղել, տեղամասերում են ընթացակարգային խախտումներ եղել՝ կարգավորման հետ կապված, վստահված անձերի բեյջերի կրման հետ կապված, հանձնաժողովների անդամների պարտականությունների հետ կապված: Հանձնաժողովի անդամները լավ չեն տիրապետում Ընտրական օրենսգրքին, ընթացակարգային իրավական նորմերին, եւ այստեղ ԿԸՀ-ն մեծ աշխատանք ունի կատարելու, ու կան բացեր, որոնք պետք է շտկվեն: Եղել են կուտակումներ, բայց դա որեւէ կապ չունի մարդկանց բերելու հետ: Որքան տեղյակ եմ, միայն Մուշ համայնքում է եղել միջադեպ, եւ լավ է, որ ոստիկանությունը օպերատիվ արձագանքել է: Բայց լավ էր, որ նման դեպքերը զանգվածային բնույթ չեն կրել, անցել են ընտրությունները իսկապես հանդարտ, խաղաղ, ու չի եղել մի բան, որը կազդեր ընտրությունների արդյունքի վրա:

-Ըստ տեղեկությունների՝ Արցախում այս օրերին ավելի լարված է լինելու՝ կապված նախագահի ընտրությունների երկրորդ փուլի հետ: Դուք ի՞նչ եք կարծում, արդյոք ԼՂՀ-ում շարունակվելո՞ւ է լարված մթնոլորտը մինչեւ նոր ընտրությունները:

-Բնականաբար, եթե մնում են երկու թեկնածուները, որոնք հավաքել եմ ամենաշատ ձայները, ասել, թե լարվածություն չի լինի՝ քաղաքական լարվածություն, սխալ կլինի: Այո, դա շատ բնական է ընտրական գործընթացների համար, այլ բան է, որ այդ լարվածությունը չվերածվի վիճաբանությունների: Կարծում եմ, որ Արցախի իշխանությունները կանեն ամեն ինչ, որ այլ միջադեպեր չլինեն: Փաստ է, որ արցախցիները կարեւորում են թե՛ նախագահի եւ թե՛ խորհրդարանական ընտրություննները, ինչը ապացուցվեց մասնակցության տոկոսով: Պետք է ամեն ինչ անել, որ լարվածություն, վիճաբանություն չլինի, պետք է իսկապես պատրաստվել լավ ընտրությունների:

 

 

 

 

 

ՍՊԱՍՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՆ, ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐՆ ՈՒՇԱՆՈՒՄ ԵՆ

Երեկ քառօրյա պատերազմի հերոսներին հարգանքի տուրք մատուցելու համար Եռաբլուր գնացին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, ԱԺ տարբեր խմբակցություններից պատգամավորներ: Եռաբլուր իր հարգանքի տուրքը մատուցելու գնաց նաեւ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը:

Հիշեցնենք, որ դեռեւս չորս տարի առաջ՝ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը, ադրբեջանական կողմը Արցախի Հանրապետության նկատմամբ սկսել էր լայնածավալ հարձակողական գործողություններ, կիրառել էր ռազմական տեխնիկայի գրեթե բոլոր տեսակները: 2016 ապրիլին օդանավում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ հայկական կողմը ապրիլյան մարտերի հետեւանքով կորցրել է 800 հա տարածք: Հայկական կողմից զոհվեց կամ սպանվեց շուրջ 100 զինծառայող: Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո խորհրդարանում ստեղծվեց 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողով, որը պետք է բացահայտի, թե իրականում ինչ է տեղի ունեցել այդ օրերին, ինչու հայկական կողմն այդքան տարածք կորցրեց, եւ, որ ամենացավալին է, ինչու այդքան զոհ ունեցանք: «Ժողովուրդ» օրաթերթը դեռեւս մարտի 27-ին գրել էր, որ հանձնաժողովը հրավիրել է նախկին ԶՈՒ շտաբի պետ Յուրի Խաչատուրովին, որպեսզի հենց իրենից ստանան այդ հարցերի պատասխանները, սակայն վերջինս հրաժարվել էր ներկայանալ: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց զրուցել հանձնաժողովի նախագահ, իմքայլական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի հետ՝ պարզելու համար, թե ինչ քայլեր են ձեռնարկում Խաչատուրովին հանձնաժողով «բերելու» համար: Վերջինս չցանկացավ ներկայացնել իրենց անելիքները՝ հայտարարելով, որ իրենք որոշել են իրենց հստակ անելիքները. «Մենք մեր անելիքներն անում ենք, բոլորն էլ սպասում են հանձնաժողովի աշխատանքներին: Պետք է հարցնել Խաչատուրովից՝ ինչու չի գալիս, ինչից է վախենում»: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է նաեւ քառօրյա պատերազմի ժամանակ զոհված Ադամ Սահակյանի մայրիկի՝ Գայանե Անտոնյանի հետ՝ պարզելու, թե իրենք ինչ սպասելիքներ ունեն հանձնաժողովի աշխատանքներից: «Դժվարանում եմ որեւէ բան ասել, քանի որ կարծում եմ, որ դա մեր մեկնաբանելու կարիքը չունի, որովհետեւ սա շատ լուրջ հարց է, ու մենք չէ, որ պետք է դրա մասին խոսենք: Մենք միշտ էլ սպասելիքներ ունենք»,- հայտարարեց հերոսի մայրը: Իսկ թե իրականում ինչ կհաջողի բացահայտել քննիչ հանձնաժողովին, դեռեւս մշուշոտ է:

Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 

 

 

 

ՕԵԿ-ԱԿԱՆ ԿՈՆՅԱԿՆԵՐԸ ՉԵՆ ԳՆՈՒՄ

ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանին պատկանող ընկերության՝ «Հայասի գրուպի» կոնյակները չեն վաճառվում։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ արդարադատության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը նախորդ տարվանից չի կարողանում վաճառել ՕԵԿ-ական առաջնորդի կոնյակները։ Անգամ կոնյակների գինն է մի քանի անգամ նվազել , դա էլ չի օգնում գնորդ գտնելու հարցում։ Այսպես, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ աճուրդի է հանվել «Հայասի գրուպի» «Hayasy 1830 Renaissance» 20 տարեկան 0.7 լ կոնյակը։ Դրանք ունեն 40 տոկոս թնդություն, դարչնագույն՝ ոսկեգույն երանգով են։ Ի դեպ, ըստ ԴԱՀԿ-ի՝ 20-ամյա կոնյակները դրոշմավորված չեն ակցիզային դրոշմանիշերով, իսկ հետեւի պիտակի վրա գրառումները կատարված են չինարեն: ԴԱՀԿ-ն մեկնարկային գին սահմանել է 72 մլն 411 հազար դրամ, մինչդեռ նախորդ տարվա հոկտեմբերին դրանց ընդհանուր գինը կազմել է 256 մլն 387 հազար դրամ, այսինքն՝ մեկ շիշը՝ 19 հազար 874 դրամ։ Այժմ կոնյակի մեկ շիշը ԴԱՀԿ-ն առաջարկում է 5600 դրամով։ Ավելին, ԴԱՀԿ-ն զգուշացնում է՝ հարկադիր էլեկտրոնային աճուրդից գնելուց հետո կոնյակները նշված տեսքով շուկայում իրացման ենթակա չեն:

 

ՃԻՇՏ ՉԵՆ ԱՍԵԼ

ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոյանը մարտի 31-ին իր ֆեյսբուքայան էջում տեղեկացրել էր. «Կորոնավիրուսով վարակված 30 պացիենտի բնակության վայրը պարզվում է, քանի որ վերջիններիս փաստացի եւ անձնագրում հաշվառված տվյալների մեջ կա անհամապատասխանություն»:  Սակայն, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, իրականում կան կորոնավիրուսի հաստատված դեպքեր, պացիենտները սխալ տեղեկություններ են տվել իրենց վերաբերյալ: Ըստ մեր տեղեկությունների՝ վերջիններս ո՛չ բնակության հասցեն են ճիշտ տվել, ո՛չ հեռախոսահամարը եւ ո՛չ էլ իրենց անուն-ազգանուները: Այսինքն՝ ոչ թե չեն կարողանում ճշտել, այլ իրենց են խաբել։ «Ժողովուրդ» օրաթերթը երեկ ԱՆ լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Լիլիթ Բաբախանյանից փորձեց պարզել, թե ինչ փուլում  իրենց ճշտումները. «Այդ 30 հոգին հաստատված, հիվանդանոցում պառկած, բուժում ստացող պացիենտներ են: Պարզապես քարտեզագրման համար իրենց տված անձնական տվյալները եւ անձնագրում նշված տվյալները` միայն բնակության մասով, չեն համապատասխանում: Այսինքն՝ խնդիրը միայն քարտեզագրման մեջ է, ոչ թե մարդուն կորցնելու»: Վերջինս նաեւ փոխանցեց, որ արդեն ճշտվել է ամեն ինչ, խնդիր չկա:

 

 

 




Լրահոս