ԱՂՄԿԱՀԱՐՈՒՅՑ ԳՈՐԾԵՐՆ ՈՒ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻ ՍԱՆԻԿՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը դեռեւս ամիսներ առաջ անդրադարձել էր խնամի-ծանոթ-բարեկամ պաշտոնավորներին: Նրանք ոչ միայն գործադիր-օրենսդիրում են հաստատվել, այլ պատասխանատու պաշտոններ են զբաղեցնում նաեւ իրավապահ համակարգում:

 

Վարչապետի խոսքերին հակառակ

Թեեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկ անգամ չէ, որ հայտարարել է. «Խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքով առաջնորդվելը պրոբլեմ է առաջացնում»: Ոչ միայն վարչապետը, այլ նաեւ իշխանության շատ այլ ներկայացուցիչներ էլ հայտարարել են, որ թավշյա հեղափոխությունից հետո իրենք ուշադրություն չեն դարձնում բարեկամական կապերին եւ հատկապես աշխատանքի հարցում երբեք չեն առաջնորդվում այդ կապերով:

Դեռ ամիսներ առաջ գրել էինք Գլխավոր դատախազության ծանոթբարեկամական կապերի մասին: Այստեղ տարածված բարեկամության տեսակը քավոր-սանիկությունն է, որի մասին այս տարվա մայիսի 10-ին հայտարարել էր ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը` ասելով, որ դատախազական համակարգում կան մարդիկ, որոնց հետ սանիկ-քավոր հարաբերություններ ունի։ Ու պարզվում է` դատախազը կարեւորագույն գործերով հույսը դնում է հենց իր սանիկների վրա: Ուսումնասիրելով ՀՀ-ում հանրային հնչեղություն ունեցող մի շարք քրեական գործերը՝ կարելի է արձանագրել, որ աղմկահարույց այդ գործերով մեղադրող դատախազները հիմնականում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի սանիկներն են կամ մտերիմները:

 

Խոսենք փաստերով

ՀՔԾ-ն ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին եւ նրա ընկեր գործարար Բարսեղ Բեգլարյանին՝ Ֆլեշի Բարսեղին, մեղադրում է պետական բյուջեից մոտ կես միլիարդ դրամի հափշտակությունը կազմակերպելու համար: Այս գործով դատախազը Արսեն Մարտիրոսյանն է, որը բավականին մտերիմ կամ, այսպես ասած, սուրբ հարաբերությունների մեջ է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ: Նա դատախազի սանիկն է:

Այս նույն դատախազը մեկ այլ աղմկահարույց գործով էլ է մեղադրող:

ՀՔԾ-ն արդեն դատարան է ուղարկել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի եւ նրա սանիկ Արդարադատության նախարարության  աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության նախկին պետ Նորայր Փանոսյանի մասով հարուցված քրեական գործը: Նրանք երկուսն էլ մեղադրվում են պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ: Այս գործով մեղադրողը դարձյալ դատախազ Արսեն Մարգարյանն է, որը ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի սանիկն է:

2019 թվականին սեպտեմբերի 25-ին «ՀՔԾ-ն «Մարտի 1»-ի գործով մեղադրանք առաջադրեց ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին` պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիքի եւ հանցագործությունը պարտակելու համար, ՀՀ գլխավոր նախկին դատախազ Գեւորգ Կոստանյանին, ինչպես նաեւ ոստիկանության այլ պաշտոնատար անձանց: Այս գործը հսկում է դատախազ Պետրոս Պետրոսյանը, որը նաեւ նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազին առընթեր ավագ դատախազ: Դատախազությունում տարածված լուրերի համաձայն՝ նա գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի սանիկն է:

Նույն Պետրոս Պետրոսյանը նաեւ ՀՀ երկրորդ նախագահ, «Մարտի 1»-ի գործով սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող Ռոբերտ Քոչարյանին Յուրի Խաչատուրովին, Արմեն Գեւորգյանին, Սեյրան Օհանյանին մեղադրող դատախազն է: Նրա հետ դատարանում մեղադրող դատախազներն են նաեւ Երեւան քաղաքի դատախազ Գեւորգ Բաղդասարյանը եւ արդարադատության առաջին դասի խորհրդական, ՀՀ գլխավոր դատախազության հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ Կարեն Բիշարյանը, որոնք եւս դատախազի սանիկներն են:

Ի՞նչ ունենք այսօր

Ստացվում է, որ աղմկահարույց քրեական գործերով մեղադրող դատախազները ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի սանիկներն են: Ու կարող է տրամաբանական հարց առաջանալ. ինչո՞ւ են այս գործերով մեղադրանքները դատարանում պաշտպանում հենց այս դատախազները: Չի բացառվում, որ այս գործերն առաջարկվել են այլ դատախազների, նրանք խնդիր են տեսել իրավական հիմնավորվածության ու ապացուցողական բազայի մեջ, դրա համար հրաժարվել են դրանք պաշտպանել դատարաններում:

Ու որպեսզի խոշոր ձկների գործերը չտապալվեն, երկրի թիվ մեկ դատախազի աթոռը չերերա, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն իր սանիկներին է կցե լ դրանց: Հասկանալի է, որ, հանուն սուրբ հարաբերությունների, սանիկները ամեն ինչ կանեն այդ ծանր բեռը պատվով կրելու համար: Ու, ընդհանրապես, տպավորություն է, որ ՀՀ գլխավոր դատախազը համակարգի բուգը իր ձեռքը պահելու համար ստեղծել է սանիկների բուրգ, որոնց վրա հենվելով՝ աշխատեցնում է դատախազությունը: Համակարգում շատ կարեւորագույն պաշտոնները զբաղեցնում են հենց Դավթյանի սանիկները, որոնք գլխավոր դատախազի նշանակվելուց հետո են քավոր դարձրել Դավթյանին:

«Ժողովուրդ» օրաթերթը ստեղծված իրավիճակի շուրջ մեկնաբանության համար դիմեց ՀՀ գլխավոր դատախազություն, որտեղից, ի պատասխան, հայտնեցին. «Արդեն զավեշտալի է բամբասանքը որպես փաստ եւ սենսացիա ներկայացնելու էժան հնարքներով գլխավոր դատախազի հասցեին հերյուրանքներ տարածելու, նրա անձը թիրախավորելու թերթի համառ ջանքերը:

Նշված դատախազներից ոչ ոք ՀՀ գլխավոր դատախազի հետ քավոր-սանիկական հարաբերությունների մեջ չէ: Դա պարզունակ եւ հերթապահ սուտն է: Իսկ, ընդհանրապես, հրապարակային դատաքննությունները մեր հանրությանն արդեն շատ վաղուց ի ցույց են դրել, որ հատկապես կարեւորագույն, հանրային մեծ հնչեղություն ունեցող գործերով նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության, մեղադրանքի պաշտպանության իրականացումը այս կամ այն դատախազին վերապահելու հիմքում դրվում են, նախ, գործին լիարժեքորեն տիրապետելու եւ երկրորդ՝ փորձառության եւ մասնագիտական բարձր որակներ ունենալու հանգամանքները»:

Շատ կուզենայինք հավատալ պաշտոնական պատասխանին, բայց շատ բաներ խանգարում են:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

 

 

4 ՀՈԳԻ՝ ՔԿՀ-ՈՒՄ

«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պահպանության բաժնի մի քանի աշխատակից COVID-19-ով է վարակվել։ Այս մասին հայտնել են Արդարադատության նախարարությունից։ Նրանք ՔԿՀ-ում պահվող անձանց հետ շփում չեն ունեցել։ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում կորոնավիրուսի թեստավորման համար նմուշառում է իրականացվել, ինչի արդյունքում պահպանության բաժնի աշխատակիցներից մեկի մոտ ախտորոշվել է COVID-19։ Այնուհետեւ, COVID-19 է հայտնաբերվել նաեւ վերոնշյալ բաժնի 4 աշխատողի մոտ։ Բոլոր 5 անձինք մեկուսացվել են բուժհաստատություններում։

 

 

ՉԻ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ

Դատախազությունը Վճռաբեկ բողոք չի ներկայացնի կաշառի գործով մեղադրյալ, Քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչության նախկին պետ Ջոն Ֆարխոյանի ազատ արձակման որոշման դեմ: Այս մասին հայտնել է ՀՀ գլխավոր դատախազությունը։ Հիշեցնենք, որ դատարանը բավարարել էր նրան կալանավորելու միջնորդությունը՝ միաժամանակ թույլատրելի համարելով գրավի կիրառումը: Դատարանի այդ որոշումը դատախազությունը բողոքարկել էր Վերաքննիչ դատարան, որն էլ օրերս մերժել է բողոքը: Ֆարխոյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ Քաղաքաշինության կոմիտեի արդեն նախկին նախագահ Վահագն Վերմիշյանին առանձնապես խոշոր չափի կաշառք տալու համար:

 

 

 

 

ՀԵՐԹԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՅԱՆ

ՀՀ գյուղատնտեսության նախարարության պաշտոնատար անձինք մեկը մյուսի հետեւից հայտնվում են մեղադրյալի աթոռին: Ինչպես հայտնի է, ՀՀ գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ-ի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացում կամ վատնում կատարելու համար): Մյուս 4 մեղադրյալները՝ Սերժ Սարգսյանը, Բարսեղ Բեգլարյանը, գյուղատնտեսության նախկին փոխնախարար Սամվել Գալստյանը եւ նույն նախարարության բուսաբուծության վարչության պետ Գեւորգ Հարությունյանը, մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացումը կամ վատնումը կազմակերպելու, դրդելու, օժանդակելու համար): Նախաքննության փուլում Սերգո Կարապետյանն առերեսվել էր ինչպես Սերժ Սարգսյանի, այնպես էլ Բարսեղ Բեգլարյանի հետ: ՀՀ գյուղատնտեսության նախարարը չի ընդունում մեղադրանքը: Եվ, ահա, մեզ հայտնի դարձավ, որ մեկ այլ քրեական գործով մեղադրյալի աթոռին է հայտվել ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վլադիմիր Մանուկյանը: Նախաքննական մարմինը վերջինիս մեղադրանք է առաջադրել այն բանի համար, որ նա, հանդիսանալով կազմակերպչական-տնօրինչական, վարչատնտեսական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի տնօրենը, ծառայության նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունք դրսեւորելով, իր պարտականությունները ոչ պատշաճ է կատարել, որն անզգուշությամբ ծանր վնաս է պատճառել պետության օրինական շահերին։

«Ժողովուրդ» օրաթերթը հարուցված քրեական գործի շրջանակներում զրուցեց ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Վլադիմիր Մանուկյանի հետ:

-Պարո՛ն Մանուկյան, նախաքննական մարմինը Ձեզ մեղադրանք է առաջադրել, որ Դուք, լինելով ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի տնօրենը, ծառայության նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունք դրսեւորելով, Ձեր պարտականությունները ոչ պատշաճ եք կատարել, որն անզգուշությամբ ծանր վնաս է պատճառել պետության օրինական շահերին։ Ընդունո՞ւմ եք Ձեզ առաջադրված մեղադրանքը

-Իհարկե չեմ ընդունում:

-Այդ դեպքում իրավապահնե՞րն են Ձեր «գլխին սարքում»:

-Ես բողոք եմ գրել ՀՀ գլխավոր դատախազություն եւ ներկայացրել եմ իմ հիմնավորումները ու անգամ ասել եմ, որ իմ հիմնավորումները չեն ընդունվում քննիչների կողմից, ու դեռ պատասխան դատախազությունը չի տվել, ոչ ոք, այս իրավիճակով պայմանավորված, չի աշխատում: Բայց, կներեք, պետք է դատախազությունը պատասխաներ, նոր գործը դատարան ուղարկեր, այդպես չէ՞:

-Փաստացի ստացվում է, որ Ձեզ գլխավոր դատախազությունը չի պատասխանել, ու գործն էլ դատարան են ուղարկել : Դուք չգիտեի՞ք, որ Ձեր նկատմամբ հարուցված քրեական գործը դատարան է գնացել:

– Չէ, չգիտեի, քննիչը ինձ ասաց, որ իմ իրավունքն է, կարող եմ բողոք ներկայացնել: Իմ մեղքով ոչինչ չի եղել, բնության մեղքով է եղել, ու ես փաստի առաջ եմ կանգնել, բայց մեղադրանքը չեմ ընդունում:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 




Լրահոս