Հայաստանում ցանքատարածությունները նվազել են: ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ դրանք 2019 թվականին, 2018-ի համեմատ, 14 հազար 185 հեկտարով պակասել են։ Օրինակ, եթե 2017 թվականին Հայաստանում ցանքատարածությունները կազմել են 294 հազար 500 հա, 2018-ին՝ 242 հազար 100 հա, ապա անցյալ տարի դրանք կազմել են 227 հազար 915 հա։
Բայց սրան զուգահեռ նկատենք, որ մեկ տարվա ընթացքում ավելացել է ցորենի բերքատվությունը 11 հազար 200 տոննայով: Այսինքն` 2017 թվականին հավաքվել է 176 հազար 400 տոննա ցորեն, 2018 թվականին` 187 հազար 500 տոննա, իսկ անցյալ տարի՝ 198 հազար 700 տոննա, եւ սա այն դեպքում, երբ ցորենի ցանքատարածությունները պակասել են 9021 հա-ով:
Այսպես, անցյալ տարի հացահատիկային եւ հատիկաընդեղենային մշակաբույսերի ցանքատարածությունները կազմել են 121 հազար 179 հա, որից ցորենի ցանքատարածությունները` 61 հազար 130 հա, մինչդեռ 2018-ին դրանք կազմել են 130 հազար 200 հա, այսինքն` 9021 հա-ով պակասել են: Իսկ, ահա, ցորենի ցանքատարածությունը մեկ տարվա ընթացքում պակասել է 5362 հա-ով: Ստացվում է, որ մոտ ավելի քան 5000 հա-ով ցորեն գյուղացին անցյալ տարի, 2018 թվականի համեմատ, քիչ է մշակել: Բայց նկատենք, որ Հայաստանը ցորեն հիմնականում ներկրում է Ռուսաստանի Դաշնությունից, հետեւաբար մեր կողմից սպառվող ցորենի պաշարների զգալի մասը ներկրվում է, ոչ թե արտադրվում:
Մինչդեռ ոլորտի մասնագետները համոզված են, որ Հայաստանը ցորենի հարցում կարող է ինքնաբավ երկիր դառնալ եւ պահանջարկը բավարարել ունեցած հողատարածքների հաշվին։ Ստացվում է, որ հողատարածքների խնդիր չունենք, գյուղացիները պատրաստ են մշակել, բայց պետական աջակցություն չկա։ Խոսքը դիզվառելիքի, պարարտանյութի, սերմացուի մասին է, որոնք գյուղացիներին տրամադրվում էին պետական աջակցության ծրագրերի միջոցով մատչելի գնով, սակայն այժմ կառավարությունը այդ աջակցությունը չի տրամադրում գյուղացիներին։ Փոխարենը՝ տարատեսակ ծրագրեր (ցածր տոկոսադրույքով վարկային միջոցներ) են մշակել եւ առաջարկում, սակայն դեռեւս հայտնի չէ, թե գյուղացիների քանի տոկոսին են հասանելի այդ ծրագրերը։
Բացի այս, գյուղացիների համար մեծ խոչընդոտ են ցորեն ներկրողները, որոնք այն դրսից ձեռք են բերում էժան գնով։
Նույն պատկերն է նաեւ կարտոֆիլի դեպքում։ Նշենք, որ անցյալ տարի, 2018-ի համեմատ, գյուղացին քիչ կարտոֆիլ է մշակել։ Օրինակ՝ նախորդ տարի հանրապետությունում կարտոֆիլի ցանքատարածությունը կազմել է 20 հազար 477 հա, մինչդեռ 2018-ին ունեցել ենք 22 հազար 100 հա կարտոֆիլի ցանքատարածություն, իսկ, ահա, 2017-ին այն կազմել է 25 հազար 300 հա։ Բայց պաշտոնական տվյալներից պարզ է դառնում, որ Հայաստանում մարդիկ սկսել են կարտոֆիլ քիչ մշակել 2014 թվականից: Ավելին` հենց այդ ժամանակահատվածից էլ սկսել են նվազել կարտոֆիլի ցանքատարածությունները, հետեւաբար եւ բերքատվության չափը:
Օրինակ` եթե 2018 թվականին մեր երկրում կարտոֆիլի բերքատվությունը կազմել է 415 հազար 100 տոննա, ապա անցյալ տարի հավաքվել է ընդամենը 404 հազար 100 տոննա, իսկ 2017-ին հավաքվել է 547 հազար 400 տոննա կարտոֆիլ, 2014թ-ին` 696 հազար 100 տոննա կարտոֆիլ: Իհարկե, այս թվերը մտահոգող են. այս տեմպերով շարունակելու դեպքում հաջորդ տարիներին գյուղացիները կսկսեն կարտոֆիլի մշակությամբ շատ քիչ զբաղվել:
Սրան զուգահեռ, ՀՀ վիճակագրական կոմիտեի՝ տնային տնտեսությունների կողմից գյուղատնտեսական արտադրանքի իրացման 2017-2018 թվականների ծավալների վերաբերյալ հրապարակումն ուսումնասիրելիս հետաքրքիր պատկերի ենք ականատես լինում: Այս փաստաթղթից պարզ է դառնում, թե 2017 եւ 2018 թվականներին (նախորդ տարվա տվյալները դեռ հրապարակված չեն) Հայաստանում որքան կարտոֆիլ, միս, կաթ, մեղր է իրացվել, եւ դրանց մնացորդը որքան է կազմում տնային տնտեսություններում: Պարզվում է` Գեղարքունիքի, Լոռու եւ Շիրակի մարզերի բնակիչները կարտոֆիլը հավաքում են, բայց մեծ մասը չկարողանալով իրացնել՝ պահեստավորում են: Այդ ժամանակահատվածում հիմնականում կարոտֆիլ քիչ են վաճառել Գեղարքունիքի, Արարատի, Վայոց ձորի, Արմավիրի մարզերի բնակիչները: Միայն կարտոֆիլի բերքի 32.7 տոկոսը կազմել է տնտեսությունում առկա մնացորդը: Ստացվում է, որ պահեստավորած կարտոֆիլով հարուստ մարզերն են Արագածոտնը, Լոռին, Գեղարքունիքը, Շիրակը, Կոտայքը, Տավուշը: Հայաստանում կարտոֆիլագործությամբ զբաղվող հիմնական շրջաններն են Գեղարքունիքը, Շիրակը եւ Սյունիքը: Բայց, մյուս կողմից, «Ժողովուրդ» օրաթերթի ձեռքի տակ են հայտնվել գյուղատնտեսական արտադրանք արտադրողների կողմից իրացված միջին գների՝ 2016-2020 թվականների հունվարի տվյալները։ Միայն կարտոֆիլի մեկ կիլոգրամը 2016-ին վաճառվել է 121 դրամով, իսկ 2020-ին՝ 134 դրամով։ Իսկ, ահա, մեկ կիլոգրամ ցորենը 2016-ին վաճառվել է 162 դրամով, 2019-ին՝ 129, 2020-ին՝ 135 դրամով։
Ինչպես ցորենի, այնպես էլ կարտոֆիլի դեպքում ներքին շուկան հագեցվում է ներկրվածով, իսկ տեղական կարտոֆիլն էլ չի իրացվում. վարկերի տակ կքած գյուղացիները վնասներ են կրում եւ տարեցտարի հրաժարվում են կարտոֆիլ մշակելու մտքից:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ԱՆՎՃԱՐ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ՏԵՂԵՐԸ ԿԱՎԵԼԱՆԱՆ
Յուրաքանչյուր ուսումնական տարի ՀՀ կառավարության կողմից հաստատվում է տվյալ ուսումնական տարվա համար անվճար ուսուցման ընդունելության տեղեր։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ անվճար ուսուցմամբ ընդունելության տեղերն արհեստագործական մասնագիտական կրթական ծրագրով ավելացել են 600-ով, իսկ միջին մասնագիտական կրթական ծրագրով` 1439-ով: Մեզ հայտնի դարձավ, որ սա պայմանավորված է ՀՀ պետական բյուջեից կրթության ոլորտի ֆինանսավորման ավելացմամբ։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 2019-2020 ուսումնական տարում, 2018-2019-ի համեմատ, նախնական մասնագիտական կրթական ծրագրով անվճար ուսուցմամբ ընդունելության տեղերը նվազել էին 377-ով, իսկ միջին մասնագիտական կրթական ծրագրով` 1413-ով: Պարզվում է՝ տեղերն ավելացվել են հիմնականում Հայաստանի տնտեսության գերակա ոլորտներ հանդիսացող եւ աշխատաշուկայում պահանջարկ ունեցող մասնագիտությունների գծով, մասնավորապես, մեղվաբուծության հետ կապված ավելացել է 10-ով՝ 30 տեղը դարձել է 40, իսկ անասնաբուժությունը՝ 113-ից 154։ Ջերմային տնտեսության գծով 44 տեղը դարձել է 55։
ՄԵՔԵՆԱ Է ՆՎԻՐԵԼ
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Կարկոմավտո» ընկերությունը ՀՀ կառավարությանը նվիրել է իրեն սեփականության իրավունքով պատկանող եւ 2019 թվականի արտադրության NISSAN X-TRAIL SV մակնիշի 13.7 մլն դրամ արժեքով ավտոմեքենա։ Մեզ հայտնի դարձավ, որ այն գործադիրը ամրակցել է Պաշտպանության նախարարությանը։ Տեղեկացանք նաեւ, որ ՀՀ պաշտպանության նախարարին է դիմել «Կարկոմավտո» ընկերության գլխավոր տնօրենը Բանակի կազմավորման 28-րդ տարեդարձի կապակցությամբ ՀՀ պաշտպանության նախարարությանը NISSAN XTRIL մակնիշի ավտոմեքենա նվիրելու ցանկությամբ: Ըստ կառավարության՝ նվիրվող գույքը հարկային պարտավորություններ չունի: Հիշեցնենք, որ «Կարկոմավտո» ընկերության սեփականատերը նախկին պատգամավոր Կարեն Շախմուրադյանն է, որը «Դաշնակցություն» խմբակցության անդամ էր, նախկին ՀՀԿ-ական իշխանությունների սիրելին ու հովանավորյալը: Ու հետաքրքիր է` ինչու է որոշել մեքենա նվիրել:
ՀԱՅՀՈՅԱՆՔ Է ՏՎԵԼ ՄԱՅՈՐԻՆ
Գյումրի քաղաքի բնակիչ, 1988 թվականի ծնված Էդուարդ Բաբլումովին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2019թ. դեկտեմբերի 23-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, մարտական հերթապահություն մեկնելու նպատակով ներկայացել է իրենց զորամասի հրաձգային գումարտակի հսկիչ-անցագրային կետ, որտեղ վիճաբանել է իր նկատմամբ պետ հանդիսացող մայոր Հովհանհես Գրիգորյանի հետ, որի ընթացքում սեռական բնույթի հայհոյանքներ է հասցրել Հ. Գրիգորյանի հասցեին։
Որոշ ժամանակ անց Է. Բաբլումովը մարտական հենակետ բարձրանալու հարցի շուրջ վիճաբանել է Հ. Գրիգորյանի հետ, որի ընթացքում ծեծի է ենթարկել իր նկատմամբ պետ հանդիսացող Հ. Գրիգորյանին՝ աջ բռունցքով երկու անգամ հարվածել վերջինիս դեմքին՝ պատճառելով առողջության թեթեւ վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք։ Նախկինում չդատված Էդուարդ Բաբլումովին մեղադրանք է առաջադրվել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 358 հոդվածի 2-րդ մասով, 360 հոդվածի 2-րդ մասով, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ
ՔՐԳՈՐԾԵՐՆ ԱՎԵԼԱՑԵԼ ԵՆ
Գլխավոր դատախազությունը հրապարակել է 2019թ. կոռուպցիոն հանցագործությունների դեմ քրեաիրավական պայքարի ընդհանրական արդյունքները՝ 2018թ. հետ համեմատությամբ: Ըստ այդմ՝ 2019թ. ընթացքում նախաքննական մարմինների վարույթում քննվել է ընդհանուր 2625 քրգործ, որից ավարտվել է 1006 գործի վարույթ։ Այսինքն` 26,6 տոկոսով ավելացել է քննվող քրգործերի քանակը, 34,3 տոկոսով՝ գործի վարույթն ավարտված գործերի քանակը: Պաշտոնեական դիրքի օգտագործմամբ խարդախություն հատկանիշով հարուցվել է 115 քրգործ, որը 2018թ. համեմատ՝ պակաս է 20,6 տոկոսով: Պաշտոնեական դիրքի օգտագործմամբ յուրացում կամ վատնում հատկանիշով հարուցվել է 377 քրգործ կամ, 2018թ. համեմատ, 1,5 տոկոսով պակաս: Պաշտոնեական լիազորությունների չարաշահում հատկանիշով հարուցվել է 284 քրգործ կամ 2018թ. արձանագրված ցուցանիշից 32,7 տոկոսով ավելի: Պաշտոնեական լիազորություններն անցնելը հատկանիշով հարուցվել է 97 քրգործ կամ, 2018թ. համեմատ, 15,6 տոկոսով պակաս: Կաշառք ստանալը, տալը եւ կաշառքի միջնորդությունը հանցատեսակներով հարուցվել է ընդհանուր 148 քրգործ, որը 2018թ. արձանագրված ցուցանիշից պակաս է 6-ով: Պաշտոնեական կեղծիքը հատկանիշով հարուցվել է 114 քրգործ կամ 14 տոկոսով ավելի 2018թ. համեմատ: