«ՎԵՐՋԵՐՍ ԱՆԸՆԴՀԱՏ ՀԱՐՑՆՈՒՄ ԵՆ՝ ԵՐԲ ԵՍ ԱՄՈՒՍՆԱՆԱԼՈՒ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը DJ Սերժոն է: Նա խոսել է մասնագիտական նրբությունների, Հայաստանում դիջեյության վերաբերյալ ձեւավորված կարծրատիպերի, անձնական կյանքի, կին-տղամարդ հարաբերությունների եւ այլ թեմաների շուրջ: Սերժոն տեսակետ է հայտնել, որ կնոջ գլխավոր հատկությունը համարում է հասունությունը, իսկ հարաբերությունների հաջող կառուցման գրավականը՝  սերը, փոխըմբռնումն ու հարգանքը: Դիջեյը խոստովանել է, որ վերջերս իրեն ամենահաճախ տրվող հարցը ամուսնության թեմայով է: Նա նշել է, թե որն է «սեր» բառի հոմանիշը:

 

-Սերժո՛, Ձեր կարիերայի բեկումնային պահը ո՞րն եք համարում, մի պիկ, որից հետո սկսվեց Ձեր աստղային ժամը:

-Իմ առաջին ալբոմը թողարկելուց հետո: Չէի պատկերացնում, որ նման հաջողություն կունենամ: Դրանից հետո պարտավորված զգացի, որ թողարկեմ երկրորդ, երրորդ, չորրորդ ալբոմները… Այդպես շարունակում եմ թողարկել մինչեւ այսօր:

-Դերասանությունը Ձեզ համար մասնագիտությո՞ւն է, թե՞ հոբբի: 

-Ոչ, դա մասնագիտություն չէ, պարզապես միշտ ցանկացել եմ փորձել ինքս ինձ այդ ամպլուայի մեջ: Սիթքոմում նկարահանվելու առաջարկ ստացա, սիրով ընդունեցի: Ինձ համար չափազանց հաճելի էր լավ  մասնագետների հետ հանդես գալը: Եթե կրկին ինձ համապատասխան դերով  ներկայանալու առաջարկ ստանամ, կընդունեմ:

-Ձեզ կարող է ուրախացնել անգամ…

-Շատ մռայլ եղանակը:

-Բեմ դուրս գալիս  դիջեյը պետք է…

-Ինձ համար դիջեյը արտիստ է, նա պետք է համապատասխանեցնի  իր  եւ ներկաների էներգետիկան ու տրամադրությունը: Միայն այդ դեպքում հնարավոր կլինի ապահովել ջերմ մթնոլորտ:

-Ո՞րն է Ձեր սիրելի արձանը Երեւանում:

-Առհասարակ, մայրաքաղաքում ինձ շատ հոգեհարազատ է Կասկադը, որտեղ հաճախ եմ լինում,  այդ հատվածում ինձ համար առավել սիրելի է Ալեքսանդր Թամանյանի արձանը, որը Երեւանի սիմվոլներից է:

-Ըստ Ձեզ՝ ո՞րն է կնոջ գլխավոր հատկությունը:

-Խելացի եւ հասուն լինելը: Այդ միքսը շփման մեջ կարող է ներդաշնակության բերել:

-Կա՞ դիջեյների մասին մի կարծրատիպ, որը Ձեզ նյարդայնացնում է: Մեր հասարակությունը ճի՞շտ է ընկալում դիջեյի ֆունկցիաները:

-Ինձ նյարդայնացնում է այն հանգամանքը, որ շատերը չեն հասկացել՝ դիջեյը երգչի պես արտիստ է, նա այն մարդը չէ, որը գալիս է ինչ-որ  բան նվագելու, որին կարող են օրակարգ թելադրել: Նա գալիս է իր  հստակ ծրագրով: Մեր հասարակությունում  դեռ չեն ընկալում այդ մասնագիտության բնույթը:

-Նշեք մի հարց, որ վերջերս հաճախ են տալիս Ձեզ:

-«Ե՞րբ ես ամուսնանալու»: Ես պատասխանում եմ՝ վաղը:

-«Սիրել» բառի հոմանիշը ո՞րն է:

-Եթե խոսքը կին-տղամարդ հարաբերությունների մասին է, երեւի հոմանիշը փոխըմբռնումն է:

-Ո՞վ է բոլոր ժամանակների Ձեր հերոսը:

-Ծնողներս:

-Ինչի՞ց կամ ումի՞ց կարող եք անվերջ ոգեշնչվել:

-Կյանքի տարբեր փուլերում տարբեր մարդիկ են ոգեշնչել ինձ: Առհասարակ, ամեն բան կարող է ոգեշնչման աղբյուր դառնալ ինձ համար:

-Ձեր բնավորության մի գիծ, որից սովորաբար դժգոհում են մտերիմները:

-Երեւի անհամբեր եւ նյարդային լինելու միքսը:

-Եթե փախուստ, ապա ո՞ւր:

-Այնտեղ, ուր լուռ է, հանգիստ, ուր կարելի է հավաքել մտքերն ու վերադառնալ դրական էներգիայով լիցքավորված:

-Ձեր ամենահայտնի մականունը:

-Չունեմ եւ չեմ ունեցել:

-Քաղաքականությամբ հետաքրքրվու՞մ եք:

-Այնքան, որքան ամեն մի քաղաքացի: Անհանգստանում եմ երկրիս համար, ինչպես բոլորը:

-Շարունակե՛ք միտքը. «Կյանքը պայքար է, բայց պետք չէ մոռանալ…»

-Որ պայքարի հետ մեկտեղ պետք է ապրել կյանքը, փորձել դրական լիցքեր ընդունել եւ հաղորդել, որպեսզի հաջորդ պայքարի համար ուժ ունենանք:

Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

 

 

 

 

 

«ՄՏԱԾՈՒՄ ԵՆՔ՝ ՄԵԶ ՈՉԻՆՉ ՉԻ ՊԱՏԱՀԻ, ԼԻՆԻ ԷԼ՝ ՋՀԱՆԴԱՄ ԼԻՆԻ»

«Այս օրերին գործող իրավական կարգավորումներն իսկապես մեծապես նպատում են, որպեսզի քաղաքացիները տանը մնան, այլապես հայերս մի այսպիսի բնավորություն ունենք՝ մտածում ենք, որ մեզ ոչինչ չի պատահի, լինի էլ՝ ջհանդամ լինի»,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց հումորիստ, դերասան Վաչե Թովմասյանը:

Նա նկատեց, որ կորոնավիրուսի ի հայտ գալուց հետո մարդիկ կարծես  ավելի շատ ունեն իրար  կարիքը. «Միանշանակ, կորոնավիրուսից հետո աշխարհն այլեւս նույնը չի լինելու ո՛չ տնտեսական, ո՛չ մշակութային, ո՛չ էլ մարդկային հարաբերությունների առումով: Եթե տարեսկզբին  նախորդ տարին ամփոփելիս մտածում էի, որ ինչ-որ բաներ թերի եմ արել, հիմա, հետադարձ հայացք նետելով 2019-ին, երանի եմ տալիս շատ բաների»,-ասաց հումորիստը: Այս շրջանում Վաչեն ստեղծագործական կյանքով չի ապրում, սակայն լիցքավորվում է, պաշար է հավաքում ապագա սթենդ-ափերի համար, նաեւ հասցնում է հանգստանալ, շփվել ընտանիքի անդամների հետ եւ զբաղվել իր սիրելի գործերով, այդ թվում՝ ընթերցանությամբ եւ կինոդիտմամբ:

Նա առանձնացրեց երեք սերիալ եւ երեք գիրք, որոնց հասցրել է ծանոթանալ  այս օրերին: Վաչեն երկրպագուներին խորհուրդ է տալիս դիտել «ԿջՈՐՍ», «ՁՖՎՈ», «հՈՎօռ չՐՏՎՍՌռ չՏսՏր» սերիալները: Իսկ գրքերից առաջարկում է ընթերցել Ուիլյամ Գոլդինգի «Ճանճերի տերը», Գաբրիել Գարսիա Մարկեսի «100 տարվա մենությունը» եւ Օսկար Ուայլդի «Դորիան Գրեյի դիմանկարը»:

Հիշեցնենք, որ կառավարության  որոշմամբ՝ մարտի 16-ից  մինչեւ ապրիլի 14-ը, այսինքն՝ մեկ ամիս ժամկետով Հայաստանում հայտարարվել է  արտակարգ դրություն՝ նպատակ ունենալով հանրապետությունում խոչընդոտել նոր կորոնավիրուսայինհիվանդության (COVID-19) տարածումը։ Ըստ որոշման, արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովող ուժերի եւ միջոցների միասնական ղեկավարումն իրականացնելու նպատակով ստեղծվել է պարետատուն, որի ղեկավարման համար պարետ է նշանակվել փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, եւ Ավինյանի գրասենյակն էլ ապահովելու է պարետատան աշխատանքների սպասարկումը։

Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

 

 

 

 

ՉԵՂԱՐԿՎԵՑ

UFC-249-ի շրջանակներում ապրիլի 18-ին նշանակված Խաբիբ Նուրմագոմեդով-Տոնի Ֆերգյուսոն մենամարտը հետաձգվել է կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: Այս մասին իր պաշտոնական էջում հայտնել է Խաբիբը. «Ես նստած եմ տանը կարանտինի մեջ եւ հետեւում եմ մարդկանց արձագանքներին՝ կապված ստեղծված իրավիճակի հետ:

Ստացվում է, որ ամբողջ աշխարհը պետք է մեկուսանա, բոլոր երկների կառավարությունները, աշխարհի հայտնի մարդիկ հորդորում են մնալ տանը վարակի տարածումը կանխելու նպատակներով, իսկ Խաբիբը պետք է մարզվի, իսկ հետո թռչի ողջ աշխարհով` վտանգելով իր կյանքը հանուն մենամարտի՞: Ես ամեն ինչ լավ հասկանում եմ եւ ձեզանից քիչ չեմ վշտացած մենամարտի չեղարկման պատճառով: Ես էլ շատ պլաններ ունեի մենամարտից հետո, բայց այս իրավիճակը կառավարել չեմ կարող: Գերտերություններն ու խոշորագույն կազմակերպությունները շոկի մեջ են աշխարհում կատարվող իրադարձություններից, ամեն ինչ անկանխատեսելի է. իրավիճակը փոխվում է ամեն օր, սակայն Խաբիբը պետք է կռվի՞, այդպե՞ս է ստացվում:

Պահպանե՛ք ձեզ եւ պատկերացրե՛ք ձեզ իմ փոխարեն»,- գրել է Խաբիբ Նուրմագոմեդովը:

Հիշեցնենք, որ այս մենամարտը հետաձգվում է արդեն 5-րդ անգամ:

 

 

ՏՐԱՆՍՖԵՐԱՅԻՆ ՓՈԽԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ

Առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում անգլիական «Մանչեստեր Յունայթեդն» ու Թուրինի «Յուվենտուսը» պատրաստվում են աղմկահարույց փոխանակման: Ինչպես տեղեկացնում է Express-ը, անգլիական գրանդը ցանկանում է իր կազմում տեսնել «Ծեր սինյորայի» երիտասարդ պաշտպան Մատիաս դե Լիգտին եւ նրա դիմաց պատրաստ է թուրինցիներին առաջարկել Պոլ Պոգբային:

Հավականան տրանսֆերի մասին այլ տեղեկություններ չկան: Հիշեցնենք, որ Պոլ Պոգբան մեծ ցանկություն ունի մանչեստերյան թիմի ճամբարը լքելու, իսկ դե Լիգտը դեռեւս չի արդարացնում թուրինյան ակումբի ղեկավարության սպասելիքները:

ԷԴՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

 




Լրահոս