Լուսանկարը՝ պաշտոնական լրահոսից
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցները այցելել են Գյումրի քաղաքում գտնվող «Արջուկ» խանութ եւ հայտնաբերել, որ վաճառվում են ժամկետանց կոնֆետներ: Պարզվել է, որ, այսպես կոչված, «ակցիայով» վաճառվում են ռուսական «շՐՏ» ապրանքանիշի 23.09.2018թ. արտադրության շոկոլադապատ վաֆլիներ, որոնց ժամկետը լրացել է 23.07.2019թ.: Շոկոլադապատ վաֆլիի ողջ խմբաքանակը՝ 20կգ, հանվել է իրացումից եւ տեղում ոչնչացվել:
ՄԱՔՍԱՅԻՆ
ՀԱՐՑ. Ո՞ր դեպքում մաքսային մարմինները իրավունք ունեն մաքսային ձեւակերպում չանցած ապրանքները վերցնելու:
Իրինա Պողոսյան (38 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ի. Պողոսյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 212 հոդվածի համաձայն` մաքսային կանոնների խախտման անմիջական օբյեկտ համարվող ապրանքները ենթակա են վերցման:
Մաքսային մարմինը վարչական իրավախախտումների կամ հանցագործությունների առարկա չհանդիսացող ապրանքները եւ դրանց վերաբերյալ փաստաթղթերը վերցնում է Միության մաքսային օրենսգրքի 145-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերով։
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Սահմանված ժամկետում մաքսային մարմիններին ապրանքների եւ տրանսպորտային միջոցների վերաբերյալ մաքսային հայտարարագիր չներկայացնելը, անկախ գրավոր հայտարարագիր ներկայացնելուց, առաջացնում է տուգանքի նշանակում` 50,000 դրամի չափով:
ՎԱՐԿԵՐ
ՀԱՐՑ. Վարկային պայմանագրի շրջանակներում հանդիսանում եմ երաշխավոր: Վարկառուն (վարկ վերցրած անձը) վճարումները չի կատարում ժամանակին։ Հիմա ես չեմ ցանկանում լինել երաշխավոր, ի՞նչ կարող եմ անել։
Տատյանա Հարությունյան (37 տարեկան, մանկավարժ)
ՊԱՏԱՍԽԱՆ. (Սկզիբը՝ նախորդ համարում) ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 382-րդ հոդվածի համաձայն` երաշխավորությունը դադարում է`
1) դրանով ապահովված պարտավորությունը դադարելու, ինչպես նաեւ առանց երաշխավորի համաձայնության պարտավորությունը փոփոխելու դեպքում, որը հանգեցրել է նրա պատասխանատվության մեծացմանը կամ նրա համար այլ անբարենպաստ հետեւանքների,
2) երաշխավորությամբ ապահովված պարտավորությամբ պարտքն այլ անձի փոխանցելով, եթե երաշխավորը պարտատիրոջը համաձայնություն չի տվել պատասխանատվություն կրել նոր պարտապանի համար,
3) եթե պարտատերը հրաժարվել է ընդունել պարտապանի կամ երաշխավորի առաջարկած պատշաճ կատարումը,
4) երաշխավորության պայմանագրում նշված ժամկետի ավարտով, որով այն տրվել է: Նման ժամկետի բացակայության դեպքում երաշխավորությունը դադարում է, եթե պարտատերը երաշխավորությամբ ապահովված պարտավորության կատարման ժամկետը լրանալուց հետո` մեկ տարվա ընթացքում, երաշխավորի դեմ հայց չի հարուցել: Այն դեպքերում, երբ հիմնական պարտավորության կատարման ժամկետը նշված չէ եւ չի կարող որոշվել կամ որոշվել է պահանջի պահով, երաշխավորությունը դադարում է, եթե պարտատերը երաշխավորության պայմանագիր կնքելու օրվանից երկու տարվա ընթացքում երաշխավորի դեմ հայց չի հարուցել:
Վերոնշյալ հիմքերի բացակայության դեպքում երաշխավորությունը կարող է դադարել երաշխավորության պայմանագրի կողմերի համաձայնությամբ, օրինակ` Վարկառուն կարող է դիմել ֆինանսական կազմակերպությանը եւ առաջարկել նոր երաշխավոր կամ պարտավորությունների կատարումն ապահովվող այլ միջոց, իսկ ֆինանսական կազմակերպությունն իր հերթին իրավունք ունի ընդունելու առաջարկը կամ հրաժարվելու դրանից:
Ֆինանսական համակարգի հաշտարար
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Երաշխավորն իրավունք ունի նաեւ պարտապանից պահանջել հատուցելու պարտատիրոջը վճարած գումարի տոկոսներն ու, պարտապանի փոխարեն պատասխանատվությունը կրելու կապակցությամբ, իր կրած այլ վնասները: Այսինքն` պարտատիրոջ պահանջները կատարած երաշխավորը հետադարձ պահանջի իրավունք է ձեռք բերում պարտապանի նկատմամբ իր կատարածի չափով: