ԷՐԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԳԱՂՏՆԱԳՈՂԻ ՔԱՅԼԵՐԸ
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ պատրաստվում են դիմում ներկայացնել Ազգային ժողով` դժգոհելով ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի գործողություններից: Բանն այն է, որ Էրիկ Գրիգորյանը արտակարգ իրավիճակի այս օրերին գաղտնագողի նախագծեր է հաստատել տալիս կառավարության նիստում` սահմանափակելով տեղեկություն ստանալու ՀՀ քաղաքացու, ՀԿ սեկտորի եւ լրագրողների իրավունքները:
Խոսքը «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին է վերաբերում, համաձայն որի՝ «Շրջակա միջավայրի վերաբերյալ տեղեկության տրամադրումը կարող է մերժվել, եթե այն կարող է բացասաբար անդրադառնալ շրջակա միջավայրի, այդ թվում՝ հազվագյուտ տեսակների բազմացման վայրերի վրա»։ Ստացվում է, որ, օրինակ, լրագրողները կամ նույն ՀԿ-ները շրջակա միջավայրին առնչվող ցանկացած տեղեկություն ստանալու հարցում, որն այս գերատեսչությունը կհամարի բացասական ազդեցություն ունեցող, կարող է մերժվել։ Ընդ որում, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նախագիծը մշակվել է առանց ոլորտում գործող քաղաքացիական հասարակության եւ լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ քննարկումների։ Ըստ էության, սա հարված է թիկունքից եւ լրատվամիջոցների աշխատանքը խոչընդոտելու հերթական փորձն է։ Այսպիսի նախագիծ նույնիսկ ՀՀ ամենաքննադատված, այսօր հետախուզման մեջ գտնվող նախկին նախարարը` Արամ Հարությունյանը չէր հանդգնի կյանքի կոչել, բայց Էրիկ Գրիգորյանը դա անում է: Հուսանք` Աժ-ն, «Իմ քայլը» խմբակցությունը կմերժեն նախարարի քմահաճույքները բավարարող այս նախագիծը, որը բնորոշ է հետամնաց երկրներին:
Արցախի նախագահական ու խորհրդարանական ընտրություններից միայն հինգ օր անց պարզ դարձավ, որ երկրորդ փուլ անցած Մասիս Մայիլյանը որոշել է դուրս գալ պայքարից։ Սակայն հետաքրքիր է, որ նա իր հայտարարությունից մեկ օր առաջ եղել է Երեւանում. թե ում հետ է հանդիպել նախագահի թեկնածուն, պարզ չէ, բայց ակնհայտ է, որ ինչ-ինչ ճշտումներ կատարելուց հետո նոր դիրքորոշում հայտնեց: Դա, սակայն, արեց ուշացումով, եւ հիմա քվեաթերթիկում, միեւնույնն է, երկու անուն է լինելու՝ Մասիս Մայիլյան, Արայիկ Հարությունյան։ Բանն այն է, որ, Արցախի ընտրական օրենսգրքի համաձայն, ԿԸՀ-ը ուժը կորցրած է ճանաչում թեկնածուի գրանցումը, եթե նա քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 10 օր առաջ` մինչեւ ժամը 18:00-ն, դիմում է ներկայացրել իր թեկնածությունը հանելու վերաբերյալ: «Ժողովուրդ» օրաթերթը Արցախի ԿԸՀ-ից տեղեկացավ, որ նրա կողմից որեւէ դիմում ներկայացված չէ։ Ստացվում է՝ նա, լինելով նախագահի թեկնածու, փաստորեն տեղյակ չի եղել ու բաց է թողել թեկնածություն հանելու ժամկետը: Ու հիմա տպավորություն է, որ իր դեմքով իրականում ընդամենը 3505 ձայն ստացած նախագահի թեկնածուն մինչեւ հիմա չի կողմնորոշվում՝ ինչ անել: Մի կողմից՝ նա ասում է, որ ընտրությունները նոր Արցախին համապատասխան չէին, եւ մի քանի կողմնակիցների «գործուղում է» բողոքի ակցիաների, մյուս կողմից էլ՝ նրա գլխավորած ԱԳՆ-ն ընտրությունները ողջունեց հենց հաջորդ օրը։ Այսքանից հետո մեզ մնում է սպասել մինչեւ ապրիլի 14-ը, որից հետո նոր կերեւա՝ Մայիլյանը կգնա գործարքի՝ ինչ-որ պաշտոն վերցնելով Արայիկ Հարությունյանից եւ հնազանդվելով, թե արցախցու թասիբը ի հայտ կգա, ու նա արտախորհրդարանական ընդդիմադիրի կարգավիճակում կմնա, ինչպես հիմա է։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ապրիլի 3-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից Արմեն Հայկյանցին ԲԴԽ անդամի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու մասին որոշումը խորը պատմություն ունի։ Բանն այն է, որ ՀՀ նախագահի համար ԲԴԽ անդամի ԺՊ նշանակելը բավականին բարդ է եղել, անգամ բանը հասել է այնտեղ, որ Սահմանադրական դատարանը նախագահին բավականին կոպիտ պատասխան է տվել: Ինչպես հայտնի է, դեռեւս 2019 թվականից ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածուի փնտրտուքի մեջ է, եւ բանը հասավ այնտեղ, որ 2019 թվականի նոյեմբերին 4-ին «Իմ քայլը» խմբակցությունը գրություն ուղարկեց նախագահական` խնդրելով ԲԴԽ անդամի ժամականավոր պաշտոնակատար նշանակել որեւէ մեկին: Եվ, ահա, այստեղ էլ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հայտնվել է բարդ իրավիճակում: Բանն այն է, որ ԲԴԽ անդամի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու հարցով «Դատական օրենսգրքում» բաց կա, եւ չկան չափորոշիչներ, թե ինչքան ժամանակով կարող է թեկնածուն ժամանակավոր անդամի դեր կատարել, եւ, ամենակարեւորը, ով կարող է լինել ԲԴԽ անդամ. արդյոք, օրինակ, ՀՀ նախագահի վարորդն է՞լ կարող էր նշանակվել ԲԴԽ ԺԱ: Ահա այս բացերը հաշվի առնելով՝ Արմեն Սարգսյանը դիմել Է ՍԴ։ Սակայն երկրի թիվ մեկ դատարանը նախագահին բավականին կոշտ եզրահանգումներ է հղել` հորդորելով գնալ եւ կատարել նախագահի պարտականությունները: Եւ, ահա, Արմեն Սարգսյանն էլ, այլ ելք չունենալով, որոշում է կայացրել եւ Արմեն Հայկյանցին նշանակել է ԲԴԽ ժամանակավոր անդամ:
Կորոնավիրուսը ստիպել է ՀՀ կառավարությանը ապագայի համար որոշ փոփոխություններ անել կառավարման ձեւի մեջ: ՀՀ արդարադատության նախարարությունն առաջարկում է մի փոփոխություն կատարել, որը հնարավորություն կտա կառավարության եւ նախարարական կոմիտեների նիստերն անցկացնել հեռավար՝ առցանց հարթակի միջոցով։ Նկատենք, որ սա առաջին նմանատիպ նախագիծը չէ. օրինակ՝ Փաստաբանների պալատում, բանկային համակարգում նման հնարավորության ներդրման մասին նախագծեր էին ներկայացրել նաեւ պատգամավորները։ Այժմ «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» ՀՀ օրենքին եւ կառավարության աշխատակարգին համապատասխան՝ ներկայումս կառավարության նիստերը, կոմիտեների նիստերը եւ նախանիստը իրականացվում են կառավարության վարչական շենքում: Այս նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ այս նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է, համաճարակի հետեւանքով առաջացած արտակարգ դրությամբ պայմանավորված, անձանց ազատ տեղաշարժման եւ շփումների հնարավորությունը կրճատելու հանգամանքով՝ միեւնույն ժամանակ հնարավորինս ապահովելով աշխատանքի բնականոն ընթացքը էլեկտրոնային հաղորդակցության միջոցներով: Սակայն նաեւ ընդգծում են, որ բացի ներկայիս իրավիճակից, իրատեսական պետք է համարել նաեւ այն հանգամանքը, որ այլ դեպքեր նույնպես կարող են լինել, երբ վերը թվարկված նիստերը առցանց անցկացնելը անհրաժեշտություն կդառնա: