ՎՏԱՆԳԱՎՈՐ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ՝ ԱՐՑԱԽՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի նախագահական ու խորհրդարանական ընտրություններից հինգ օր անց պարզ դարձավ, որ նախագահական ընտրությունների երկրորդ փուլին «Ազատ Հայրենիք»-ՔՄԴ դաշինքի նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը կմնա միայնակ։ Ուշագրավ է, որ միայն հինգ օր անց երկրորդ փուլ անցած թեկնածու Մայիլյանը գնահատական հնչեցրեց, որն ուշագրավ շեշտադրումներ ունի։

«Մարտի 31-ին կայացած համապետական ընտրությունները շատ հեռու էին նոր պայմաններում արցախյան հանրության ակնկալած ընտրական զարգացումներից։ Պարզապես ի գիտություն եմ ընդունում քվեարկությունից հետո ԱՀ ԿԸՀ-ի հրապարակած տեղեկատվությունը եւ հայաստանյան դիտորդական առաքելության գնահատականները։ Մեր քաղաքացիներին կոչ եմ անում նոր կորոնավիրուսի համավարակի գնալով ահագնացող վտանգի պայմաններում չմասնակցել երկրորդ փուլի քվեարկությանը», – հայտարարել է Մայիլյանը։ Ստացվում է, որ Մայիլյանն, ըստ էության, չի ճանաչում ընտրությունների առաջին փուլի արդյունքները եւ իր հիասթափությունն է հայտնում, որ ընտրությունները «նոր Արցախին» չէին սազում։  Նկատենք, որ Մայիլյանի հայտարարությունը հակասում է Արցախի ԱԳՆ հայտարարությանը։

Այս գերատեսչությունը հենց ընտրությունների հաջորդ օրը ժողովրդավարության հաղթանակ բնորոշեց Արցախում կայացած ընտրությունների արդյունքները։ Եվ այս հայտարարությունների ֆոնին ուշագրավ էին նաեւ Արցախում տեղի ունեցած բողոքի ակցիաները եւ դրանց Մայիլյանի աջակիցների, «Նոր Արցախ» դաշինքի ցուցակի տարբեր համարների ներկայությունը։ Ստացվում է, որ Արցախի արտգործնախարարն անձամբ չի ընդունում ընտրությունների արդյունքները, իր մի քանի կողմնակիցների ուղարկում է բողոքի գործողություններ անելու, բայց արտգործնախարարությունը ողջունում է ընտրությունների արդյունքները:

Մայիլյանի հայտարարությունը ուշագրավ է նաեւ մեկ այլ տեսանկյունից: Բանն այն է, որ նրա ստացած 19360 ձայները իրականում  մեծապես իր ձայները չէին, այլ «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանինն էին, քանի որ Մայիլյանի գլխավորած «Նոր Արցախ» դաշինքը չմտավ խորհրդարան, իսկ Բաբայանի գլխավորած ուժը  երկրորդ տեղում է ԱԺ-ում։ Իսկ հիմա արդեն Բաբայանը կարիք չունի Մայիլյանի կողքին լինելու, քանի որ արդեն ապահովել է իր ուժի ներկայությունը խորհրդարանում, իսկ միայնակ էլ անիմաստ է պայքար տանել 49 տոկոսից ավել ձայն ստացած թեկնածուի` Արայիկ Հարությունյանի հետ։ Մեր տեղեկություններով՝ Սամվել Բաբայանը չի էլ աջակցելու Արայիկ Հարությունյանին, եւ նա ու երրորդ տեղը զբաղեցրած Վիտալի Բալասանյանի «Արդարություն» կուսակցությունը կլինեն խորհրդարանի ընդդիմադիր ուժերը։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ շաբաթ օրը Մայիլյանը Երեւանում է եղել եւ միայն դրանից հետո՝ հաջորդ օրն է նա նման հայտարարություն արել։ Իսկ ի՞նչ է սպասվում երկրորդ փուլում՝ զուտ իրավական տեսանկյունից։ Արցախի ընտրական օրենսգրքի համաձայն՝ ԿԸՀ-ը ուժը կորցրած է ճանաչում թեկնածուի գրանցումը, եթե նա քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 10 օր առաջ` մինչեւ ժամը 18:00-ն, դիմում է ներկայացրել իր թեկնածությունը հանելու վերաբերյալ: Մասիս Մայիլյանը, սակայն, միայն հայտարարել է իր բոյկոտի մասին, եւ «Ժողովուրդ» օրաթերթը ԿԸՀ-ից տեղեկացավ, որ նրա կողմից որեւէ դիմում ներկայացված չէ։ Սա նշանակում է, որ, չնայած կոչերին, նրա անունն այնուամենայնիվ կլինի քվեաթերթիկում:

Ըստ Արցախի Սահմանադրության՝ երկրորդ փուլում Արցախի Հանրապետության նախագահ է ընտրվում այն  թեկնածուն, որին կողմ են քվեարկել առավել թվով ընտրողներ:

Այսպիսով, ապրիլի 14-ին քվեաթերթիկում կլինեն երկու անուններ՝ Արայիկ Հարությունյան, Մասիս Մայիլյան, եւ ընտրված կհամարվի թեկուզ մեկ ձայն ավել ստացած թեկնածուն: Եվ ուշագրավ է, որ իր անունով 3305 ձայն հավաքած Մասիս Մայիլյանը ընտրությունները բոյկոտելու մասին խոսում է ընտրությունների երկրորդ փուլում եւ, որպես պատճառաբանություն, ներկայացնում կորոնավիրուսի համաճարակը, այնինչ առաջին փուլում միայն կոչ էր արել հետաձգել ընտրությունները։ Այսինքն՝ Մայիլյանը հետ կանգնեց պայքարից միայն ընտրությունների արդյունքները տեսնելուց հետո եւ անիմաստ համարելով պայքարն ու կրկին պարտությունը։ Եվ հիմա նրա միակ փրկությունը բոյկոտով սեփական պարտությունը քողարկելն է:

Հավելենք, որ Արայիկ Հարությունյանը երկրորդ փուլ է գնում միայնակ՝ իր դաշինքով, առանց որեւէ այլ ուժի հետ համագործակցության եւ առանց քարոզարշավի:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ  

 

 

 

ՈՒԹ ՕՐԸ ՄԵԿ

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը կրկնապատկվում է արդեն ութ օրը մեկ. հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նրա խոսքով՝ նրանց մեծ մասը նույնիսկ ջերմություն չունի, 146 հոգի ունի թոքաբորբ, երեկվա դրությամբ մոտ 35 հոգի ծանր վիճակում են գտնվում, եւ ծայրահեղ ծանր՝ 8-ը: «Կոչ եմ անում նորից տեղավորվել արտակարգ դրության եւ պարետի ցուցումների շրջանակներում, տնից անհարկի դուրս չգալ»,-նշել է նախարարը։ Ըստ նրա՝  օրական տոկոսային աճով նայելու դեպքում վերջին երեք օրերին պատկերը հետեւյալն է՝ 4,6 տոկոս, 6,8 տոկոս եւ վերջին օրը 1,3 տոկոս: «Մենք արդեն ունենք ութ օրը մեկ կրկնապատկման տեմպ: Մեր խնդիրն է այդ տեմպը գցենք, ինչքան հնարավոր է», – ընդգծել է նա:

 

ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳՎԵԼ Է

Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանի կալանավորման ժամկետը դատարանի որոշմամբ երկարաձգվել է։ Վ. Վերմիշյանի պաշտպան Մուշեղ Առաքելյանի փոխանցմամբ՝ դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել։ Նշենք, որ Վերմիշյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու համար: Վ. Վերմիշյանին առաջադրված՝ կաշառք ստանալու վերաբերյալ քրգործով մեղադրանք է առաջադրվել եւս 6 անձի։ Դատարանի որոշման հիման վրա՝ նրանցից երեքի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Նույն քրգործով անցնում է նաեւ Երեւանի քննչական վարչության նախկին պետ Ջոն Ֆարխոյանը, որի նկատմամբ դատարանը կիրառել էր այլընտրանքային խափանման միջոց գրավը:

 

 

ԶԻՆՎՈՐ Է ՎԻՐԱՎՈՐՎԵԼ

Ապրիլի 5-ին՝ ժամը 17:30-ի սահմանում, ՊԲ արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի արձակած կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Ա. Շ.-ն: Ըստ Արցախի ՊՆ-ի՝ վիրավորում ստացած զինծառայողն անմիջապես տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, նրա վիճակը գնահատվում է բավարար: Նշենք, որ վիրավոր զինվորին երեկ  առավոտյան տեղափոխել են Երեւանի «Մուրացան» հոսպիտալ։ Նրա  վիճակը միջին ծանրության է, վիրավորումը ստացել է կրծքավանդակի շրջանում, կյանքին վտանգ չի սպառնում։ Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: ԱՀ պաշտպանության նախարարությունը կոչ է անում հակառակորդ կողմին ձեռնպահ մնալ սադրիչ գործողություններից եւ հայտարարում, որ իրադրության հետագա լարման դեպքում հետեւանքների ողջ պատասխանատվությունն ընկնելու է ադրբեջանական կողմի վրա:

 

 

ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Նրանք քննարկել են Հայաստանին բնական գազի մատակարարման հետ կապված հարցեր: Տեղեկատվություն են փոխանակել Covid-19 համաճարակի դեմ պայքարի ուղղությամբ տարվող քայլերի մասին: Կողմերը պաշտպանել են տեսակոնֆերանսի միջոցով Եվրասիական բարձրագույն խորհրդի արտահերթ նիստ հրավիրելու գաղափարը:

 

 

 

ՆԱԵՎ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏՈՒՄ

Ազգային Ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանի նախագիծն այս շաբաթ կքննարկվի Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում։ Նա այդ նախագծով նպատակ ունի խորհրդարանում կազմակերպել Սահմանադրական դատարանի  անդամի ընտրություն նաեւ արտահերթ նիստում, ոչ թե միայն հերթական։ Պատգամավորն առաջարկում է փոփոխություն կատարել «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում, որով Սահմանադրական դատարանի դատավորի հրաժարականի դեպքում նոր ընտրությունը պետք է տեղի ունենա հերթական նիստերի ժամանակ։ Եվ պատգամավորը նկատում է, որ եթե դա տեղի ունենա գարնանային նստաշրջանի վերջում, օրինակ՝ մայիսին, Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու առաջադրող, Սահմանադրությամբ նախատեսված մարմինն էլ կատարի իր պարտավորությունը, միեւնույնն է, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի առկա կարգավորման պատճառով Սահմանադրական դատարանի դատավորի տեղը թափուր կմնա ավելի քան չորս ամիս: Եվ այս փոփոխության նպատակն է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով խորհրդարանին հնարավորություն տալ, որպեսզի անհրաժեշտության դեպքում Սահմանադրական դատարանի դատավորի ընտրությունները կազմակերպվեն նաեւ արտահերթ նիստում: Այս փոփոխությունը ուշագրավ է նաեւ այս փուլում, քանի որ ապրիլի 5-ին նախատեսված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն այդպես էլ տեղի չունեցավ եւ հաշվարկների դեպքում կարող է տեղի ունենալ ամռանը, եւ այս փոփոխությունը հնարավորություն կտա անգամ մինչեւ սեպտեմբեր ամիսը կազմակերպել Սահմանադրական դատարանի դատավորների քվեարկությունը։

 

ՉՀՐԱԺԱՐՎԵՑԻՆ

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արտակ Մանուկյանն ու Վարազդատ Կարապետյանը, ըստ էության,  հետ չեն կանգնել իրենց  մտքից, եւ ապրիլի 7-ին Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվելու է նրանց ներկայացրած «Սպառողական կրեդիտավորման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին պատգամավորների նախագիծը։ Ըստ այդ նախագծի՝ արգելվում է սպառողական կրեդիտի տրամադրման ցանկացած տեսակի գովազդը, այդ թվում՝ ռադիոյով, հեռուստատեսությամբ, բջջային կապի միջոցով կամ համացանցով՝ բացառությամբ իր պաշտոնական կայքի (սոցիալական էջի) եւ բջջային հավելվածի կամ կրեդիտավորողի գրանցման/գործունեության հասցեի կամ սրահների ներսում: Բացի այդ, առեւտրի օբյեկտներում, այդ թվում խանութներում եւ կրպակներում եւս արգելվելու է գովազդը։

 




Լրահոս