Ապրիլի 3-ին հայտնի դարձավ, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Արմեն Հայկյանցը նշանակվել է ԲԴԽ անդամի ժամանակավոր պաշտոնակատար: Եւ պարզվում է` ԲԴԽ անդամի ժամանակավոր պաշտոնակատարի նշանակումը բավականին խորը պատմություն ունի:
Ասել է թե՝ այն, ինչ մեկ տարի շարունակ չկարողացավ անել Ազգային Ժողովը, ի վերջո որոշեց անել ՀՀ նախագահը: Սակայն, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, ՀՀ նախագահի համար ԲԴԽ անդամի ԺՊ նշանակելը բավականին բարդ ճանապարհ է եղել, անգամ բանը հասել է այնտեղ, որ ՍԴ-ն նախագահին բավականին կոպիտ պատասխան է տվել:
Մեկ տարվ փնտրտուքը
Դեռեւս 2019 թվականից ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածուի փնտրտուքի մեջ է, սակայն այն թեկնածուները, ում ցանկանում էին առաջարկել իմքայլականները, հրաժարվում էին ԲԴԽ անդամ դառնալ: Ըստ մեր տեղեկությունների` պատճառը եղել էր նաեւ այն, որ իշխանության կողմից առաջարկված նախկին թեկնածու Աննա Մարգարյանի ընտրությունը իշխանական խմբակցությունը խայտառակ ձեւով տապալեց: Եվ, ահա, բանը հասավ այնտեղ, որ այդպես էլ հայրենի ազգընտիրները չկարողացան ԲԴԽ թեկնածու ընտրել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ 2019 թվականի նոյեմբերին 4-ին ԱԺ-ից գրություն են ուղարկում նախագահական՝ հայտնելով ԲԴԽ անդամի թափուր տեղի մասին: Ասել է թե՝ նախագահին են դիմում, որ նա ԲԴԽ անդամի ժամականավոր պաշտոնակատար նշանակի: Եվ, ահա, այստեղ էլ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն է հայտնվում բարդ իրավիճակում: Մասնավորապես, նախագահականում քննարկում են, որ նախագահը կարող է ԲԴԽ անդամի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել, բայց Դատական օրենսգրքում բաց կա, չկա ընթացակարգը, թե նա ինչպես պետք է դա անի: Ավելին, օրենսգրքում բաց կա, թե նախագահի կողմից առաջադրվող ԲԴԽ անդամի ժամանակավոր պաշտոնակատարը ինչ չափանիշների պետք է համապատասխանի, որ կարողանա դառնալ ԲԴԽ անդամ, կամ ինչքան ժամանակ կարող է ընտրված թեկնածուն ժամանակավոր անդամի դեր կատարել: Ուստի ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, այլ ելք չունենալով, դիմել Է ՀՀ Սահմանադրական դատարան` հայտնելով, որ օրենքում բաց կա, չկան ընթացակարգ եւ այլ բազմաթիվ իրավակարգավորումներ, որպեսզի ինքը ԲԴԽ անդամի ժամանակավոր պաշոտանակատար նշանակի, եւ այդ բացերը հակասում են Սահմանադրությանը:
ՍԴ-ի կոպիտ պատասխանը ՀՀ նախագահին
Այսպիսով, ՍԴ-ն ընդունել է նախագահի դիմումը եւ բավականին կոշտ եզրահանգումներ արել` ըստ էության, հորդորելով կատարել պարտականությունները: Մասնավորապես, ՍԴ գրության մեջ ասված է. «Հանրապետության նախագահը՝ որպես պետության գլուխ, Սահմանադրության 123-րդ հոդվածի առաջին մասով, հանրությանը եւ պետությանը ինտեգրող, ազգային միասնությունը խորհրդանշող սահմանդրական մարմին է: Ըստ էության, զերծ լինելով պետության ներքին եւ արտաքին քաղաքականության մշակմանը, ինչպես նաեւ կառավարմանը բովանդակային առումով մասնակցելու գործառույթից եւ չկրելով դրանց պատասխանատվությունը՝ հանրապետության նախագահին սահմանադրորեն պատվիրակվել է լինել անաչառ եւ առաջնորդվել բացառապես համապետական եւ համազգային շահերով: Ըստ այդմ՝ հանրապետության նախագահին սահմանադրորեն վերապահվել է վերկուսակցական արբիտրի դեր, որն իր լիազորությունների իրականացման ընթացքում չի կարող լինել որեւէ կուսակցության անդամ: Միեւնույն ժամանակ վերկուսակցական արբիտրի դերը, որը հիմնված է հանրապետության նախագահի՝ որպես պետության գլխի ինտեգրող գործառույթի, թե նրա անաչառության վրա, ենթադրում է Սահմանադրության պահպանմանը հետեւելու գործառույթի իրականացում, ինչը եւս ուղղակիորեն ամրագրված է Սահմանադրությամբ: Բացի դրանից, Սահմանադրության պահպանմանը հետեւելու գործառույթը իր հերթին ենթադրում է, որ հանրապետության նախագահը պետք է ունենա զսպումների, հակակշիռների միջոցով այդ գործառույթն արդյունավետորեն իրականացնելու հնարավորություն, ուստի նա պետք է ոչ միայն կարողանա կատարված փաստերից հետո գնահատել ենթադրյալ հակասահմանադրական գործողությունները կամ որոշումները, այլեւ պետք է կարողանա նախեւառաջ կանխել դրա ի հայտ գալը՝ օժտված լինելով կանխարգելիչ սահմանադրական վերահսկողության որոշակի լիազորություններով»: Ավելին, ՍԴ-ն բազմաթիվ այլ հիմնավորումներով նշում է. «Ո՛չ հանրապետության նախագահը, ո՛չ գործադիր իշխանության որեւէ այլ մարմին իրավասու չեն, ձեռնպահ մնալով իրենց պարտադիր լիազորությունների իրականացումից, գնահատել օրենսդրական հիմքերի սահմանադրականությունը, եւ դրանց՝ Սահմանադրությանը հակասելու մասին սեփական ենթադրությունների հիման վրա, չկատարել Սահմանադրությամբ կամ օրենքով սահմանված իրենց պարտականությունները»: Ասել է թե՝ ՍԴ-ն նախագահին սովորեցնում է իր պարտականությունների մասին, զսպումների մասին եւ բարոյախրատական այլ քարոզներ կարդում: Արմեն Սարգսյանն էլ, այլ ելք չունենալով, որոշում է կայացրել եւ Արմեն Հայկյանցին նշանակել է ԲԴԽ անդամի ժամանակավոր պաշտոնակատար:
Դատական համակարգը ապշած է
Այս որոշումից հետո դատական համակարգում եւս քննարկում է լինում, որ նախագահը իրավաբանորեն ճիշտ քայլ է արել` ներկայացնելով ՍԴ-ին, որ օրենքի բաց կա, սակայն ՍԴ-ն նախագահին այդպիսի պատասխանով, ըստ էության, ապտակել է: Բայց հիմա, ինչքան էլ որ Հայկյանցի նշանակումը ողջունելի լինի, այնուամենայնիվ, հարց է` ինչքան պետք է նա մնա ժամանակավոր պաշտոնում, չկա ոչ մի ժամկետ: Ավելին, քանի որ օրենքի բաց կա, անհասկանալի է, թե ինչ չափանիշների պետք է համապատասխանի ԲԴԽ ժամանակավոր անդամի թեկնածուն, եւ արդյոք նախագահը կարող էր ԲԴԽ անդամ նշանակել, օրինակ, իր վարորդին…
Հերթը հասավ դատավորներին
Ինչպես հայտնի է, Բարձրագույն դատական խորհուրդը պետք է կազմված լինի տասն անդամից` հինգը գիտնական–իրավաբաններ, հինգը՝ դատավորներ։ Եվ, ահա, 5 գիտնական- իրավաբանների տեղը համալրվեց, մնաց ԲԴԽ դատավորների հարցը: Բանն այն է, որ ԲԴԽ-ում ներկայումս կա 4 դատավոր անդամ: Իսկ ի՞նչ է մտածում դատական համակարգը: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ դատական համակարգում սրտնեղել են, որ հազիվ 9 ամիս անց՝ մարտի 13-ին, դատավորների ընդհանուր ժողովը պետք է ԲԴԽ դատավոր անդամ ընտրեր, այն էլ կորոնովիրուսի պատճառով նիստը հետաձգվեց: Ինչեւէ, դատական համակարգում սպասում են՝ երբ իրավիճակը կկայունանա, նիստ հրավիրեն եւ ԲԴԽ դատավոր անդամին ընտրեն: Սակայն դատական համակարգից մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ դատավորները սրտնեղել են, թե ոնց պետք է կարողանան ընտրությունը կազմակերպել: Իսկ ի՞նչն է պատճառը: Բանն այն է, որ ԲԴԽ անդամ թեկնածուներից մեկը՝ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի դատավոր Ստեփան Միքայելյանը, գնացել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ եւ հայտարարված արտակարգ իրավիճակի պատճառով չի կարողանում վերադառնալ Հայաստան: Ուստի պետք է սպասեն, մինչեւ գա դատավոր Միքայելյանը, որ ընտրությունը իրականացնեն, իսկ թե դա երբ կլինի, միայն Աստծուն է հայտնի:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՈՒՂԱՐԿՎԵԼ Է ՀՔԾ
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ՀՀ բնապահպանության նախարարությունում թույլ տրված առերեւույթ չարաշահումների դեպքերի առթիվ քննվող քրգործով իրականացված գործողությունների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել՝ հիշյալ նախարարության համապատասխան պաշտոնատար անձանց կողմից պետության օրինական շահերին էական վնաս պատճառելու վերաբերյալ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ:
Պարզվել է, որ ՀՀ բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի կողմից առերեւույթ պաշտոնեական դիրքի չարաշահմամբ, համապատասխան իրավական ակտերի պահանջների խախտմամբ ջրօգտագործման թույլտվություն է տրամադրվել Հայաստանում գործող ՀԷԿ-երից մեկին: Քրեական գործից հիշյալ պաշտոնատար անձի վերաբերյալ մասն անջատվել եւ ուղարկվել Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայություն:
ՔՐԵԱԿԱՆ ԵՆԹԱՄՇԱԿՈՒՅԹՆ ՈՒ ԲԱՆՏԱՊԵՏԵՐԸ
Հայաստանի հանրապետության իշխանությունների կողմից շարունակվում է տարբեր քրեակատարողական հիմնարկներում պայքարը քրեական ենթամշակույթի դեմ: Սակայն ուսումնասիրելով իրավապահների բացահատումները՝ արձանագրում ենք, որ քրեական ենթամշակույթ կրող անձանց արտոնություն տալիս են բանտերի պաշտոնատար անձինք: Ասել է թե՝ ձուկը գլխից է հոտած:
Իսկ հիմա խոսենք փաստերով: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ 2020 թվականի ապրիլի 3-ին իրավապահները բացահայտում են իրականացրել «Վանաձոր» ՔԿՀ-ում տիրող իրավիճակի մասով: Մասնավորապես, մեր բացառիկ տեղեկությունների համաձայն՝ սպանության փորձի եւ ապօրինի զենք պահելու համար 9 տարվա ազտազրկման դատապարտված «Վանաձոր» քկհ դատապարտյալ Դավիթ Հակոբյանը, խուլիգանության համար կալանավորված Զորայր Շահվերդյանը, ավազակության համար մեղադրվող Մարտուն Ալեւորյանը եւ սպանության փորձի եւ ապօրինի զենք պահելու մեջ մաղադրվող «Վանաձոր» քկհ դատապարտյալ Սամվել Դավթյանը բանտում ստեղծել են քրեական ենթամշակույթ կրող խմբավորում: Եվ, ահա, ստացվում է, որ նրանց արտոնյալ գործողություններին աջակից են եղել բանտի պաշտոնատար անձինք: Ի՞նչ է եղել ապրիլի 3-ին: Հայաստանի հանրապետության ԱՆ «Վանաձոր» ՔԿՀ հերթապահ խմբի պատասխանատու հերթապահ, արդարադատության կապիտան Գառնիկ Թաթոյանը, որը համակարգում է 2005 թվականից, չարաշահելով իր պաշտոնեական դիրքը, ապրիլի 2-ին՝ ժամը 22.00-ի սահմաններում, կարգադրել է «Վանաձոր» ՔԿՀ անվտանգության ապահովման բաժնի երկրորդ կարգի մասնագետ Հովսեփ Դեմիրճյանին բացել բանտի թիվ 23 խցի դուռը եւ կալանավորված անձ Զորայր Շահվերդյանին ուղեկցել թիվ 21 խուց, որտեղ գտնվել է դատապարտյալ Դավիթ Հակոբյանը: Այնուհետեւ բանտի պաշտոնատար անձ Գառնիկ Թաթոյանի կարգադրությամբ՝ «Վանաձոր» ՔԿՀ անվտանգության ապահովման բաժնի երրորդ կարգի մասնագետ՝ Վարդան Հովսեփյանը բացել է բուժմասի թիվ 2 խցի դուռը եւ կալանավորված անձ Մարտուն Ալեւորյանին եւս ուղարկել է թիվ 21 խուց, որտեղ էլ դատապարտյալ Դավիթ Հակոբյանի, Զորայր Շահվերդյանի, Մատուն Ալեւորյանի եւ թիվ 21 խցում տեղաբաշխված դատապարտյալ Սամվել Դավթյանի միջեւ տեղի է ունեցել վիճաբանություն, որի ընթացքում վերջիններս տվել են անհասցե հայհոյանքներ ու բղավել են միմյանց վրա: Ստացվում է, որ քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձինք ստեղծել են պայմաններ, որ «Վանաձոր» ՔԿՀ արտոնյալ կալանավորները հանդիպեն եւ միմյանց հետ հաշիվներ մաքրեն: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ ՔԿՀ պաշտոնատար անձանց կողմից պաշտոնական լիազորությունները անցնելու մասով հարուցվել է քրեական գործ:
Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ