ՏՈՆԻ ՖԵՐԳՅՈՒՍՈՆԸ ՆՈՐ ՀԱԿԱՌԱԿՈՐԴ Է ՓՆՏՐՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 18-ին սպասվելիք Խաբիբ Նուրմագոմեդով-Տոնի Ֆերգյուսոն տարվա մենամարտը չեղարկվեց կորոնավիրուսի տարածման պատճառով։ Այս մասին իր պաշտոնական էջի միջոցով հայտնել էր ռուս մարզիկը: «Ես նստած եմ տանը կարանտինի մեջ եւ հետեւում եմ մարդկանց արձագանքներին՝ կապված ստեղծված իրավիճակի հետ: Ստացվում է, որ ամբողջ աշխարհը պետք է մեկուսանա, բոլոր երկրների կառավարությունները, աշխարհի հայտնի մարդիկ հորդորում են մնալ տանը վարակի տարածումը կանխելու նպատակներով, իսկ Խաբիբը պետք է մարզվի, իսկ հետո թռչի ողջ աշխարհով` վտանգելով իր կյանքը հանուն մենամարտի՞: Ես ամեն ինչ լավ հասկանում եմ եւ ձեզանից քիչ չեմ վշտացած մենամարտի չեղարկման պատճառով: Ես էլ շատ պլաններ ունեի մենամարտից հետո, բայց այս իրավիճակը կառավարել չեմ կարող: Գերտերություններն ու խոշորագույն կազմակերպությունները շոկի մեջ են աշխարհում կատարվող իրադարձություններից, ամեն ինչ անկանխատեսելի է. իրավիճակը փոխվում է ամեն օր, սակայն Խաբիբը պետք է կռվի՞, այդպե՞ս է ստացվում: Պահպանեք ձեզ եւ պատկերացրեք ձեզ իմ փոխարեն»,- գրել էր Խաբիբ Նուրմագոմեդովը:

Չնայած կորոնավիրուսի վտանգին՝ Տոնի Ֆերգյուսոնը շատ կոպիտ է արտահայտվել Խաբիբի   հասցեին եւ նշել, որ վերջինս ընդամենը վախենում է իր հետ մենամարտելուց, եւ դա է պատճառը, որ հրաժարվել է մենամարտից՝ պատճառաբանելով COVID-19-ի վտանգը. «Տղան չի ցանկանում մենամարտել։ Նա վախեցել է եւ փախչում է, այդ պատճառով նրան պետք է զրկել չեմպիոնական գոտուց։ Մենք նրան վախեցրել ենք։ Նա ուներ հնարավորություն Աբու Դաբիից ԱՄն վերադառնալու համար։ Նա ունի ամեն ինչ, որ նստի ինքնաթիռ  եւ վերադառնա։ Ես վարձու մարդասպան եմ, իսկ Խաբիբն ու Քոնորը փախչում են, ինչպես սատանի շներ։ Նրանք փիսիկներ են։ Խաբիբը հասարակ անբարոյական է։ Ես ասել եմ  նրան, որ պատրաստ եմ իր գլխարկով հատակը սրբել»։ Ահա այսպես արտահայտեց իր բարկությունը Տոնի Ֆերգյուսոնը, ով ատամները սրած սպասում էր Խաբիբի հետ մենամարտին։ Սպորտային ամենասպասված իրադարձություններից մեկը պետք է կայանար ապրիլի 18-ին UFC249-ի շրջանակներում։ Շոուի մենամարտերից  դեռեւս չեղարկվել է միայն գլխավորը։ Այս մենամարտի չեղարկումը լուրջ ֆինանսական խնդիրների առջեւ կարող է կանգնեցնել UFC-ին, եւ այդ պատճառով  կառույցի ղեկավարները փորձում են գտնել լավագույն տարբերակը իրավիճակից դուրս գալու համար։

Մամուլում շատ են խոսակցություններն այն մասին, որ Տոնի Ֆերգյուսոնի հետ Խաբիբի փոխարեն կարող  է մենամարտել իռլանդացի Քոնոր Մաքգրեգորը։ Այս մասին արդեն հասցրել է արտահայտվել իռլանդացու մարզիչը՝ Ջոն Կավանան, ով հայտարարել է, որ բացառվում է նման բան, քանի որ Քոնորը խիստ կարանտինի մեջ է գտնվում։ Ամեն դեպքում, անգամ այս հայտարարությունը հստակություն չի մտցնում։  Իրավիճակը իր թարմացմամբ ավելի է թեժացրել FOX հեռուստաընկերությունը, որը իր պաշտոնական կայքում Տոնի Ֆերգյուսոնի մրցակցի դերում  նշել է Քոնոր Մաքգրեգորին։ Իռլանդացին ավելի վաղ հայտարարել էր, որ պատրաստ է մենամարտել Խաբիբի փոխարեն, սակայն վերջինիս մարզիչը  նշել էր, որ Քոնորը կատակել է։ Մաքգրեգորը նաեւ լուրջ քննադատության է ենթարկել Նումագոմեդովին: «Խաբիբը վախեցավ ու փախավ տուն, շնորհավորում եմ Տոնի»,- ասել էր թեթեւքաշային նախկին չեմպիոնը։ Ռուս մարզիկի պատասխանը շատ ուշացնել չտվեց. Խաբիբը ոչինչ անվանեց Քոնորին եւ ասաց, որ իռլանացին միշտ կմնա երկրորդ. «Նա ճուտիկի նման հանձնվեց իմ դեմ մենամարտում։ Նա միշտ կմնա երկրորդը»։ Այսպիսով, կորոնավիրուսի տարածման պատառով սպորտային աշխարհը զրկվեց եւս մեկ գերիրադարձությունից։ Մարտիկները, փաստորեն, օկտագոնը տեղափոխեցին  սոցիալական ցանցեր եւ կրկին սկսեցին իրենց պահել ուշադրության կենտրոնում։ Կարելի է ենթադրել՝ քանի դեռ համավարակը չի հեռացել, նրանք կշարունակեն միմյանց «միս ուտել»  ուղղակի բառերով։ Եթե ստեղծված իրավիճակին նայենք ռեալ աչքերով, ապա քիչ հավանական է, որ Խաբիբի փոխարեն Ֆերգյուսոնի հետ կմենամարտի Քոնորը, քանի որ ադ մենամարտն անցկացնելով՝ Մաքգրեգորը ավելի կհեռվացնի Նուրմագոմեդովի դեմ ռեւանշը։ Տոնի Ֆերգյուսոնի հետ Խաբիբի փոխարեն, ամենայն հավանականությամբ, կմրցի  Ջաստին Գետջին։ Մենամարտի պայմանագիրը դեռեւս կնքված չէ։ Գետջին, իհարկե, այն մրցակիցը չէ, որ կարող  է տանել Խաբիբի դերը, բայց իր ներկայությամբ պատրաստ է ինչ-որ չափով  վերադարձնել սպասված շոու ինտրիգը։

ԷԴՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

 

 

 

 

ԱՌԱՆՑ ՀԱՎԱՏԱՑՅԱԼՆԵՐԻ

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը հաղորդագրություն է տարածել. «Ի լրումն համավարակի առնչությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական հորդորի՝ տեղեկացնում ենք մեր բարեպաշտ ժողովրդին, որ, առկա իրավիճակով պայմանավորված, որոշում է կայացվել շարունակել Ավագ շաբաթվա արարողությունները եւ Սուրբ Պատարագներն անցկացնել դռնփակ, առանց հավատացյալների ներկայության։

Հայտարարված արտակարգ դրության պայմաններում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հորդորում է հավատացյալներին պահքը լուծել ապրիլի 11-ին՝ Ճրագալույցի Ս. Պատարագից հետո, եւ, առավելագույն պատասխանատվությամբ պահպանելով ինքնամեկուսացման սահմանված կանոնները, հաջորդող օրերին առանձնաբար այցելել եկեղեցիներ եւ հոգեւոր հովիվներից ստանալ Սուրբ Հաղորդություն»։

 

 

 

 

 

ՑՐՏԱՀԱՐՈՒԹՅԱՆ ՎՏԱՆԳ

ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերեւութաբանական կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանի փոխանցմամբ՝ հանրապետության հովտային եւ նախալեռնային գոտում կա ցրտահարության վտանգ։

Ապրիլի 7-9-ին Տավուշի, Սյունիքի եւ Արցախի հովտային գոտիներում օդում սպասվում է -2…-3, հողի մակերեւույթին -4…-5 աստիճան ցուրտ։ Ապրիլի 8-ի լույս 9-ի գիշերը Արարատյան դաշտում եւ նրա նախալեռնային գոտում օդում հնարավոր է 0…-1, հողի մակերեւույթին -2…-3 աստիճան ցուրտ։ Նշված օրերին ծածկե՛ք ջերմոցային տնտեսությունները եւ հնարավորության դեպքում կատարե՛ք ջեռուցում։

Ապրիլի 6-7-ին, 11-ին շրջանների զգալի մասում, Լոռիում, Տավուշում, Սյունիքում եւ Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 7-8-ին լեռնային շրջաններում, Լոռիում, Տավուշում, Սյունիքում եւ Արցախում՝ ձյան տեսքով։ Քամին՝ հյուսիս-արեւելյան՝ 3-8 մ/վրկ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վրկ։

Օդի ջերմաստիճանն ապրիլի 7-8-ին աստիճանաբար կնվազի 6-8, Լոռիում, Տավուշում, Սյունիքում եւ Արցախում՝ 12-15 աստիճանով։

 

 

 

 

ԱԿԱՆ Է ՊԱՅԹԵԼ

Արարատի մարզի Պարույր Սեւակ համայնքի տարածքում նախօրեին ականի պայթյունից երիտասարդ կին է վիրավորվել: Ըստ համայնքի ղեկավար Էդուարդ Ստեփանյանի՝ դեպքը ապրիլի 5-ին է տեղի ունեցել։ Կինը բանջար հավաքելու է գնացել սկեսուրի հետ, որոնց հետ եւս 3 կանայք են եղել: Բարեբախտաբար նրանք վնասվածքներ չեն ստացել: Կնոջը տեղափոխել են «Աստղիկ» հիվանդանոց, ամենայն հավանականությամբ, ոտքն անդամահատելու են։  Ի դեպ, 33-ամյա կինն ունի 3 անչափահաս երեխաներ։ Համայնքի ղեկավար խոսքով՝ մեծ դժվարությամբ են կնոջը հանել, քանի որ ականապատ տարածք է եղել, եւ արգելված է եղել քաղաքացների մուտքը:

 

 

 

 




Լրահոս