Ինչպիսին է հսկողությունը Գեղարքունիքի մարզում. մանրամասնում է մարզպետը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամբողջ աշխարհում տարածված համաճարակից զերծ մնալ և վարակի ներթափանցում կանխարգելել չէր կարող Հայաստանի Հանրապետությունը։ Այսօր մեր երկրում կորոնավիրուսային հիվանդությունը տարածվել է գրեթե բոլոր բնակավայրերում, մարզերում, սակայն վարակը մինչև այսօր դեռևս չի հասցրել ներթափանցել միայն Գեղարքունիքի մարզ։

ArmLur.am-ը թեմայի շուրջ զրուցել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի հետ։

-Պարո՛ն Սանոսյան, մինչև այսօր Ձեր մարզում կորոնաավիրուս համավարակը չի ներթափանցել, ինչպիսի վերասկողություն եք սահմանում։ Մենք տեղեկություններ ունենք, որ մի քանի օր առաջ Մարտունի քաղաքում մեծ շուքով հարսանիք է տեղի ունեցել։

-Նման բան բացառվում է տեղի ունեցած լինի։ Ամբողջ երկիրը, պարետատունը զանգում բողոքում են, որ մեր մոտ ամեն ինչ շատ խիստ է, Դուք ասում եք հարսանիք են անում։ Դա անլուրջ է, ինչպես կարող նման բան լինել։ Ինչպես բոլոր մարզերը, մեր մարզում էլ նույն աշխատանքներն են կատարվում, միայն մի տարբերությամբ, եթե մնացած մարզերը զբաղված են հիվանդների, կոնտակտավորների հայտնաբերման աշխատանքներով, քանի որ մեզ մոտ հիվանդներ, վարակակիրներ չունենք, մենք հիմանկանում զբաղվում ենք համայնքների շարժի հսկողությամբ, փորձում ենք հնարավորինս խիստ լինել և ներմարզային և արտամարզային տեղաշարժերի առումով։ Խստությունն իրականացվում է պարետատան ցուցումներին համապատասխան։

-Պարո՛ն Սանոսյան, քանի որ մարզում դեռևս կորոնավիրուսով հիվանդացության դեպքեր չեն գրանցվել, բնակիչներն ավելի հանգիստ և ազատ են իրենց տեղաշարժերի մեջ։ Ինչպե՞ս եք վերահսկում թաղման արարողությունները, որպեսզի մարդաշատ չլինի և չգերազանցեն 20 անձի շեմը։

-Հիմնականում վերահսկումն իրականացվում է համայնքապետարանի աշխատակիցների և ոստիկանության միջոցով, բոլոր համայնքներում ոստիկանությունը շրջիկ աշխատանք է տանում, և փորձում ենք հորդորել բնակիչներին, որպեսզի կուտակումներ չլինեն։ Մարզում քանի որ վիրուս չկա, մարդիկ ավելի հանգիստ են, և խնդիր ունենք ավելի մեծ ծավալի աշխատանք կատարել վերահսկողության առումով։

-Այսօր Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարեց, որ վիրուսի տարածումը վերահսկողությունից դուրս է եկել, արդյո՞ք Գեղարունիքի մարզի բոլոր բնակավայրերն ապահովված են համապատասխան պաշտպանիչ և ախտահանիչ նյութերով։

-Մենք բավականին մեծ քանակի ալկոգելի և պաշտպանիչ արտահագուստի, դիմակների և ձեռնոցների գնումներ կատարել ենք, և բոլոր համայնքներն ու բուժհիմնարկներն ապահովված են դրանցով, ինչպես նաև այս օրերին կառավարությունից նման պարագաներ ևս ստացել ենք ։

Զրուցեց Լիդա Եղիազարյանը




Լրահոս