ԱՐՄԱՆ ԹԱԹՈՅԱՆԸ՝ «ԺՈՂՈՎՈՒՐԴ» ՕՐԱԹԵՐԹԻ ՄԱՍԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը, ուսումնասիրելով 2019 թվականին «Ժողովուրդ» օրաթերթի նկատմամբ ՀՔԾ գործողությունները, եկել է այն եզրակացության, որ իրականում 2019 թվականի մարտի 16-ին քրեական գործ է հարուցվել լրատվամիջոցի կամ լրագրողի կողմից մասնագիտական գործունեության իրականացման՝ հոդվածի հրապարակման փաստով, այլ ոչ թե հատուկ սուբյեկտի կողմից նախաքննության տվյալները հրապարակելու փաստով: Խոսքը վերաբերում է «Մարտի 1»-ի գործով որոշ ներկա եւ նախկին պաշտոնյաների ցուցմունքների հրապարակմանը։ Բանն այն է, որ ՀՔԾ-ի կողմից քրեական գործ էր հարուցվել՝ իբր թե նախաքննական գաղտիք հանդիսացող տեղեկություններ հրապարակելու համար։ Եվ, ահա, ՄԻՊ-ը եւս եզրակացրել է, որ ՀՔԾ-ի ձեւակերպումներն իրականում խնդրահարույց են եղել։ «Պաշտոնական հաղորդագրությունից կարող է ենթադրություն արվել, որ քննության ուշադրության կենտրոնում գտնվում է առաջին հերթին մասնագիտական գործունեություն իրականացնող տվյալ զանգվածային լրատվության միջոցը: Դրանից բացի, նման պայմաններում անմեղության կանխավարկածի օրենսդրական ձեւակերպման մեխանիկական շարադրումը հրապարակման վերջում տեղադրելը դեռեւս բավարար չէ սահմանադրական այդ երաշխիքի պահպանման տեսանկյունից: Ավելին, կոնկրետ հայտարարության համատեքստում պարզ էլ չէ այդ երաշխիքի մեջբերման նշանակությունը», – նշված է ՄԻՊ եզրակացության մեջ: Այնուհետեւ ՄԻՊ Արման Թաթոյանն իր զեկույցում անդրադառնում է նաեւ «Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիր Քնար Մանուկյանի հեռախոսային խոսակցությունների վերծանմանը եւ  խմբագրություն ներխուժման փաստերին։ Հիշեցնենք, որ 2019 թվականի դեկտեմբերի 19-ին անհայտ անձինք ներխուժել էին օրաթերթի խմբագրություն, տակնուվրա արել այն եւ հեռացել։ Թաթոյանը ընդգծում է, որ այս հարցով համապատասխան դիմումներ է ներկայացրել Ոստիկանություն։ Այսպիսով, արձանագրենք, որ որքան էլ ՀՔԾ-ն փորձում էր մեր հրապարակումները որակել որպես նախաքննական գաղտնիք` ներկայացնելով անթույլատրելի արարք, Արման Թաթոյանն ամեն դեպքում արձանագրել է, որ դա ավելի շատ ուղղված էր լրատվամիջոցի դեմ։

 

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԱԺ 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի համար անակնկալ է եղել ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի հայտարարությունը՝ հանձնաժողով ներկայանալու մասին։  Հենց նրա հայտարարությունից հետո երեկ հանձնաժողովի անդամները որոշել են հավաքվել: Մասնավորապես, նրանք այսօր հարցեր ու պլան են մշակել Սարգսյանին քննելու համար: Նշենք, որ Սերժ Սարգսյանի գնալ-չգնալու մասին անգամ իր թիմի անդամները տեղյակ չեն, ու երեկ բոլորի համար անակնկալ է եղել նրա որոշումը: Մենք տեղեկացանք, որ հանձնաժողովը քննարկում է այն տարբերակը, որ Սերժ Սարգսյանը, հնարավոր է, ներկայանա հանձնաժողով ու իրեն ուղղվելիք բոլոր հարցերին ոչ թե պատասխանի, այլ հղում տա Յուրի Խաչատուրովին՝ հայտարարելով, թե մանրամասներին տիրապետում է միայն Խաչատուրովը: Քննիչ հանձնաժողովին չի հաջողվել Խաչատուրովից մինչ օրս որեւէ բան պարզել, եւ որոշել են իրենց հարցերը գրավոր ուղարկել՝ խնդրելով այդ տարբերակով գոնե պատասխանել։  Կպատասխանի Խաչատուրովը, թե ոչ, ժամանակը ցույց կտա, քանի որ նախկին պաշտոնյան պարտավորություն չունի ԱԺ ներկայանալու եւ հարցերին պատասխանելու:

 

 

 

Երեկ հայտնի դարձավ, որ այս տարվա ապրիլի 4-ին ՊԲ զորամասերից մեկում սպանված ժամկետային զինծառայող Գարեգին Բաբակեխյանին  կյանքից դիտավորությամբ զրկելու կասկածանքով ձերբակալվել է համածառայակիցը: «Ժողովուրդ» օրաթերթին զինվորի մահվան դեպքից մանրամասներ են հայտնի դարձել։ Մասնավորապես, մեր տեղեկություններով՝ մինչ Գարեգին Բաբակեխյանին սպանելը նրա վրա նռնակ են նետել ապրիլի 4-ին ՊԲ զորամասում։ «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ իրավապահների մոտ հարուցված քրեական գործով նախնական տվյալներ են եղել, որ դիրքում նռնակ է պայթել: Ըստ նախնական վարկածի՝ Գարեգին Բաբակեխյանի մահվան գործով ձերբակալված ժամկետային զինծառայողը դիրքում հերթապահության ժամանակ մի ակնթարթ քնել է, որից հետո արթնացել է եւ տեսելնելով զինվորին՝ մտածել է, թե հակառակորդն է, ու նռնակը նետել է նրա ուղղությամբ: Այդ զինվորը եղել է Գարեգին Բաբակեխյանը: Ավելի ուշ, տեսնելով, որ նռնակի պայթելուց վիրավորվել է իր ծառայակից ընկերը, մտածել է, որ նրան վիրավորելու համար իրեն են մեղադրելու, որոշել է հետքերը թաքցնելու համար կրակել նրա կզակից` այդպիսով տպավորություն ստեղծելով, թե, իբր, Գարեգին Բաբակեխյանը ինքնասպան է եղել: Այժմ ձերբակալված ժամկետային զինծառայողը ասում է, թե նման բան չի եղել, սակայն դիրքում եղել են զինվորներ, որոնք, ըստ «ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի, գործով կարեւոր վկաներ են եւ հարուցված քրեական գործով իրարամերժ ցուցմունքներ են տվել:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել Քաղավիացիայի կոմիտեի շուրջ տեղի ունեցող գործընթացներից։ Մասնավորապես, մեր տեղեկություններով՝ ՔԱԿ-ն իրականում Ավիացիոն անվտանգության եվրոպական գործակալության կողմից աուդիտ չի անցել։ Իսկ աուդիտը ներառում է ամեն ինչ` սկսած ինքնաթիռի անիվների մաշվածությունից, վերջացրած՝ օդաչուների պատրաստվածության մակարդակով։ Մեզ հայտնի դարձավ, որ EASA-ի մասնագետները կոմիտեում փետրվարին աուդիտ են իրականացրել, ինչի արդյունքում մի շարք թերություններ են հայտնաբերել, որոնք գերազանցում են 50 էջը։ Եւ քանի որ կոմիտեն աուդիտ չի անցել, մեր հայկական ավիաընկերությունները, որոնք առանձին աուդիտ էին անցել` Եվրոպա ուղեւորափոխադրում իրականացնելու համար, այդ ուղեւորափոխադրումները չեն իրականացնելու։ Եւս մեկ կարեւոր հանգամանք. պարզվում է՝ EASA-ի հսկողության տակ հայկական ավիացիայի հայտնվելու միակ պատճառը «Տարոն Ավիան»-է, երբ ավիաընկերությունն անցյալ տարի չվերթ իրականացրեց դեպի Բուլղարիա։ Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի թռիչքային պիտանիության վարչության պետ Կարեն Գյուրջյանի հետ։ «Արձանագրել են որոշակի թերություններ, որոնց մի մասի հետ մենք համաձայն չենք: Ընթացակարգն այդպիսին է, իրենք գրում են մեզ, որ սրանք ձեր թերություններն են։ Հիմա մենք այդ մի մասի հետ համաձայն չենք, մենք կարձանագրենք ու կուղարկենք իրենց: Իհարկե ՔԱԿ-ը սեւ ցուցակում չէ», – հավաստիացրեց վարչության պետ Գյուրջյանը։

 

 




Լրահոս