Հինգշաբթի օրը՝ ապրիլի 9-ին, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը նիստ է հրավիրել, որտեղ պետք է քննարկվի «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը, որի հեղինակը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանն է: Բանն այն է, որ իմքայլական պատգամավորը առաջարկում է Սահմանադրական դատարանի անդամների ընտրությունը կատարել ոչ թե հերթական նիստում, այլ ցանկության դեպքում հրավիրել արտահերթ նիստ ու ընտրությունն իրականացնել: «Ժողովուրդ» օրաթերթը իշխանական իր աղբյուրներից տեղեկացավ, որ, չնայած ՀՀ-ում հայտարարված արտակարգ դրությանը, իշխանության անդամներին հորդորել են «տակից» իրենց նախագծերը առաջ տանել, որպեսզի արտակարգ դրությունից իրենց պլանները չձախողվեն. ՍԴ նախագահի «գահընկեցության» հարցն օրակագում է:
Եւ այսպես, Հովակիմյանն առաջարկում է փոփոխություն կատարել «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում, որով Սահմանադրական դատարանի դատավորի հրաժարականի դեպքում նոր ընտրությունը պետք է տեղի ունենա հերթական նիստերի ժամանակ։ Եվ պատգամավորը նկատում է, որ եթե դա տեղի ունենա գարնանային նստաշրջանի վերջում, օրինակ՝ մայիսին, ՍԴ դատավորի թեկնածու առաջադրող՝ Սահմանադրությամբ նախատեսված մարմինն էլ կկատարի իր պարտավորությունը, միեւնույնն է, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի առկա կարգավորման պատճառով ՍԴ դատավորի տեղը թափուր կմնա ավելի քան չորս ամիս: Եվ այս փոփոխության նպատակն է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով խորհրդարանին հնարավորություն տալ, որպեսզի անհրաժեշտության դեպքում ՍԴ դատավորի ընտրությունները կազմակերպվեն նաեւ արտահերթ նիստում` ամռանը, երբ ԱԺ հերթական նստաշրջանն ավարտված կլինի, որպեսզի երկիրը որոշ ժամանակ ստիպված չլինի մնալ առանց ՍԴ անդամների ու, հետեւաբար, կառույցի լրակատար գործունեության: Կորոնավիրուսի կանխարգելումից հետո, երբ արդեն մայիսին, հունիսին կսկսեն ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի պաշտոնանակության գործընթացը` հանրաքվեն հապշտապ անցկացնելով, հնարավորություն ունենան ցանկացած ժամանակում արտահերթ նիստ հրավիրել ու իրականացնել իրենց բոլոր պլանները՝ ՍԴ-ի հետ կապված:
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի ընդդիմադիր պատգամավորների հետ՝ պարզելու համար, թե իրենք ինչ դիրքորոշում ունեն իմքայլական պատգամավորի նախագծի հետ կապված:
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյան
-Պարո՛ն Սիմոնյան, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ի՞նչ դիրքորոշում ունի իմքայլական պատգամավորի առաջարկած նախագծի վերաբերյալ, ըստ որի ՍԴ անդամներին կարելի է ընտրել նաեւ արտահերթ նիստ հրավիրելով: Դուք համակարծի՞ք եք:
-Մի հատ նիստի ընթացքը հասկանանք, հիմնավորումները որն է բերվում, իմաստը որն է նախագծի եւ այլն, դրանից հետո նոր կկարողանանք խմբակցության կարծիքը ներկայացնել:
-Նախագիծը չե՞ք ուսումնասիրել, Ձեր դիրքորոշումները որո՞նք են: Պե՞տք է ՍԴ անդամներին արտահերթ նիստում ընտրել:
-Նախագծում ընդամենը մեկ բառ է փոխվում, մեծ փոփոխություն այն չի ենթադրում: «Հերթական» բառն են փոխում, որ այնպես լինի, որ արտահերթ նիստի ժամանակ էլ ՍԴ անդամներ ընտրեն:
-Փաստորեն, իշխանությունը նպատակ ունի արտակարգ դրությունից հետո ակտիվ քայլեր ձեռնարկել ՍԴ-ի փոփոխությունների հետ կապված, Դուք կարծում եք, որ դա՞ է պատճառ հանդիսացել այս փոփոխության:
-Եկեք չշտապենք, պետք է հասկանանք, թե պարոն Հովակիմյանը ինչպես է մեկնաբանում, հիմնավորում այս ամեն ինչը, որից հետո պարզ կլինի, թե մենք ինչ դիրքորոշում ենք հայտնում: Նախկինում էլ այդ նախագիծը ներկայացվել էր, բայց փաթեթի ներքո, որին մենք բացասական էինք արձագանքել: Հիմա ուզում եմ հասկանամ, հիմա ինչու են բերել, ինչ հիմնավորումով, ըստ դրա վերջնական կասենք մեր դիրքորոշումը: Փաթեթին բացասական են արտահայտվել, մնում է սա հասկանանք՝ ինչ է, ինչու են բերել: Մեր դիրքորոշման մասին կասենք նիստից հետո:
Հ.Գ. ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում ընդդիմադիր ԲՀԿ խմբակցությունից պատգամավորներ Գեւորգ Պետրոսյանը կտրականապես մեր հեռախոսազանգերին եւ հաղորդագրություններին չէր պատասխանում: Իսկ նույն հանձնաժողովի պատգամավոր, ԲՀԿ-ական Նորա Առուստամյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, որ հարցը խմբակցությունում չեն քննարկել, դրա համար որեւէ բան չի կարող ասել:
ՀԱՎԱՔՎԵԼՈՒ ԵՆ՝ ՊԱՏՐԱՍՏՎԵԼՈՒ ԴԻՄԱՎՈՐՄԱՆԸ
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԱԺ 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովն այս օրերին ակտիվ է, քանի որ գրեթե ամենօրյա ռեժիմով քննարկվում է այն հարցը, թե ինչպես կարող են ԶՈՒ նախկին շտաբի պետ Յուրի Խաչատուրովից եւ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանից պատերազմի վերաբերյալ տեղեկություններ ստանալ` հանձնաժողով բերելով:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ երեկ, երբ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ ապրլի 16-ին ներկայանալու է հանձնաժողով, Անդրանիկ Քոչարյանի գլխավորած հանձնաժողովի անդամները որոշել են այսօր հավաքվել, որոշ անելիքներ պլանավորել: Իսկ արդեն այսօր հանձնաժողովականները հարցեր են մշակելու Սարգսյանին քննելու համար: Նշենք, որ բոլորի համար անակնկալ է եղել Սերժ Սարգսյանի` հանձնաժողով գալու որոշումը: Անգամ ՀՀԿ-ականները երեկ մեզ հետ զրույցում ասում էին` տեղյակ չեն` կգնա Սարգսյանը ԱԺ հանձնաժողով, թե ոչ: Հատկապես Խաչատուրովի մերժումից հետո տարակուսելի էր, որ Սերժ Սարգսյանը կընդունի ԱԺ հանձնաժողովի հրավերը: Հիշեցնենք` «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ Խաչատուրչովը կտրականապես մերժել է հանձնաժողովին ներկայանալ` իր գրավոր հիմնավորման մեջ կասկածի տակ դնելով հանձնաժողովականների բարոյական նկարագիրը եւ վստահեցնելով, որ քաղաքական գործընթացներին, որպես պաշտոնաթող գեներալ, պարտավոր է չմասնակցել:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հանձնաժողովը քննարկում է սցենարը, որ, հնարավոր է, Սերժ Սարգսյանը ներկայանա հանձնաժողով ու իրեն ուղղվելիք բոլոր հարցերին ոչ թե պատասխանի, այլ հղում տա ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովին՝ հայտարարելով, թե մանրամասներին տիրապետում է միայն Խաչատուրովը: Սակայն քննիչ հանձնաժողովին չի հաջողվել Խաչատուրովից որեւէ բան պարզել, ուստի պատերազմի հանգամանքերի մասին կրկին որեւէ տեղեկություն հանձնաժողովը չի ստանա ու կհայտնվի կոտրած տաշտակի առաջ, քանի որ կրկին պատերազմի շատ հանգամանքներ չեն բացահայտվի: Ինչո՞ւ. որովհետեւ շատ հարցերի պատասխանների տիրապետում են հենց Սերժ Սարգսյանն ու Յուրի Խաչատուրովը:
Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրները փոխանցում են, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւս ուշի-ուշով հետեւում է այս պրոցեսներին ու նաեւ սպասում այն դիրքորոշմանը, որը պետք է ներկայացնի քննիչ հանձնաժողովը իր երկարամյա քննությունից հետո: Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ հանձնաժողովը Խաչատուրովի դեպքում ելք է գտել, ու իրենց հարցերը որոշել են գրավոր ուղարկել՝ խնդրելով այդ տարբերակով գոնե պատասխանել: Իսկ ինչ կանի Խաչատուրովը, կտա պատասխան, թե կմերժի՝ ժամանակը ցույց կտա, քանի որ նախկին պաշտոնյան պարտավորություն չունի ԱԺ ներկայանալու:
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը այս թեմայի շուրջ զրուցել է ՀՀԿ-ական, ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի հետ: Մեր դիտակմանը, թե Անդրանիկ Քոչարյանը հայտարարում է, որ Խաչատուրովը սարսափում է քննիչ հանձնաժողով ներկայանալուց, Շարմազանովը հայտարարեց. «Խաչատուրովը մարտական գեներալ է: Թե՛ աղֆանական եւ թե՛ Արցախյան պատերազմներում թշնամին է Խաչատուրովից սարսափել: Խաչատուրովը մեր հողերը ազատագրած գեներալներից է, ումի՞ց պետք է սարսափի, դասալիքների կամակատարների՞ց»:
Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
Ո՞ՒՄ ՆԿԱՏԻ ՈՒՆԵՐ ՎԱՐՉԱՊԵՏԸ
Նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուշագրավ հայտարարություն արեց՝ նշելով, որ երկար տարիներ հայաստանյան գրանցումով ինքնաթիռներն աֆրիկյան երկրներում ներգրավված են եղել ապօրինի գործունեության, այդ թվում՝ զենքի վաճառքի մեջ։ Ապա վարչապետը հայտնել էր, որ մի շարք նախկին պաշտոնյաների գործունեության հետ կապված ոչ միայն պաշտոնանկություններ են եղել, այլեւ հիմա քրեական գործ է հարուցված, քանի որ նրանց հանցավոր անփութությամբ է այդ ամենը տեղի ունեցել։ Պարզվում է՝ այս փաստերը Քաղավիացիայի արդեն նախկին պաշտոնյաները ենթադրյալ կոռուպցիոն դրդապատճառներով թաքցրել են կոմիտեի ղեկավար Տաթեւիկ Ռեւազյանից ու կառավարությունից։ Երեկ վարչապետի հայտարարության հետքերով «Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց քաղավիացիայի նախկին ղեկավար Արտյոմ Մովսեսյանի հետ, սակայն վերջինս, լսելով հարցը, հրաժարվեց մեկնաբանել։ Իսկ, ահա, քաղավիացիայի նախկին պետ, «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության տնօրեն Սերգեյ Ավետիսյանի մամուլի խոսնակ Սաթենիկ Հովհաննիսյանը, անդրադառնալով այս հարցին, ասաց. «Ինքը որեւէ առնչություն չունի այդ դեպքերի հետ»։ Բայց, մյուս կողմից, նկատենք, որ «Տարոն Ավիա» ընկերությունը գրասենյակ է ունեցել նաեւ Արաբական Միացյալ Էմիրություններում, նաեւ օդային բեռնափոխադրումներ է իրականացրել Աֆրիկայում ԱՆ-12 եւ ԻԼ-76 ինքնաթիռներով։ Արդյոք վարչապետը, խոսելով զենքի վաճառքի մասին, նկատի է ունեցել «Տարոն Ավիա» ընկերությա՞նը. կոմերցիոն տնօրեն Լեւոն Քարամյանը «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեց. «Հաստատ մեզ նկատի չի ունեցել, կան նաեւ այլ ավիաընկերություններ, որոնք աշխատում են Աֆրիկայում»։
ՆԱԽԿԻՆ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԸ
Ապրիլի 6-ին Ազգային անվտանգության ծառայությունը Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության պաշտոնատար անձանց գործունեության մասով նոր բացահայտում է արել, եւ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ պատոնեական լիազորությունների չարաշահում: Իսկ ի՞նչ են բացահայտել իրավապահները: Կրթության նախարարության մի խումբ պաշտոնատար անձինք ՀՀ-ի եւ Եվրամիության միջեւ կրթական ծրագրով պայմանագիր են կնքել: Պայմանագրի կնքումից հետո նախարարության պաշտոնատար անձինք մրցույթային կարգով հաղթողին որոշելու փոխարեն ուղիղ կերպով 12.500 եվրո փոխանցել են «Սիմոնյան» կրթահամալիրին: Եվ, ահա, այս փաստի առթիվ ԱԱԾ-ում նյութեր են նախապատրաստվում: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ԿԳՄՍ նախկին փոխնախարար Արեւիկ Անափիոսյանից հետաքրքրվել, թե իրավապահների այս բացահայտման հետ նա որեւէ առնչություն ունի, եւ, առհասարակ, իր պաշտոնից ազատումը կապված է արդյոք այս ամենի հետ: Փոխնախարարը նշեց. «Ոչ, ոչ, երբեւէ որեւէ գնում, որեւէ մրցույթ ես չեմ համակարգել նախարարությունում»: Իսկ թե ովքեր են կոնկրետ համակարգել, ցույց կտա հետագա քննությունը: