Ե՞ՐԲ ԵՎ ԻՆՉՊԵ՞Ս ԿԲՌՆԱԳԱՆՁԵՆ ԱՊՕՐԻՆԻ ԳՈՒՅՔԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ապրիլի 9-ին երկրորդ ընթերցմամբ կքննարկվի Արդարադատության նախարարության աղմկահարույց նախագիծը՝ կապված ապօրինի գույքի բռնագանձման հետ։ Նախարարությունն այն ներկայացրել է նախագծերի փաթեթի տեսքով, որն առաջին ընթերցմամբ ընդունվել էր նախորդ նստաշրջանին։

Այս նախագծի քննարկումն ուշագրավ է նաեւ նրանով, որ փետրվարին խորհրդարանում երկրորդ ընթերցմամբ ընդունվել էր Քրեական դատավարության օրենսգրքում եւ «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքների փաթեթը։ Կառավարության ներկայացրած օրենսդրական փաթեթը իրավապահներին հնարավորություն է տալիս ստանալ ոչ միայն այս կամ այն մեղադրյալների եւ կասկածյալների մասին բանկային գաղտնիք պարունակող տեղեկությունները, այլեւ նրանց հետ փոխկապակցված անձանց մասին տվյալներ, բայց միայն դատարանի որոշմամբ ու գլխավոր դատախազի կամ նրա տեղակալի համաձայնությամբ։ Սակայն ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չի ստորագրել դրանք եւ սահմանադրականության հարցը պարզելու դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան։ Քննարկումը ՍԴ-ում անցկացվելու է բանավոր ընթացակարգով՝ հաշվի առնելով նաեւ հանրային հետաքրքրությունը։

Իսկ արդեն հանձնաժողովում երկրորդ ընթերցմամբ քննարկվող նախագծերի փաթեթի «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում էլ ամրագրվելու է, որ բանկերն «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով սահմանված դեպքերում իրենց հաճախորդների վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները տրամադրում են իրավասու մարմնին՝ դատարանի որոշման հիման վրա: Այսինքն՝ գրեթե այնպիսի կարգավորումներ են, որոնց համար էլ հենց դատարան էր դիմել Արմեն Սարգսյանը։ Նախ նշենք, որ, ըստ այս օրենքի, ապօրինի է համարվում այն գույքը, որի ձեռքբերումը չի հիմնավորվում օրինական եկամուտներով՝ անկախ սույն օրենքի՝ ուժի մեջ մտնելուց առաջ կամ հետո ձեռք բերված լինելու հանգամանքից։

Այսպիսով, փաթեթի համաձայն՝ իրավասու մարմին է հանդիսանում դատախազությունը, որը կարող է սկսել ուսումնասիրություն հետեւյալ հիմքերի առկայության դեպքում.

1) առկա է օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատական ակտ, որով հաստատվում է օրենքով նախատեսված հանցագործություններից որեւէ մեկի կատարումը, եւ տվյալ քրեական գործի նյութերով առկա են բավարար հիմքեր կասկածելու, որ դատապարտված անձին կամ իր հետ փոխկապակցված անձին պատկանում է ապօրինի ծագում ունեցող գույք, որը չի բռնագանձվել դատավճռով,

2) հարուցված քրեական գործով անձը որպես մեղադրյալ է ներգրավվել այս օրենքով նախատեսված հանցագործություններից որեւէ մեկի կատարման համար, եւ առկա են բավարար հիմքեր կասկածելու, որ առկա է ապօրինի ծագում ունեցող գույք,

3) առկա են բավարար հիմքեր կասկածելու, որ առկա է ապօրինի ծագում ունեցող գույք, սակայն այս օրենքով նախատեսված հանցագործություններից որեւէ մեկի կատարման առնչությամբ քրեական հետապնդումը կամ քրեական գործի հարուցումն անհնար է հետեւյալ հիմքերից մեկով.

ա) ընդունվել է համաներման մասին օրենք,

բ) անցել են վաղեմության ժամկետները,

գ) անձը մահացել է,

դ) անձն արարքը կատարելու պահին չի հասել քրեական պատասխանատվության ենթարկելու` օրենքով նախատեսված տարիքին,

4) առկա են բավարար հիմքեր կասկածելու, որ առկա է ապօրինի ծագում ունեցող գույք, սակայն այս օրենքով նախատեսված հանցագործություններից որեւէ մեկի կատարման առնչությամբ հարուցված քրեական գործը կասեցվել է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերից որեւէ մեկով,

5) «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքով սահմանված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերված տվյալներով առկա են բավարար հիմքեր կասկածելու, որ պաշտոնատար անձին կամ իր հետ փոխկապակցված անձին պատկանում է ապօրինի ծագում ունեցող գույք: Այսպիսով, առաջին ընթերցումից հետո գրավոր առաջարկներ են ներկայացրել խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունները։ Օրինակ՝ նրանք առաջարկում են արգելել սկսել ուսումնասիրություններն այն դեպքում, եթե անցել են քրեական գործի հարուցման վաղեմության ժամկետները։ Խմբակցության մյուս առաջարկները հիմնականում խմբագրական բնույթի են։ Սակայն «Լուսավոր Հայաստան» խմբակցության առաջարկները մեծ ծավալի են՝ 13 էջից բաղկացած, եւ նրանք առաջարկերը ներկայացրել են ոչ միայն Պետաիրավական հարցերով հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանին, այլ նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Օրինակ՝ խմբակցության համար անհասկանալի է նաեւ այն հանցագործությունների ցանկը, որով դատապարտված լինելու դեպքում կարող է ստուգվել գույքի օրինականությունը։ Մասնավորապես, խմբակցության համար անհասկանալի է հանցագործությունների այդպիսի լայն ցանկը. օրինակ՝ դրանց թվին են պատկանում ընտրողներին կաշառք տալը, մրցույթների մասնակիցներին եւ կազմակերպիչներին կաշառելը եւ այն։ Նրանք առաջարկել են կրճատել այդ հանցագործությունների ցանկն ու ավելացնել ապօրինի եւ կեղծ ձեռնարկատիրության համար սահմանող դեպքեր։ Հետաքրքիր է, որ նախագծով սահմանվում է՝ գույքը բռնագանձվում է հօգուտ Հայաստանի Հանրապետության։ Ընդդիմադիր խմբակցությունն այս դրույթը այնքան էլ արդար չի համարում եւ ցանկանում է ամրագրել, որ պետք է լինեն դեպքեր, երբ հանցագործությունից տուժած անձանց կտրամադրվեն գույքը, ոչ թե պետությանը։ Հանձնաժողովում արդեն նախագիծը կքննարկվի փոփոխություններով հանդերձ. նկատենք, որ առաջին ընթերցմամբ ժամանակ ԲՀԿ-ն ձեռնպահ էր քվեարկել, իսկ ԼՀԿ-ն՝ կողմ։

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

 

ԱՐԳԵԼՎՈՒՄ Է

Ապրիլի 3-ին ՀՀ կառավարության կողմից ընդունվել է «Արտակարգ դրություն հայտարարելու մասին» որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին որոշում, որի համաձայն՝ արգելվում է սահմանային անցակետերով օտարերկրացիների մուտքը Հայաստան՝ անկախ ժամանման վայրից: Փոփոխությունը կատարվել է՝ հաշվի առնելով, որ կորոնավիրուսային վարակի աշխարհագրական տարածումն այլեւս չի սահմանափակվում համաճարակաբանական լարված իրավիճակ ունեցող երկրներով եւ ներառում է աշխարհի գրեթե բոլոր երկրները։ Այս մասին հայտնել են ՀՀ ԱԳ նախարարությունից: Ըստ վերոնշյալ որոշման` յուրաքանչյուր անձի, որը չի հանդիսանում ՀՀ քաղաքացի կամ ՀՀ քաղաքացու ընտանիքի անդամ, ինչպես նաեւ չունի ՀՀ տարածքում օրինական հիմքով բնակվելու իրավունք, արգելվում է ՀՀ սահմանային անցակետերով մուտք գործել երկրի տարածք։

 

 

«ԴԱՐՈԻՆՔ»-Ի ՄԵՆԵՋԵՐԸ

«Դարոինք» ընկերությունում վարակված անձի մասին լուրն ստանալուց անմիջապես հետո մեր տեսուչները գնացել են, տեղում պարզել են, որ վարակվածը ոչ թե արտադրության աշխատակից է, այլ մենեջեր: Այս մասին ասել է ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը: «Իհարկե, դա ավելի լայն շրջանակի վարակելու վտանգ կարող է լինել: Բայց արտադրության աշխատակիցները շփում չեն ունեցել տվյալ մենեջերի հետ, վարակի տարածումը տվյալ գործարանում գրեթե զրոյական ռիսկ ունի»,-նշել է Գ. Ավետիսյանը։

 

ԱՐՑԱԽՈՒՄ ԵՎՍ

Քաշաթաղի շրջանի Միրիկ համայնքի բնակչուհու մոտ կորոնավիրուսը հաստատվել է. նա մեկուսացված է եղել մի քանի օր շարունակ։ «Երբ Հայաստանից եկել է գյուղ, ջերմություն է ունեցել, որոշել է թեստավորվել, նրան մեկուսացրել էին, այսօր եկավ դրական պատասխան։ Տարվում են մեծածավալ աշխատանքների կնոջ շփման շրջանակն ամբողջությամբ գտնելու եւ մեկուսացնելու ուղղությամբ»,-ասել է Քաշաթաղի շրջանի ղեկավար Ստեփան Սարգսյանը։

 

 

 

 

ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՇԽԱՏԵՆ

Արդեն գործում է քաղաքացիների տեղաշարժն ու հեռախոսազանգերի շրջանակը ֆիքսող համակարգը։ Ինչպես հայտնի է, Ազգային ժողովում ընդունված օրենքի համաձայն՝ նախատեսվում է քաղաքացիների անձնական տվյալները՝ տեղաշարժը, հեռախոսազանգերի, հաղորդագրությունների շրջանակը հասանելի դարձնել՝ ելնելով կորոնավիրուսի տարածման դեմ կատարվող գործողությունների արդյունավետությունից։ Այս ծրագրի աշխատանքները համակարգելու է հենց պարետատունը։ Իսկ ընթացակարգն այսպիսին է լինելու. վարակակրի հետ շփված քաղաքացին հաղորդագրություն է ստանալու մեկուսանալու մասին, նրան է ուղարկվում նաեւ այն հղումը, որով կիրառվելու է ինքնամեկուսացման տեղորոշումը գրանցելու եւ ստուգելու, ախտանիշների վերաբերյալ տվյալներ մուտքագրելու եւ փոխանցելու ծրագիրը։ Նշենք, որ կառավարության որոշման համաձայն՝ ստացված տվյալները մշակվում են հատուկ համակարգչային ծրագրի միջոցով, որի անվտանգությունը վերահսկում եւ սպասարկում է Ազգային անվտանգության ծառայությունը, բայց առանց տվյալները մշակելու իրավունքի: Նկատենք, որ այս հարցը խորհրդարանում թերեւս ամենաբուռն քննարկվողներից է եւ խորհրդարանում երկու ընթերցում էլ անցել է միայն իշխանական խմբակցության ջանքերով։ Սակայն հիշեցնենք, որ այս նախագիծը ստիպված երկու անգամ խորհրդարան բերեցին, քանի որ առաջին անգամ այն տապալվել էր արդեն իշխանական խմբակցության պատգամավորների բացակայության պատճառով։

 

ՆՈՐ ՆԱԽԱԳԻԾ

Իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում տեղադրվել է նոր նախագիծ՝ «Այլընտրանքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխութուն կատարելու մասին։ Նշենք, որ այժմ «Այլընտրանքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասը, սահմանում է  ծառայության ընթացքում այլընտրանքային աշխատանքային ծառայողի՝ այլ կազմակերպություն կամ այլ վայր ծառայության փոխադրվելու հնարավորություն, սակայն միաժամանակ չի սահմանում այն հիմքերը, որոնց դեպքում համապատասխան իրավասու պետական կառավարման մարմնի ղեկավարը կարող է որոշում կայացնել այլընտրանքային աշխատանքային ծառայություն անցնող քաղաքացուն ծառայության այլ վայր փոխադրելու մասին: Եվ նախագծով առաջարկվում է  այլընտրանքային աշխատանքային ծառայողին այլ կազմակերպություն կամ այլ վայր ծառայության փոխադրելու երկու հիմք, այն է՝ այլընտրանքային աշխատանքային ծառայողի ընտանեկան պայմաններից ելնելով, կազմակերպչական-հաստիքային անհրաժեշտությունից ելնելով:

 

 

 

 

 

 




Լրահոս