2020 թվականի ապրիլի 4-ին ՊԲ զորամասերից մեկում սպանվել էր ժամկետային զինծառայող Գարեգին Բաբակեխյանը, եւ նրա կյանքը դիտավորությամբ զրկելու կասկածանքով ձերբակալվել է համածառայակիցը: «Ժողովուրդ» օրաթերթին զինվորի մահվան դեպքից մանրամասներ են հայտնի դարձել, մասնավորապես՝ մինչ Գարեգին Բաբակեխյանին սպանելը նրա վրա նռնակ են նետել:
Նախ՝պաշտոնապես
Ապրիլի 4-ին ՀՀ քննչական կոմիտեն հայտնեց, որ Ժամկետային զինծառայող Գարեգին Կամոյի Բաբակեխյանի մահվան դեպքի առթիվ երկրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 360.1 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝ զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ասել է թե՝ նախնական վարկածի համաձայն, նախաքննական մարմինը քրեական գործ էր հարուցել ինքնասպանության հասցնելու հատկանիշներով, սակայն մի փոքր ուշ կոմիտեում իրավիճակ փոխվեց: Պարզվել է, որ զինվորին ինքնասպանության չեն հասցրել: ՀՀ ՊՆ ՌՈ աշխատակիցների հետ համատեղ ձեռնարկված քննչական եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նոր քրեական գործ հարուցվեց՝ ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասով՝ մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, եւ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով՝ սպանություն՝ այլ հանցանքը թաքցնելու կամ դրա կատարումը հեշտացնելու նպատակով: Հանցանքը պատժվում է ազատազրկմամբ՝ տասներկուսից քսան տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ: Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:
Նռնակի պայթյունն ու կրակոցը
Այսպիսով, ի՞նչ է կատարվել ապրիլի 4-ին ՊԲ զորամասում, եւ ի՞նչ հանցանքի հետքերը թաքցնելու մասին է ակնարկել ՀՀ քննչական կոմիտեն: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ իրավապահների մոտ հարուցված քրեական գործով նախնական տվյալներ են եղել, որ դիրքում նռնակ է պայթել: Ըստ նախնական վարկածի՝ Գարեգին Բաբակեխյանի մահվան գործով ձերբակալված ժամկետային զինծառայողը դիրքում հերթապահության ժամանակ մի ակնթարթ քնել է, որից հետո արթնացել է եւ տեսել է զինվորին, մտածել է, թե հակառակորդն է, ու նռնակը նետել է նրա ուղությամբ: Այդ զինվորը եղել է Գարեգին Բաբակեխյանը: Ավելի ուշ, տեսնելով, որ նռնակի պայթելուց վիրավորվել է իր ծառայակից ընկերը՝ Գարեգինը, վերջինս, մտածելով, որ նրա վիրավորման համար իրեն են մեղադրելու, որոշել է հետքերը թաքցնելու համար կրակել նրա կիզակից, թե, իբր, Գարեգին Բաբակեխյանը ինքնասպան է եղել: Սակայն ներկայում սպանված Գարեգին Բաբակեխյանի մահվան գործով ձերբակալված ժամկետային զինծառայողը ասում է, թե նման բան չի եղել: Սակայն դիրքում եղել են զինվորներ, որոնք գործով կարեւոր վկաներ են, որոնք հարուցված քրեական գործով իրարամերժ ցուցմունքներ են տվել: Նկատենք, որ իրավապահներն այս խառնաշփոթ իրավիճակում դեռեւս չեն կարողանում հասկանալ, թե ինչ է իրականում եղել: Ունեն փաստ, որ Գարեգին Բաբակեխյանը մահացել է իր զինակից ընկերոջ զենքի կրակոցից: Սակայն իրավապահ համակարգից մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ իրավապահներն ունեն տվյալներ, որ մինչ այդ մահացած զինվորի եւ դիրքում գտնվող զինվորների միջեւ ծխախոտի թեմայի շուրջ խոսակցություն է եղել: Տղաները Գարեգին Բաբակեխյանին հարցրել են՝ ծխախոտ ունի արդյոք, վերջինս ասել է` ոչ: Ավելի ուշ տեսել են, որ նա բավականին թանկարժեք ծխախոտ է ծխում, ու նրան բարոյախրատական խոսքեր են ասել, թե այդպես չի կարելի: Իսկ իրականում ծխախոտն է եղել պատճառը, թե այլ խնդիր, դեռ դժվար է միանշանակ ասել: Հուսանք՝ այս թնջուկից դուրս կգան իրավապահները եւ կբացահայտեն ողջ իրողությունը: Մեր տեղեկությունների մասով դիմեցինք ՀՀ քննչական կոմիտե , որտեղից ի պատասխան հայտնեցին. «Նախաքննության այս փուլում նպատակահարմար չէ նման տեղեկատվություն տրամադրել: Ստուգվում են բոլոր հնարավոր վարակածները: Նախաքննության ընթացքում կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն»: Նշենք, որ երեկ Գարեգին Բաբակեխյանին մահվան գործով նրա համածառայակցին մեղադրանք առաառաջադրվեց եւ նա կալանավորվեց:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԿՄՆԱ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ
Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Նարեկ Սարգսյանը, կմնա կալանավորված: Այս մասին ասել է նրա պաշտպան Արթուր Պիվազյանը։ Նրա փոխանցմամբ՝ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Ռուզաննա Բարսեղյանի նախագահությամբ, մերժել է իր բողոքը՝ Սարգսյանի կալանավորման երկարաձգման որոշման դեմ: Դատարանի որոշումը պաշտպանը դեռ չի ստացել եւ հիմքերին ծանոթ չէ, բայց նշել է, որ ամենայն հավանականությամբ կբողոքարկի. «Չեմ պատկերացնում, թե ինչպես պիտի հիմնավորվեր, որ չկան այն խախտումները, որ նշել էի առաջին ատյանի դատարանի որոշման վերաբերյալ, եւ պատճառաբանված դատական ակտ կայացվեր»,- նշել է պաշտպանը։ Հիշեցնենք, որ Վերաքննիչ դատարանը մերժել էր պաշտպանի մեկ այլ բողոք՝ Սարգսյանին կալանավորելու որոշման դեմ: Նրան մեղադրանք է առաջադրվել 2018-ի հունիսին ապօրինի զենք-զինամթերքի, ինչպես նաեւ թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության հատկանիշներով ԱԱԾ-ում հարուցված քրգործի շրջանակներում:
ՍԿՍԵԼ Է
Արդեն իսկ փոփոխվել են նախաքննության փուլում գտվող գործերով անցնող 3 մեղադրյալների նկատմամբ խափանման միջոցները՝ ընտրելով ստորագրություն՝ չհեռանալու մասին: Այս մասին հայտնել է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։ ՔԿՀ-ներում պահվող, նախնական կալանքի տակ գտնվող անձանց կորոնավիրուսային վարակումից եւ հիվանդությունից պաշտպանելու միջոցառումների շրջանակներում ՀՀ դատախազությունը սկսել է առաջնային ռիսկի գոտում գտնվող կալանավորված անձանց նկատմամբ խափանման միջոցի փոփոխման նախաձեռնություն: «Առանձնացվել էին նախաքննության եւ դատական քննության փուլում գտնվող քրեական գործերով խոցելի տարիքային խմբում գտնվող, ծանր եւ/կամ խրոնիկական, մի քանի համակցված հիվանդություններ ունեցող, ներկայումս բժշկական հաստատություններում, հիմնականում «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում բժշկական օգնություն ստացող 11, ինչպես նաեւ այլ քրեակատարողական հիմնարկներում գտնվող 9 կալանավորված անձինք»,-սոցցանցի իր էջում գրել է Գ. Աբրահամյանը։
ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓՈՐՁ
2020թ. ապրիլի 6-ին «Աստղիկ» բկ-ից ահազանգ է ստացվել, որ ոտքի շրջանի հրազենային վնասվածքով բուժօգնության է դիմել Երեւանի 35-ամյա բնակիչը: Նույն օրը հարուցվել է քրեական գործ։ Պարզվել է, որ 35-ամյա տղամարդը նշված վնասվածքը ստացել է Երեւանի Եղբայրության փողոցում՝ շենքերի բանուկ հատվածում, որտեղ առերեւույթ հանցագործություն կատարած անձը, կյանքից ապօրինաբար զրկելու դիտավորությամբ, իր մոտ ապօրինի պահվող հրազենից կրակոցներ է արձակել նրա ուղղությամբ՝ պատճառելով մարմնական վնասվածք, եւ իր կամքից անկախ հանգամանքերով չկարողանալով հանցագործությունն ավարտին հասցնել՝ դիմել է փախուստի: Հայտնաբերվել է 8 հատ 9 մմ տրամաչափի հրազենից կրակոց արձակելու համար նախատեսված պարկուճ եւ 3 հատ գնդակ: Նշանակվել են համապատասխան փորձաքննություններ:
ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՆՑ ՔՆՆՈՒԹՅԱՆ
Ապրիլի 2-ին Բարձրագույն դատական խորհուրդը, քննության առնելով արդարադատության նախարարի կողմից ներկայացված միջնորդությունը, Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Մխիթարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը, որոշել էր արդարադատության նախարարի կողմից ներկայացված միջնորդությունը բավարարել, Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Մխիթարյանին հայտարարել խիստ նկատողություն: Իսկ ինչո՞ւ է դատավոր Նաիրա Մխիթարյանը հայտնվել արդարադատության նախարարի տեսադաշտում եւ ԲԴԽ-ի կողմից խիստ նկատողություն ստացել:
Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ դատավոր Նաիրա Մխիթարյանը մի քաղաքացիական գործով շուրջ 2 տարի նիստ չի հրավիրել: Ասել է թե՝ գործը գցել է մի կողմ եւ նիստ չի իրականացրել, իսկ, ահա, ավելի ուշ, ըստ էության, իր անգործությունը թաքցնելու համար կեղծիքի է դիմել եւ ձեւականորեն ներկայացրել է, թե նիստեր է հիավիրել, որոնք հետաձգվել են տարբեր պատճառներով: Եվ, ահա, այս հանգամանքը չի վիրպել ո՛չ արդարադատության նախարարի եւ ո՛չ է ԲԴԽ-ի աչքից, եւ վերջիններս դատավորին այս արարքի համար խիստ նկատողություն են տվել:
«Ժողովուրդ» օրաթերթը ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեց Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մաիրա Մխիթարյանի հետ: Նա պարզաբանեց. «Ես Բարձրագույն դատական խորհրդի որոշումը դեռ չեմ ստացել, այն տեղեկատվությունը, ինչ Դուք ստացել եք, դրա մասին ես ոչինչ հայտնել չեմ կարող: ԲԴԽ-ի որոշումը ստանալուց հետո նոր կարող եմ որոշակի բաներ Ձեզ հայտնել: Ես չգիտեմ՝ իրենք ինչ են գտել, որ ես թույլ եմ տվել խախտում, որոշումը կստանամ, նոր պարզ կլինի՝ ես խախտում թույլ տվել եմ, թե ոչ: Ամեն դեպքում, դատական խորհրդի նիստի ժամանակ ես առարկություններ եմ ներկայացրած եղել եւ այդ առարկությունները փորձել եմ հիմնավորել»:
Ստացվում է` դատավորի ներկայացրած հիմնավորումները համոզիչ չեն եղել:Նա նիստեր չի հրավիրել ու հետագայում ձեւական փաստաթղթեր է սարքել, թե նիստեր կայացել են ու հետաձգվել տարբեր պատճառներով:
Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ