Սպառողը պետք է ամբողջությա՞մբ մարի կուտակած պարտքը. ինչ կորոշվի կոմունալ վճարումների մասով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է՝ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, համագործակցելով Պարետի հետ, ստեղծված իրավիճակը մինչև հայտարարված արտակարգ դրության ավարտը ճանաչել է բնակչության կողմից իրեն մատակարարված էլեկտրական էներգիայի, բնական գազի և խմելու ջրի դիմաց վճարման պարտավորության կատարմանը խոչընդոտող ֆորս մաժոր։

Նման պայմաններում մատակարար ընկերությունները, համաձայն սպառողների հետ կնքված պայմանագրերի, իրավասու չեն բնակիչ-բաժանորդների կողմից վճարման պարտավորության չկատարման դեպքում դադարեցնելու վերջիններիս էլեկտրամատակարարումը, գազամատակարարումը և խմելու ջրի մատակարարումը: Ի դեպ,ՀԾԿՀ-ն տեղեկացնում է նաեւ, որ վերը նշվածը չի ազատում բնակիչ-բաժանորդներին իրենց մատակարարված էլեկտրական էներգիայի, բնական գազի և խմելու ջրի դիմաց վճարման պարտավորության կատարումից։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ բազմաթիվ են այն քաղաքացիները, որոնք չեն վճարել փետրվար ամսվա սպառած եւ գազի եւ էլեկտրաէներգիայի վարձավճարները։ Թեեւ ՀԾԿՀ-ն հայտարարել է ֆորս-մաժորային իրավիճակ, բայց օդում կախված է մնում գլխավոր հարցը՝ կոնկրետ ե՞րբ է վճարելու քաղաքացին փետրվար (չի բացառվում նաեւ՝ մարտ ամսվա) ամսվա սպառած գազի եւ էլեներգիայի վարձավճարը։ Արդյոք մարման ժամանակացույց է կազմվելու, թե սպառողը պետք է միանգամից ամբողջությամբ մարի կուտակած պարտքը։

Այս թեմայի շուրջ ArmLur.am-ը զրուցեց ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանի հետ։

-Պարոն Բաղրամյան, մինչև հայտարարված արտակարգ դրության ավարտը ճանաչվել է բնակչության կողմից իրեն մատակարարված էլեկտրական էներգիայի, բնական գազի և խմելու ջրի դիմաց վճարման պարտավորության կատարմանը խոչընդոտող ֆորս մաժոր։ Արդյոք ընկերությունները հետեւում են ֆորս մաժորային իրավիճակին։

-Ոչ մի բան չի հետաձգվել, դրանք հիմա ժամկետանց պարտքեր են դարձել։ Պարետի որոշմամբ կա մարդկանց տեղաշարժի սահմանափակում, այսինքն մարդիկ իրավունք ունեն տանից դուրս գալու դեղատուն, սննդամթերք գնելու նպատակով։ Եւ եթե նույնիսկ ունեն գումար, բայց չեն կարողանա վճարել, դրա համար այդ վիճակը հայտարարված է ֆորս-մաժոր։ Բայց եթե դուք հնարավորություն ունեք այն վճարելու օնլայն, ապա դուք պարտավոր եք վճարել, քանի որ այն ժամկետանց է։ Քանի որ ֆորս-մաժոր է իրավիճակը հայտարարված, այդ չվճարումը չի կարող հիմք հանդիսանալ գազը կամ էլեկտրաէներգիան դադարեցնելու համար։

Այսինքն ընկերությունն ունի մի շարք գործիքներ, որոնցով եթե ունի ժամկետանց պարտք, դադարեցնում է մատակարարումը, դադարեցնելուց հետո եթե սպառողը չի վճարում, ապա ընկերությունը դիմում է դատարան եւ դատական կարգով գումարը հետ է պահանջում։ Կոնկրետ այս դեպքում, այսինքն՝ չվճարման դիմաց, ընկերությունը չի կարող անջատել մատակարարումը։ Շուտով կլինի նաեւ մարտ ամսվա պարտքերի մարման ժամկետը․․․ այդ հարցերը կոմպլեքս քննարկվում են, բայց քանի որ դեռ որեւիցե կոնկրետ լուծում չկա, հիմա մի քիչ ճիշտ չի լինի որեւէ բան ասել այդ ուղղությամբ։ Տարբեր հարցեր են քննարկվում՝ տարաժամկետման, փոխհատուցման եւ այլն, բայց վերջնական ոչինչ չկա։

-Փոխհատուցո՞ւմ․ նկատի ունեք՝ պետությո՞ւնն է փոխհատուցելու։

– Չեմ կարող ասել։ Օրինակ, իրավաբանական անձանց մասով, կորոնավիրուսի տնտեսական հետեւանքները չեզոքացնելու կառավարության ծրագրերում կա կետ, ըստ որի՝ կոմունալ ծախսերը մարելու համար կարող են որոշակի արտոնյալ պայմաններով վարկային միջոցներ ներգրավվել։ Բայց ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպե՞ս կշարունակվի այս իրավիճակը, ի՞նչ խստություն կմտցվի, տեղաշարժ կբացվի՞, թե՞ ոչ։ Զուգահեռ քննարկում ենք այդ հարցերը, թե ինչ լուծում ենք տալու։

Արդյոք այն սոցիալական փաթեթները, որոնք առաջարկվում են, բավարար չեն, օրինակ՝ կոմունալ այդ պարտքերը մարելու համար։ Որ ասում եք փոխհատուցեն վարձերը․․․ ո՞ւմ փոխհատուցեն, պետք է նախ հասցեական հասկանալ։ Օրինակ ես համաձայն չեմ, որ իմը փոխհատուցեն, որովհետեւ ես աշխատավարձ ստացել եմ, շարունակում եմ ստանալ, բայց կա ինչ-որ խումբ, որը չի ստացել։ Այսինքն պետք է ձեւավորել այդ խումբը, հասկանալ, որոնք են, ապա այդ հարցերը քննարկել։

-Բայց միեւնույն է՝ սպառողների գերակշիռ մասը մտահոգված է՝ եթե սահմանված ժամկետում չի վճարել փետրվար ամսվա կոմունալ վարձերը, ապա ե՞րբ է այն վճարելու եւ ի՞նչ ժամանակացույցով։ Արդյոք դա նրանց համար ֆինանսական մեծ բեռ չի լինի։ Չէ որ հնարավոր է, որ ընկերությունները քաղաքացուց պահանջեն միանգամից երկու ամսվա վարձը վճարել․․․

-Այդ հարցերն էլ են քննարկվում։ Կա բաժանորդների մի մեծ խումբ, որ հիմա վերլուծություններ ենք անում, արձանագրում ենք, որ իրենք 2019 թվականին անպարտաճանաչ են գտնվել եւ փետրվարին չվճարումներ են ունեցել, ընդ որում սոցիալապես անապահով խումբը դրա մեջ փոքր մաս է կազմում։

-Բայց մարդիկ կան, որոնք իսկապես այս օրերին զրկվել են եկամտի աղբյուրից։

-Այո, ճիշտ է կան, չեմ բացառում։ Բայց ուզում եմ ասել՝ պետք է հասցեական հասկանալ այդ մարդկանց ենք օգնում, թե ընդհանուր ինչ որ լուծում ենք գտնում։ Մեր ուշադրության կենտրոնում են այս հարցերը։ Մի շարք տարբերակներ է քննարկվում։ Ենթադրում եմ, որ մոտ ժամանակներս ինչ-որ լուծումներ կառարաջկենք։ Նայած թե ապրիլի 12-ից հետո ինչ ռեժիմ է գործելու։ Ամեն դեպքում, մենք ֆորս-մաժոր հայտարարել ենք մինչեւ ապրիլի 14-ը։ Եւ ապրիլի 14-ից հետո որեւիցե հայտարարություն պետք է լինի՝ ֆորս-մաժորային իրավիճակը շարունակվո՞ւմ է, թե՞ այլ լուծումներ են առաջարկվելու։

-Պարոն Բաղրամյան, իսկ ընկերությունների կողմից այս թեմայի շուրջ անհանստություն կամ մատոհոգություն չե՞ք ստացել։

-Ընկերությունների հետ էլ ենք խոսում, նայում ենք նաեւ իրենց կողմից որոշակի գումարներ ներգրավելու, այդ գումարների հետագա սպասարկման հնարավորությունները։

Զրուցեց Սյունէ Համբարձումյան




Լրահոս