Էդգար Զուրաբյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով Տավուշի մարզում տեղակայված ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերից մեկի հրաձգային գումարտակի շտաբի պետ, պաշտոնատար անձ, 2018թ. օգոստոս ամսից մինչեւ 2019թ. օգոստոս ամիսն ընկած ժամանակահատվածում, անցնելով պաշտոնեական լիազորությունների սահմանը, նախապես տեղյակ լինելով, գումարտակի պաշտպանական շրջանում թիկունքային ապահովման աշխատանքներ իրականացրած, սակայն համապատասխան ժամաքանակ մարտական դիրքերում չանցկացրած նույն գումարտակի պայմանագրային զինծառայողներ Արտակ Սիմոնյանի, Շահեն Ղանադյանի վերաբերյալ կազմել է կեղծ պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող գումարտակի պաշտպանական շրջանում առանձնահատուկ ծառայություն իրականացրած անձնակազմի անվացուցակներ, ապա ներկայացրել է զորամասի հրամանատարի հաստատմանը։
Դրա հետեւանքով էական վնաս է պատճառվել՝ վերոհիշյալ զինծառայողները ստացել են առանձնահատուկ ծառայություն իրականացնելու համար նախատեսված ընդհանուր 680 հազար 744 ՀՀ դրամ հավելավճար։ Լեռնիկ Բաբայանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով նշված զորամասի գումարտակի հրամանատար, պաշտոնատար անձ, պարտավոր լինելով ստուգել գումարտակի շտաբի պետ Էդգար Զուրաբյանի կողմից կազմված գումարտակի պաշտպանական շրջանում առանձնահատուկ ծառայություն իրականացրած անձնակազմի անվանացուցակներում ընդգրկված զինծառայողների հաճախելիությունը, անփույյթ վերաբերմունք է դրսեւորել ծառայողական պարտականությունների նկատմամբ։
Էդգար Զուրաբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314 հոդվածի 1-ին մասով, 375 հոդվածի 1-ին մասով, Լեռնիկ Բաբայանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 376 հոդվածի 1-ին մասով։
Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։ 2020թ. փետրվարի 12-ին Իջեւան քաղաքում Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Սամվել Մարդանյանը որոշել է Լեռնիկ Բաբայանի հանդեպ ՀՀ քրեական օրենսգրքի 376 հոդվածի 1-ին մասով քրեական գործը կարճել եւ քրեական հետապնդումը դադարեցնել՝ ՀՀ քրեական օրենսդգրքի 72 հոդվածով նախատեսված գործուն զղջալու հիմքով։
Դատավոր Ս. Մարդանյանը նույն օրը վճռել է Էդգար Զուրաբյանին 314 հոդվածի 1-ին մասով դատապարտել 300 հազար դրամի չափով տուգանքի, 375 հոդվածի 1-ին մասով դատապարտել ազատազրկման 2 տարի ժամկետով, կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 70 հոդվածը, ազատազրկման պատիժը պայմանականանորեն չկիրառել՝ սահմանելով փորձաշրջան՝ մեկ տարի ժամկետով։
Ոսկան Սարգսյան
Տավուշ