«Յուքոմ»-ի հետ կապվող ընկերության 100 աշխատակից ազատման դիմում է գրել․ նոր մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Յուքոմ» ընկերության շուրջ կրքերը չեն դադարում։ ArmLur.am-ի տեղեկություններով, ընկերության աշխատակիցների կողմից ազատման դիմումները շարունակվում են։ Մեր տեղեկություններով, անգամ կան տեղամասեր և գրասենյակներ, որտեղ բոլոր աշխաըտակիցներն էլ աշխատանքից ազատման դիմումներ են գրել։

Սակայն սա էլ դեռ ամենը չէ. ArmLur.am-ի տեղեկություններով, «IU Networsk» ՍՊԸ-ի մոտ 100 աշխատակից ևս աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել։ Տեղեկացանք, որ ընկերությունը  հիմնադրվել է 2008 թ.-ին Հայաստանում։ Այն առաջարկում է համակարգչային սարքավորումների մատակարարման եւ  ծրագրային ապահովումների մշակման համալիր լուծումներ եւ հանդիսանում էր «Յուքոմ» ընկերությանը կից ՍՊԸ։  Տվյալների համաձայն, ընկերության տնօրենը Վահրամ Մերանգուլյան է։

Այս ընկերության հետ կապված ուշագրավ մանրամասներ կան։ Դեռ 2015 թվականին գրվել էր, որ վերջին 5 տարիներին՝ Գագիկ Խաչատրյանի ղեկավարության շրջանում, Ֆինանսների նախարարությունն ու նախկին Պետական եկամուտների կոմիտեն առանց բաց մրցույթի «Այյունեթվորքս» ընկերությանը տվել են 4 միլիարդ 731 միլիոն դրամի, կամ շուրջ տասը միլիոն դոլարի պատվեր: Եվ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում մասնագիտացած այս ընկերությունը կապվում է ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի հարազատներից մեկի հետ: Ըստ պետական ռեգիստրի տվյալների, ընկերության հիմնադիրները Հայկ Խաչատրյանն ու Ալեքսանդր Եսայանն են, սակայն Խաչատրյանի մասնակցությունը դադարեցված է։ Հայկ Խաչատրյանը ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի հորեղբոր որդին է․ ազգակցական կապը հաստատել էր նաեւ  բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը։

Իսկ ինչպես հայտնի է, Ալեքսանդր Եսայանն էլ՝ եղբոր՝ Հայկ Եսայանի հետ հանդիսանում էր «Յուքոմ»-ի հիմնադիրը։ Այսինքն, վերը նշված ընկերությունը եւս միայն նրանք են տնօրինում։ Իսկ նրանց  հետ արդեն մոտ 600 հոգի  «Յուքոմ» ընկերությունից դուրս գալու համար ազատման դիմում է գրել։ Ի դեպ, տեղեկացնենք, որ ընկերությունն ունի ավելի քան 1500 աշխատող։




Լրահոս