Հայաստանում մարտին, փետրվարի համեմատ, մաքրող, լվացող միջոցների գներն աճել են 0.1 տոկոսով։ «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ կահույքի, կահավորանքի, գորգերի եւ հատակի ծածկերի գները եւս բարձրացել են 0.2 տոկոսով։ Իսկ, ահա, խոշոր կենցաղային սարքերը թանկացել են 0,5 տոկոսով։ Նշենք, որ հագուստի գները եւս բարձրացել են 1.2 տոկոսով, իսկ ոսկերչական զարդերինը՝ 1.8 տոկոսով։ Բայց, սրան զուգահեռ, հանրապետությունում արձանագրվել է տարբեր տեսակի կոշկեղենի 1 տոկոս գնաճ։ Հանգստի եւ մշակութային միջոցառումների հետ կապված ծառայությունների գներն են 0.1 տոկոսով բարձրացել։
Իսկ, ահա, բժշկական, կրթության, կապի, վարսավիրանոցների եւ անձնական խնամքի սպասարկման սրահների, իրավաբանական ծառայությունների սակագները նույն են մնացել։ Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի՝ մարտին, փետրվարի համեմատ, հանգստի կազմակերպման ծառայությունների սակագները նվազել են 1.2 տոկոսով։ Նկատենք, որ ոչ պարենային ապրանքների վաճառքով զբաղվող առեւտրի կետերը մարտի 20-ից հետո չեն աշխատել եւ փակ են մինչ օրս։ Եւ զարմանալի չէ, քանի որ ապակե ամանեղենի, ճաշասպասքի եւ տնային կահ-կարասու, դեղագործական ապրանքների, կենցաղային փոքր էլեկտրական սարքերի շուկաներում պահպանվել է գների փետրվար ամսվա մակարդակը։
Չի բացառվում, որ դրանց բացվելուց հետո տնտեսվարողները ե՛ւ հագուստի, ե՛ւ կոշիկեղենի գները փոքր-ինչ բարձրացնեն, որպեսզի կրած կորուստները լրացնեն։ Հուսանք՝ պատկան կառույցը՝ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը, այս դեպքում տեղում կլինի եւ կվերահսկվի, որպեսզի ոչ պարենային շուկայում այս մեծ դադարից հետո անհիմն թանկացում չարձանագրվի։
Մանրամասները՝ տեսանյութում
Սյունէ Համբարձումյան