ՖՈՏՈ․ Հենրիխ Մխիթարյանի ապագան «Ռոմայում» շարունակում է մնալ անորոշ․ օրվա թոփ 5 տրանսֆերային լուրերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իտալական «Ռոման» այդպես էլ չի կարողանում համաձայնության գալ Լոնդոնի «Արսենալի» հետ՝ Հենրիխ Մխիթարյանի ամբողջական տրանսֆերը ձեռք բերելու հարցում։ Եթե այսպես շարունակվի, ապա մեր ընտրանու ավագը կարող է վերադառնալ «Էմիրեյթս»։

ArmLur.am-ն առաջարկում է ծանոթանալ օրվա տրանսֆերային անցուդարձին (գլխավոր 5-ին անդրադարձել ենք ավելի մանրամասն)։

Խամես Ռոդրիգեսը բանակցում է 2 ակումբների հետ

Մադրիդի «Ռեալի» կոլումբիացի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացում ամենայն հավանականությամբ կփոխի ակումբային գրանցումը։ Ինչպես հայտնում է իսպանական AS-ը, Խամեսի գործակալը՝ Ժորժե Մենդեշը, բանակցություններ է վարել անգլիական «Մանչեստեր Յունայթեդի» եւ Թուրինի «Յուվենտուսի» ներկայացուցիչների հետ։

Նշվում է, որ «Արքայական ակումբը» ցանկություն ունի բաժանվել կիսապաշտպանից եւ կքննարկի յուրաքանչյուր շահավետ առաջարկ։ Խամեսի անունը շատ է կապվում հենց «Յուվենտուսի» հետ, քանի որ այնտեղ է հանդես գալիս Մադրիդի «Ռեալի» նախկին առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն, ով, ըստ տարածված լուրերի՝ շատ է ցանկանում վերամիավորվել իր նախկին խաղընկերոջ հետ։ Մադրիդի «Ռեալը» ցանկանում է բաժանվել նաեւ թիմի ուելսցի հարձակվող Գարեթ Բեյլից, սակայն վերջինս երջանիկ է Իսպանիայի մայրաքաղաքում եւ ցանկանում է մնալ այնտեղ, մինչեւ իր պայմանագրի ավարտը։ Բեյլի ծառայություններով է հետաքրքրված Լոնդոնի «Տոտենհեմը»։

«Յուվեն» Սերգեյ Միլինկովիչ-Սավիչին դիտարկում է Պոգբայի այլընտրանք

Թուրինի «Յուվենտուսը» շարունակում է կազմել իր տրանսֆերային ծրագրերը։ Առաջիկա պատուհանի ընթացում Իտալիայի գործող չեմպիոնի գլխավոր տրանսֆերային նպատակը լինելու է անգլիական «Մանչեստեր Յունայթեդի» ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան։ Calciomercato-ն տեղեկացնում է, որ թուրինյան ակումբը նաեւ դիտարկում է Հռոմի «Լացիոյի» կիսապաշտպան Սերգեյ Միլինկովիչ-Սավիչին թիմ հրավիրելու տարբերակը։ Քանի որ Պոլ Պոգբան ավելի հակված է Մադրիդի «Ռեալ» տեղափոխությանը, «Յուվենտուսում» չեն ցանկանում ժամանակ կորցնել եւ ձեռքից բաց թողնել նաեւ սերբ կիսապաշտպանին։

Հիշեցնենք, որ Մլինկովիչ-Սավիչի ծառայություններով է հատաքրքրված նաեւ «Մանչեստեր Յունայթեդը»։ «Կարմիր սատանաները» Պոգբային բաց թողնելու դեպքում կփորձեն պայմանագիր կնքել սերբ կիսապաշտպանի հետ։ Ֆրանսիական ՊՍԺ-ն եւս դեմ է ձեռք բերել Սավիչին։

Պրեմիեր լիգայի տրիոն հետեւում է Մերտենսի շուրջ զարգացող իրադարձություններին

Իտալական «Նապոլիի» առաջատարներից Դրիս Մերտենսը չի ցանկանում նոր պայմանագիր կնքել նեապոլիտանական ակումբի հետ եւ հնարավոր է լքի իտալական թիմի ճամբարը արդեն առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում, հաղորդում է La Gazzetta dello Sport-ը։ Ըստ աղբյուրի՝ բելգիացու ծառայություններով լրջորեն հետաքրքրված են Անգլիայի Պրեմիեր լիգայի ակումբները։ «Մանչեստեր Յունայթեդը», «Չելսին» եւ «Արսենալը» կատաղի պայքար կմղեն միմյանց հետ ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները ձեռք բերելու համար։
Բելգիացի հարձակվողը հոլանդական ՊՍՎ-ից է 2013 թվականին տեղափոխվել նեապոլական ակումբ։ 32-ամյա ֆուտբոլիստը «Նապոլիի» կազմում դարձել է 121 գոլի հեղինակ։

Մադրիդի «Ռեալը» Ֆերրան Տորեսի համար կպայքարի մինչեւ վերջ

Մադրիդի «Ռեալը» նախկինի պես հետաքրքրված է «Վալենսիայի» իսպանացի կիսապաշտպան Ֆերրան Տորեսի ծառայություններով։ Don Balon-ը տեղեկացնում է, որ «Արքայական ակումբը» շատ լուրջ է տրամադրված եւ Տորեսի տրանսֆերը ձեռք բերելու համար կգնա մինչեւ վերջ։ 20-ամյա իսպանացին, ով Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում դարձել է 4 գոլի եւ 4 գոլային փոխանցման հեղինակ, հայտնվել է եվրոպական մի շարք գրանդ ակումբների ուշադրության կենտրոնում։ Ֆերրան Տորեսին իրենց կազմում են ցանկանում տեսնել Թուրինի «Յուվենտուսը», մերսիսայդյան «Լիվերպուլը» եւ Դորտմունդի «Բորուսիան»։ Ավելի վաղ նշվում էր, որ Տորեսի համար մղվող պայքարում ֆավորիտը «Յուվենտուսն» է։ Հիշեցնենք, որ «Ծեր Սինյորան» առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում ծրագրում է բաժանվել իր եզրային հարձակվողներից 2-ից՝ Դուգլաս Կոստայից եւ Ֆեդերիկո Բերնարդեսկիից։

Հենրիխ Մխիթարյանը հնարավոր է վերադառնա «Արսենալ»

Հայաստնի ազգային հավաքականի եւ Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով այժմ վարձակալական հիմունքներով խաղում է իտալական «Ռոմայում», կարող է վերադառնալ լոնդոնյան ակումբ, հայտնում է Calciomercato-ն։ Ըստ աղբյուրի ՝ լոնդոնյան ակումբի ղեկավարոթյունը հայ ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց իտալացիներից պահանջում է 22մլն ֆունտ ստերլինգ, որն էլ «Ռոմայի» ղեկավարությունը պատրաստ չէ վճարել։ Նշվում է, որ հռոմեական ակումբում ջանք չեն խնայում մեր ընտրանու ավագի ամբողջական տրանսֆերը գնելու համար, սակայն դեռեւս «Արսենալի» հետ տրանսֆերային արժեքի հարցով համաձայնության գալ չի կարողանում։ Եթե կողմերը ընդհանուր լեզու չգտնեն, ապա Մխիթարյանը կվերադառնա անգլիական ակումբ։

Հիշեցնենք՝ նշվում էր, որ «Ռոման» Մխիթարյանի տրանսֆերը ձախողելու պարագայում կարող է ձեռք բերել «Չելսիի» իսպանացի ֆուտբոլիստ Պեդրո Ռոդրիգեսին կամ «Էվերտոնի» բրազիլացի հարձակվող Բերնարդին։
Հենրիխը Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում դարձել է 6 գոլի եւ 3 գոլային փոխանցման հեղինակ։

ԱՅԼ ՏՐԱՆՍՖԵՐԱՅԻՆ ԼՈՒՐԵՐ՝

«Վալենսիան» հետաքրքրված է «Ռիվեր Փլեյթի» ֆուտբոլիստ Լուկաս Մարտինեսի ծառայություններով։
«Միլանը» պայմանագիր կառաջարկի «Բրեշիայի» կիսապաշտպան Սանդրո Տոնալիին։ Նրանով հետաքրքրված են նաեւ «Յուվենտուսն» ու «ԻՆտերը»։

«Յուվենտուսը» ցանկանում է իր կզմում տեսնել «Ռեալի» իսպանացի կիսապաշտպան Դանի Սեբալյոսին։ Ֆուտբոլիստը այժմ վարձակալական հիմունքներով խաղում է Լոնդոնի «Արսենալում»։

«Տոտենհեմում» մտածում են ՊՍԺ-ի պաշտպան Տոմա Մենյեի մասին։

«Բարսելոնան» ցանկանում է լուրջ քայլերի դիմել «Սեւիլիայի» բրազիլացի ֆուտբոլիստ Դիեգո Կառլոսի տրանսֆերն իրականացնելու համար։ «Լիվերպուլը» նույնպես պայքարելու է ֆուտբոլիստի համար։

«Լիլի» հարձակվող Վիկտոր Օսիմենը կարող է կարիերան շարունակել «Արսենալում»։ Տրանսֆերը կարող է արժենալ 3մլն ֆունտ ստերլինգ։

«Յուվենտուսը» միացել է «Չելսիի» կիսապաշտպան Նգոլո Կանտեի համար մղվող պայքարին։ «Խաղի մեջ» են նաեւ ՊՍԺ-ն ու «Ռեալը»։

«Ինտերը» դիտարկում է «Ատլետիկոյի» կիսապաշտպան Թոմաս Փարթիին թիմ հրավիրելու տարբերակը։

«Բարսելոնան» եւ «Մանչեստեր Սիթին» հնարավոր է փոխանակվեն ֆուտբոլիստներով։ Գործարքի իրականացման դեպքում Նելսոն Սեմեդուն կտեղափոխվի «Մանչեստեր Սիթի», իսկ Ժոաու Կանսելուն՝ «Բարսելոնա»։

«Բրայթոնի» հարձակվող Ալիրեզա Ջահանբաշխը հետաքրքրել է Ամստերդամի «Այաքսին» եւ իտալական «Նապոլիին»։

ԷԴՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս