Սիրո հարցում անհամբեր եմ, ուզում եմ ամեն բան միանգամից լինի. Նաիրա Մովսիսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է թատրոնի եւ կինոյի դերասանուհի Նաիրա Մովսիսյանի հետ: Նա անդրադարձել է իր բնավորության ոչ ստանդարտ գծերին, որոնց համար հաճախ տուժում է, նշել, թե ինչն է իրեն հունից հանում: Նաիրան խոստովանել է, թե ինչ է փոխվել իր կյանքում հայտնի դառնալուց հետո, պատմել, թե ինչպիսին է սիրո հարցում:

-Նաիրա՛, ի՞նչ եք ցանկանում վերցնել կյանքից:

-Այն ամենի պատասխանը, ինչ ես տալիս եմ կյանքիս ընթացքում:

-Ո՞րն է Ձեր բնավորության ոչ ստանդարտ կողմը:

-Ոչ նորմալ մտածելակերպը: Միշտ տարբեր եմ մտածել եւ արտահայտել եմ այն, ինչ մտածել եմ, իսկ իմ մտածածը մեր մենթալիտետին բնորոշ չէ, մեր հասարակության կողմից հաճախ ընկալելի չէ: Միշտ ապրել եմ այնպես, ինչպես ցանկացել եմ ես, ոչ թե հասարակությունը:

-Ավելի շատ ապրում եք անցյալո՞վ, ներկայո՞վ, թե՞ ապագայով:

-Շատ հաճախ ապրում եմ անցյալով, հաճախ՝ ներկայով, բայց փորձում եմ դեպի ապագա գնալ:

-Այս երեքից ո՞րը Ձեր մասին չէ՝ արագաշա՞րժ, ալարկո՞տ, թե՞ սեւ հումորի սիրահար:

-Ո՛չ ալարկոտ եմ, ո՛չ էլ սեւ հումորի սիրահար:

-Ձեզ միշտ հետաքրքրել է, թե ինչու…

-Ինչու եմ ես ծնվել այնտեղ, որտեղ կան սահմաններ, ինչու՞ եմ ապրում հենց երկիր մոլորակի վրա…

-Ձեզ հնարավոր չէ տեսնել փաբերո՞ւմ, ռոք համերգների ժամանա՞կ, թե՞ կենդանաբանական այգում:

-Երեք տեղերում էլ հնարավոր է տեսնել:

-Համբերությունից դուրս եք գալիս, երբ…

-Ստում են, երբ ինձ անտեղի մեղադրում են:

-Նախընտրում եք, որ ամեն ինչ լինի միանգամի՞ց, ինչպես ասում է Սեւակը, թե՞ որ Դուք նախապես տրամադրվեք սպասվող իրադարձություններին:

-Թող ամեն բան միանգամից լինի:

-Տխրում եք, երբ…

-Երբ սպասելիքներս չեն արդարանում:

-Այս երեքից ո՞ւմ եք դժվարությամբ հասկանում՝ կենդանի վարժեցնողի՞ն, գեղեցկության մրցույթի մասնակցի՞ն, թե՞ ժայռից ցատկողին, որը էքստրիմի սիրահար է:

-Կենդանի վարժեցնողին:

-Ձեր կյանքի դժվարին փուլն ինչի՞ հետ էր կապված, կարո՞ղ եք մի փոքր պատմել, թե ինչպես հաղթահարեցիք այն:

-Հանգիստ եմ տանում դժվարությունները: Իմ կյանքում շատ են եղել դժվարություններ, որոնց մասին մարդիկ իմանալով սթրես են ապրել, բայց ես նորմալ եմ տարել…

-Կինը սեքսուալ է, երբ…

-Կանացի է:

-Սիրո հարցում ինչպիսի՞ն եք:

-Անհամբեր եմ: Չեմ համբերում, որ հարաբերություններն ընդունված ձեւերով ընթանան: Նախընտրում եմ, որ ֆիլմի նման ամեն բան արագ դասավորվի:

-Դժվարությամբ եք համակերպվում այն մտքի հետ, որ…

-Շատ բաներ, ցավոք, ինձնից կախված չեն:

-Մարդկանց հետ շփումներում ո՞ր դեպքում եք պատ դնում, ո՞ր դեպքում է, որ մարդկանց Ձեզ մոտ չեք թողնում:

-Բոլոր դեպքերում: Ես անհասկանալի եմ իմ շրջապատի կողմից, հետեւաբար չարժե տառապել հասկանալի դառնալու համար: Յուրաքանչյուրս մեր տեսակի մեջ եզակի ենք, ես էլ շատերի համար ընկալելի չեմ:

-Հայտնի դառնալուց հետո ի՞նչ է փոխվել Ձեր կյանքում: Դուք զգու՞մ եք կախվածություն հասարակությունից:

-Իմ ամբողջ կյանքը սկսել է տնօրինել հասարակությունը եւ ոչ ես: Իմ կյանքը դարձել է բոլորինը: Իմն այլեւս միայն իմը չէ, բոլորինն է: Հաճախ իմ մասին բոլորն իմացել են, հետո միայն՝ ես:

-Ո՞վ է Ձեր սիրելի արձակագիրը հայ եւ արտասահմանցի գրողների շրջանում:

-Նար Դոս, Օ. Հենրի, Դոստոեւսկի, Չեխով, Գի դը Մոպասան, Ալբեր Քամյու:

-Ո՞վ է Ձեր նախընտրելի ռեժիսորը:

-Վահե Շահվերդյանը, Նարեկ Դուրյանը՝ որպես բեմադրիչներ, եւ եթե աշխարհի մակարդակով վերցնենք, Վուդի Ալենը՝ որպես ռեժիսոր, ինչպես նաեւ Մել Գիպսոնը, որն ապշեցրել է ինձ ոչ միայն որպես դերասան, այլեւ որպես ռեժիսոր:

-Ձեր ո՞ր հատկության համար եք սովորաբար տուժում:

-Լեզվիս տակ ոսկոր չունենալու:

-Եվ վերջին հարցը՝ օրը լավ կանցնի, եթե…

-Ես այդպես կամենամ:

Աննա Բաբաջանյան




Լրահոս