ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը համաձայն չէ այն մտքի հետ, որ Ազգային ժողովում գործող 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովկին նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եւ Շտաբի պետ Յուրի Խաչատուրովի մասնակցության պարագայում միայն կարող է պատերազմների հանգամանքների բացահայտում լինել։
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նախկին նախարարը նկատեց, որ յուրաքանչյուր անձի տեղեկատվությունն էլ կարող է կարեւոր լինել, սակայն նաեւ ընդգծեց, որ հանձնաժողովին տրված զեկույցը հիմնականում կազմվել է հենց Խաչատուրովի մասնակցությամբ։ Նախկին նախարարը նաեւ համաձայն չէ, թե Խաչատուրովը սարսափելու որեւէ բան ունի։ ։ «Կարծում եմ՝ Յուրի Խաչատուրովն եւ այդ փաստաթղթերի շրջանակներում եւ իր անցած կենսագրությամբ սարսափելու որևիցե մի բան չունի։
Պարզապես յուրաքանչյուր անձ ինքն է որոշում՝ ներկայանալ կամ չներկայանալ, մանավանդ որ այն, ինչ որ ինքը պետք է ասի, այդ փաստաթղթերի շրջանակներում արդեն ներկայացվել է տվյալ հանձնաժողովին», – նշեց նախկին նախարարը։ Նա նաեւ կարծիք հայտնեց, թե հանձնաժողովի աշխատանքները պետք է ավարտել։ «Իսկ ինչ վերաբերում է ինձ, ես ներկայացել եմ այդ հանձնաժողովին եւ ասել, պնդել հետեւյալը․ ես այդ հանձնաժողովը երբեւիցէ չէի կազմի։ Եթե կան խնդիրներ, որոնք ուզում են ճշտել, ապա համապատասխան մարմինները կարող են աշխատել ՊՆ կամ շտաբի ղեկավարության հետ։ Հանձնաժողովի աշխատանքները պետք է ավարտել», – հավելեց նա։
«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հետ։
-Պարո՛ն Օհանյան, Դուք մասնակցել եք խորհրդարանում ստեղծված 2016 թվականի ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող քննիչ հանձնաժողովի նիստին։ Դուք և՞ս այն կարծիքին եք, որ միայն երկու անձի ներկայության դեպքում կարող է պատերազմի հանգամանքների բացահայտում լինել։
-Ես այդ դիրքորոշումը չեմ կիսում, որովհետեւ ՊՆ-ում, համագործակցելով Արցախի ՊՆ-ի ղեկավարության հետ, ապրիլյան պատերազմից հետո խորը վերլուծություն է իրականացվել։ Եվ այդ վերլուծության արդյուքում համապատասխան եզրակացություններ են կազմվել՝ զինված ուժերի զարգացումն ապահովելու համար։ Զինված ուժերում գոյություն ունեցող զարացման պլանների մեջ այնքան էլ մեծ փոփոխություններ չեն իրականացվել, պարզապես յուրաքանչյուր նոր իրողություն՝ մանավանդ մարտական իրադրության շրջանակներում, փոփոխություններ են մտցնում։
Միևնույն ժամանակ ասեմ՝ ուրաքանչյուր անձի ինչ-որ տեղեկատվություն կարող է լրացնել այն ընդհանուր բազան, որը որ գոյություն ունի ապրիլյան պատերազմի մասին։ Մանավանդ այնպիսի անձնավորություն, ինչպիսին հանրապետության երրորդ նախագահն է, բայց չեմ կարծում՝ մեծ փոփոխություններ կլինեն այն վերլուծության մեջ, որ կա բանակում։ Միայն դրան կավելանա ասենք երկրի ռազմաքաղաքական ղեկավարության ունեցած տեղեկատվությունները։
-Իսկ Յուրի Խաչատուրովի չգալն ինչի՞ հետ եք կապում։ Օրինակ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասում է, թե նա սարսափում է։ Դուք ի՞նչ եք կարծում՝ արդյոք նա իսկապես սարսափելու պատճառ ունի։
-Այն վերլուծությունը, որ Զինված ուժերից ուղեկցվել է այդ հանձնաժողովին, կազմվել է նաեւ գեներալ-գնդապետ Խաչատուրովի մասնակցությամբ։ Նրա ունեցած տեղեկատվությունն այնտեղ տեղ ունի, մանավանդ որ ինքը զբաղեցրել է Գլխավոր շտաբի պետի պաշտոնը։ Կարծում եմ՝ Յուրի Խաչատուրովն եւ այդ փաստաթղթերի շրջանակներում եւ իր անցած կենսագրությամբ սարսափելու որևիցե մի բան չունի։ Պարզապես յուրաքանչյուր անձ ինքն է որոշում՝ ներկայանալ կամ չներկայանալ, մանավանդ որ այն, ինչ որ ինքը պետք է ասի, այդ փաստաթղթերի շրջանակներում արդեն ներկայացվել է տվյալ հանձնաժողովին։
-Գուցե հանձնաժողովին չի՞ բավարարել այդ փաստաթուղթը։ Եվ նաև նրանք ասում են, թե ինֆորմացիայի 90 տոկոսը հենց Խաչատուրովն է տիրապետում։ Դուք կիսո՞ւմ եք այդ դիրքորոշումը։
-Ես Ձեր ասածի հետ համաձայն չեմ, որովհետեւ պաշտպանության նախարարությունը եւ նրա ենթակայության տակ գտնվող Գլխավոր շտաբն իր գործունեության շրջանակներում համագործակցության մեթոդով են աշխատում ու յուրաքանչյուրն իր պարտականության շրջանակներում համապատասխան տեղեկատվությունն է տալիս։ Նաեւ համաձայն չեմ այն առումով, որ Դուք ասում եք՝ զինվորը զենք չի ունեցել, կամ մատակարարման հետ կապված խնդիրներ են եղել։ Նախարարությունից եւ հրամանատարներից կախված մարտական եւ նյութատեխնիկական ապահովումն իրականացվել է բարձր մակարդակի Իհարկե, որոշ տարաձայնություններ եղել են, ասենք մարտավարական օղակում, բայց որևիցէ մի օղակում ասենք ապահովման խնդիրներ մենք չենք ունեցել։
-Դուք ներկայացել եք քննիչ հանձնաժողովին եւ Անդրանիկ Քոչարյանն ասել է՝ բոլոր հարցերին պատասխանել եք։ Սարսափեցնող հարցեր կային, որը կարող էր սարսափեցնել Խաչատուրովին եւ ի վերջո ինչու նա չի ներկայանում։ Թաքնցնելու բաներ ունի՞։
-Յուրաքանչյուրն ինքն է որոշում՝ ներկայանալ կամ չներկայանալ։ Որևիցէ մի պարտավորվածություն ոչ մեկը չունի եւ նաեւ Խաչատուրովը։ Իսկ ինչ վերաբերում է ինձ, ես ներկայացել եմ այդ հանձնաժողովին եւ ասել, պնդել հետեւյալը․ ես այդ հանձնաժողովը երբեւիցէ չէի կազմի։ Եթե կան խնդիրներ, որոնք ուզում են ճշտել, ապա համապատասխան մարմինները կարող են աշխատել ՊՆ կամ շտաբի ղեկավարության հետ։
Նման տեղեկատվությունը խորը գաղտնիություն է պարունակում եւ քանի որ որոշումն ընդունվել է, պետք է արագ աշխատանքներն ավարտել եւ ես այդ տրամաբանությամբ էի ներկայացել։ Սարսափեցնող որեւէ բան չի եղել, սակայն գիտեք՝ քանի տարի է անցել եւ միգուցե հարցերի քննարկման շրջանակներում փոխադարձ լրացնող, հիշեցումներով այդ ամբողջ տեղեկատվությունը քննարկվել եւ վերջնական տեսքի է բերվել։ Ես կարծում եմ՝ անհրաժեշտ է ավարտել այդ աշխատանքները։
Թերությունները բոլորն էլ ունեն, սակայն դա պետք է գաղտնի գտնեն եւ միայն մասնագետներին ասվի, դրանք հասարակության քննարկման առարկա չէ։
Զրուցեց Սոնա Գրիգորյանը