Պաշտոնյաներին մնաց 16 օր․ ինչ է սպասվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2020 թվականի ապրիլի 13-ից գործարկվել է 2019 թվականի գույքի, եկամուտների և շահերի տարեկան հայտարարագրերի լրացման էլեկտրոնային համակարգը, և ըստ այդմ մեկնարկել է հայտարարագրեր ներկայացնելու գործընթացը։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից ArmLur.am-ը տեղեկանում է, որ հայտարարագրերի լրացման կանոնների վերաբերյալ անհատական էլեկտրոնային փոստի միջոցով Հանձնաժողովը ծանուցել է բոլոր հայտարարատու անձանց՝ ըստ գերատեսչությունների կողմից ներկայացված ցանկերի։

Հանձնաժողովից տեղեկացնում են, որ անհրաժեշտ է մինչև 2020 թվականի ապրիլի 20-ը հայտարարգրերի էլեկտրոնային շտեմարանի «Անձնական տվյալներ» մասում մուտքագրել եւ  հաստատել ընտանիքի անդամների տվյալները, այդ թվում էլեկտրոնային փոստի հասցեն։ Այս գործողությունը պարտադիր է բոլոր պաշտոնատար անձանց համար, նույնիսկ այն պարագայում, երբ նախկին հայտարարագրերում ընտանիքի անդամների տվյալներն արդեն ներկայացվել են։ Ընտանիքի անդամների տվյալների հաստատումից անմիջապես հետո ընտանիքի անդամները ևս կստանան հայտարարագրման պարտավորության վերաբերյալ ծանուցում։

Հիշեցնենք, որ հայտարարագրերի լրացման վերջնաժամկետը թե՛ պաշտոնատար անձանց, թե՛ ընտանիքի անդամների համար 2020 թվականի մայիսի 31-ն է։ Իսկ ինչ է սպասվում դրանից հետո։ Նախ հիշեցնենք, որ ի սկզբանե հայտարարագիր ներկայացնելու ժամկետը մարտի 31-ն էր, սակայն որոշում կայացվեց երկարաձգել ժամկետը՝ հաշվի առնելով մի շարք հանգամանքներ եւ միեւնում ժամանակ նշվում էր, որ մինչեւ մարտի 31-ը հայտարարագիր չներկայացնելը պաշտոնատար անձանց համար որևէ հետևանք չի առաջացնելու։

Հավելենք, որ ամբողջովին փոխվել է հայտարարագրման կարգը․ այյն  ներառում է շահերի հայտարարագրումը։ Օրինակ, դրամական միջոցները նախորդ հայտարարագրերում նշվել են ամբողջական ձևով: Նոր հայտարարագրերում  առանձնացվել է,  թե այդ դրամական միջոցներն ինչ ձևով են պահվում հայտարարատու անձի կողմից։ Մեկ այլ օրինակ՝ գույքի և եկամուտների հետ կապված գործարքներին վերաբերող: Դա ենթադրում է, որ ոչ միայն փաստացի արձանագրվում են այդ օրվա դրությամբ ունեցած եկամուտներն ու գույքը, այլև գույքի հետ տարվա ընթացքում տեղի ունեցած փոփոխությունները, ինչպես նաև ֆինանսական հոսքերը, դրանց ծագման աղբյուրները: Եվ դա ոչ միայն վերաբերում է պաշտոնական անձին, այլև նրա ընտանիքի անդամներին:

Եվ այս անգամ հայտարարատուներին ծանուցումները լինելու են ամբողջովին ավտոմատացված:

 

 

Նաիրա Հովհաննիսյան

 




Լրահոս