Անգլիական «Լիվերպուլը» կարող է միանալ ֆրանսիական ՊՍԺ-ի աստղային հարձակվող Կիլիան Մբապեի համար մղվող պայքարին, հաղորդում է The Sun-ը:
Աղբյուրի տվյալներով ՝ «Լիվերպուլը» Մբապեի հետ բանակցություններ կսկսի այն դեպքում, եթե անգլիական ակումբի սենեգալցի հարձակվող Սադիո Մանեն առաջիկա տրանսֆերային պատուհանի ժամանակ տեղափոխվի Մադրիդի «Ռեալ»: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մանեն դարձել է «Արքայական ակումբի» գլխավոր տրանսֆերային նպատակներից մեկը:
Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում Մանեն «Լիվերպուլի» կազմում անցկացրել է 26 հանդիպում` դառնալով 14 գոլի եւ 7 գոլային փոխանցման հեղինակ: Սենեգալցին Չեմպիոնների լիգայում անցկացրած 8 խաղերում էլ դարձել է 2 գոլի հեղինակ:
Կիլիան Մբապեն Ֆրանսիայի Լիգա 1-ի ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 20 հանդիպման` խփելով 18 եւ կատարելով 5 արդյունավետ փոխանցում: Ֆրանսիացին Չ/Լ-ում անցկացրած 7 հանդիպումներում դարձել է 5 գոլի հեղինակ: Մբապեի եւ փարիզյան թիմի գործող պայմանագիրը լրանում է 2022 թվականի ամռանը:
Հիշեցնենք , որ 21-ամյա հարձակվողի ծառայություններով է հետաքրքրված նաեւ Մադրիդի «Ռեալը»:
Էդմոն Մարտիրոսյան