Հարկադիր պարապուրդի մատնված «Մուատ» ՓԲԸ-ի մոտ 250 վարորդ մեկ ամիս է հարկադրված պարապուրդի մեջ են և աշխատավարձ չեն ստացել, նրանք բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով աջակցություն Կառավարությունից։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ բողոքի ակցիա իրականացնող երթուղայինների վարորդները նշում են, որ երթուղայինների գործունեության արգելքից հետո չեն կարողանում գումար վաստակել, քանի որ օրավարձով աշխատողներ են։
«Հիմնական խնդիրն այն է, որ ուզում ենք իմանալ, թե ո՞վ է մեզ վճարելու։ Աջակցության ծրագրերից ոչ մեկի շահառու մենք չենք հանդիսանում։ Անձամբ ես մեր տան միակ աշխատողն եմ, ապրում ենք 7 հոգով, որոնցից մեկը 1 տարեկան երեխա է, և չգիտեմ այսօր ինչպես պահել ընտանիքս»,- ասաց բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը:
Վարորդները նշեցին, որ իրենց տնօրինությունն ասում է, եթե Կառավարությունը գումար փոխանցի, ապա այդ գումարը կհատկացվի վարորդներին։
«Մեր տնօրինությունն ասում է, որ կառավարութունը միջոցներ չի հատկացնում տրանսպորտի ոլորտին։ Այժմ էլ մեկ ամսով երկարացվեց արտակարգ դրությունը»,- ասաց վարորդներից մեկը:
Վարորդները շեշտեցին, որ եթե իրենց խնդրին լուծում չտան, ապա կգնան Կառավարության մոտ: Նրանք նշում են, որ անցած ամիս աշխատել են, նույնիսկ դրա համար չեն վճարվել:
«Մուատ» ՓԲԸ տնօրեն Կարեն Բեգլարյանը, ով ժամանեց բողոքի ակցիայի մասնակիցների մոտ և լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ իրենք դիմել են Կառավարությունը, Պարետատուն ու Երևանի քաղաքապետարան և դեռևս ոչ մի պատասխան չեն ստացել։
«Մենք այդ կառույցներին դիմել ենք դեռ այն ժամանակ, երբ գործունեությունը դադարեցված չէր, սակայն արդեն աշխատանքը շատ վատ էր, և պատասխան չունենք։ Վարորդները 11 միջոցառումներից ոչ մեկում ընդգրկված չեն, սակայն պետք է ապրեն և ընտանիքները պահեն։ Թող մեզ ասեն՝ ով է պատասխանատու այս հարցի համար, որպեսզի մենք հենց իրենց դիմենք։ Վերջին անգամ Կառավարություն ու Պարետատուն ենք դիմել մոտ 10 օր առաջ և կրկին պատասխան չենք ստացել։ Անցյալ ամսվա բոլոր հարկերը տվել ենք և այժմ սպասում ենք, թե ինչպես պետք է այս հարցը լուծվի»,- նշեց Բեգլարյանը։