Այսօր քվեարկությունից հետո Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը պատասխանել է լրագրողների հարցերին։
Նախագահն իր խոսքում ասել է, որ ինքը ցանկանում է, որ ԱՀ հաջորդ նախագահը պատասխանատվությամբ ծավալի իր գործունեությունը և կատարի առաքելությունը։
«Կարծում եմ՝ այդ պատասխանատվությունը բոլոր առումներով կնպաստի նոր նախագահի գործունեությանը, ինչպես նաև այն խնդիրների լուծմանը, որոնք առկա են մեր երկրում։ Այդ պատասխանատվությունը բարենպաստ պայմաններ կստեղծի հետագա նվաճումների համար։ Մենք միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքների շրջանակներում համադրել ենք ողջամիտ գործողությունների իրականացումը, որոնք առաջին հերթին ուղղված են մեր քաղաքացիների առողջության ապահովմանը: Կարծում եմ՝ մեր գերատեսչական հանձնաժողովն ունակ է ինչպես նախկինում, այնպես էլ ապագայում իր առջև դրած խնդիրներն իրականացնելու։ Ընտրությունների հետ կապված՝ մենք հաշվի ենք առել հնարավոր ռիսկերը և հավելյալ հնարավորություններ ենք ստեղծել, որպեսզի այս քաղաքական գործընթացի անցկացումը լրացուցիչ խնդիրներ չառաջացնի»,-մասնավորապես ասել է նախագահը։
Անդրադառնալով նոր համաճարակի պայմաններում ընտրությունների անցկացման հարցին՝ Բ. Սահակյանն ասել է, որ իրենք գործում են ԱՀ Սահմանադրության պահանջներին համապատասխան և որ այս ընթացքում բազմաթիվ հնարավորություններ են ունեցել անդրադառնալու հարցին։
«Ամբողջությամբ արդարացված և հիմնավորված եմ համարում պետության կողմից գործադրված քայլերը. մենք հակասություններ չենք տեսնում։ Ճիշտ հակառակը՝ գործել և գործում ենք իրավիճակների պահանջներին համապատասխան։ Մեր գործողությունները նպատակ են հետապնդում մեր հայրենիքի համար նպաստավոր պայմաններ ստեղծելու՝ ապահովելով մեր երկրի զարգացումը, անվտանգությունը և հասարակական հարաբերությունների ապահովումը: Մեր գործողությունները փաստում են, որ մենք պատասխանատվությունից չենք խուսափում»,-նշել է Բ Սահակյանը։