Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել հերթական
խորհրդակցությունը՝ կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման ուղղությամբ իրականացվող հակաճգնաժամային
քաղաքականության վերաբերյալ։
Բացելով քննարկումը՝ վարչապետ Փաշինյանը նշել է. «Մենք այս ձևաչափով արդեն գրեթե մեկ ամիս
ամենօրյա ռեժիմով աշխատում ենք, և մեր նպատակն ի սկզբանե եղել է և շարունակում է մնալ կորոնավիրուսի
համաճարակի բերած տնտեսական և սոցիալական հետևանքները մեղմելուն ուղղված միջոցառումներ ընդունելը։ Այս
պահի դրությամբ մենք ընդունել ենք 11 միջոցառում, այսօր ևս մեկը գրավոր ընթացակարգով ընդունվել է, այսինքն՝
12 միջոցառում և կարծում եմ՝ հիմա ժամանակն է ամփոփելու այս փուլի աշխատանքները՝ հասկանալու համար, թե
միջոցառումներից որոնք են, որ արդյունավետ են աշխատում, որոնք են, որ այնքան էլ արդյունավետ չեն, և մենք ինչ
փոփոխություններ պետք է մտցնենք մեր մոտեցումներում և մարտավարության մեջ՝ ճգնաժամին առավել արդյունավետ հակազդելու համար»։
Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը ներկայացրել է 1-ին և 2-րդ միջոցառումների ընթացիկ
արդյունքները։ Նրա խոսքով՝ 1-ին միջոցառման մասով կա որոշակի առաջադիմություն, նոր հայտեր են ստացվում։
Ընդհանուր հաստատված վարկերի քանակն այս պահի դրությամբ կազմում է 214, ծավալը՝ 9 մլրդ 715 մլն դրամ: Ընդ
որում՝ նշված վարկային ռեսուրսներից 828 մլն 500 հազար դրամն ուղղվելու է 2055 աշխատակցի աշխատավարձերի
վճարմանը։ 2-րդ միջոցառման շրջանակում հաստատվել է 770 վարկային հայտ, որից գյուղատնտեսության ոլորտին
տրամադրված միկրովարկերի քանակը կազմում է 479։ Հաստատված վարկային գումարի ծավալը 1 մլրդ 844 մլն
դրամ է, որից գյուղոլորտին արդեն իսկ հատկացված վարկային ռեսուրսների ծավալը կազմում է 346.5 մլն դրամ։ ԿԲ
նախագահը նշել է, որ մոնիթորինգի արդյունքների համաձայն՝ 479 հաստատված գյուղվարկերի մեծ մասն արդեն իսկ
ծառայում է նպատակին և ներդրվել է տնտեսության մեջ։
Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն անդրադարձել է 3-րդ միջոցառման կատարման ընթացքին.
հաստատվել է 102 վարկային հայտ՝ 947 մլն դրամ ծավալով։ Նրա խոսքով՝ ներկայում շրջանառության մեջ է
միջոցառման որոշ չափանիշների փոփոխությունների նախագիծը, և դրա հաստատմամբ ակնկալվում է, որ այս
միջոցառման շրջանակում տրամադրվող վարկային ռեսուրսների ծավալը կավելանա ևս 700-800 մլն դրամով։
Մանրամասները՝ տեսանյութում։