ՏԵՍԱՆՅՈՒԹ․«Առաջին 2 ռաունդներից հետո պարտվում էի թուրք բռնցքամարտիկին․ այդ պահին «պայթեց» դահլիճը․․․ 3-րդ ռաունդում ես նոկաուտի ենթարկեցի նրան»․ Սերգեյ Հակոբյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պայքարել, չհանձնվել եւ նվիրվել անձնվիրաբար․ահա այն հատկանիշները, որոնք մարզիկին կարող են տանել հաջողության ճանապարհով, իսկ կարիերայի վերջում նրա անունը դաջել համաշխարհային սպորտի պատմության մեջ։
Այդ ուղին բռնած մարզիկներից մեկն էլ հայազզգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Սերգեյ Հակոբյանն է,ով պրոֆեսիոնալ ռինգում անցկացրած 5 մենամարտերից հաղթել է բոլորում, ով մարզվում է անդադար եւ ամեն ինչ անում մեծ բարձունքների հասնելու համար։ ArmLur.am-ը բացառիկ հարցազրույց է ունեցել հայ բռնցքամարտիկի հետ։

-Կորոնավիրուսի համավարակի տարածման պատճառով արտակարգ դրություն է հայտարարված աշխարհի գրեթե բոլոր երկրներում։ Ի՞նչ իրավիճակ է Ռուսաստանում, ավելի կոնկրետ Մոսկվայում, որտեղ որ գտնվում եք դուք։ Արդյո՞ք կա խուճապային տրամադրություն։

-Դժվար ժամանակներ են։ Կասեմ,որ այստեղ մարդիկ փորձում են պինդ լինել եւ միայն մտածում են չվարակվելու մասին։ Շատերը վախեցած են եւ նույնիսկ տներից դուրս չեն գալիս, դուրս գալու դեպքում էլ աշխատում են ոչ մեկի հետ չշփվել ապահովության համար։ Ամեն դեպքում, պետք է ամեն տեղ փնտրել նաեւ լավը։ Կարծում եմ՝ կորոնավիրուսային համաճարակը շատ բան կարող է սովորեցնել մարդկությանը։ Սա հնարավորություն կտա գնահատել շատ այլ արժեքներ, որոնք միշտ սովորական են եղել՝ ընկերությունը, շփումը եւ իհարկե՝ ազատությունը։ Ժողովրդի մեծ մասը հասկանում է, որ ամենակարեւորը փողը չէ, ոմանք էլ այս պահին հնարավորություն չունեն աշխատելու այդ փողը, սակայն հնարավորություն եւ ժամանակ ունեն գնահատելու մարդակային մեծ արժեքները։ Միանշանակ աշխարհում կան փողից շատ ավելի կարեւոր բաներ։

-Ինչո՞վ եք զբաղվում այս կարանտինային շրջանում։

-Ճիշտն ասած, այս կարանտինային շրջանում ես ավելի շատ եմ մարզվում, որովհետև ունեմ ավելի շատ ազատ ժամանակ։ Օրը սկսում եմ առավոտյան վազքով։ Օրվա երկրորդ պարապունքի ընթացքում աշխատում եմ ֆիզիկական պատրաստվածությունս բարելավելու վրա։ Մարզումների այս շրջանում հենց դրանով եմ զբաղվում։

-Ինչպես են ընթանում մարզումներդ, արդյո՞ք դրանք ավելի ծանր են քան մենամարտերը։

 

-Ինձ մոտ հենց այդպես է՝ մարզումներն ավելի ծանր են քան մենամարտերը։ Մանկուց իմ հոգեբանության մեջ ձեւավորվել է, որ հաղթանակի հասնելու համար պետք է շատ տանջվեմ եւ մարզումների ժամանակ չխնայեմ ինձ։ Պարապմունքների ժամանակ շատ է լինում, որ հոգնում ես եւ զգում ես, որ օրգանիզմդ ի վիճակի չէ շարունակելու, սակայն հենց այդ պահը պետք է հաղթահարես ՝ շարունակես մարզվել, որ հասնես արդյունքի։ Ես հենց այդպես եմ վարվում։ Մարզումներին ինձ չխնայելը օգնում է, որ ռինգ դուրս գամ ավելի վստահ։ Միայն ծանր մարզումներ անցկացնելուց հետո կարելի է վստահ լինել, որ մենամարտերի ժամաանկ կկարողանաս անել ամեն ինչ հաղթանակի հասնելու համար։ Կարծում եմ՝ ինչ-որ բանի հասնելու համար պետք է փորձես գործադրել քո ուժերից ավելին, եւ դա այդպես է կյանքի բոլոր բնագավառներում։ Միշտ պետք է հիշել, որ հաղթում է նա, ով պայքարում է մինչեւ վերջ։

-Բոլոր բռնցքամարտիկներն էլ ունեն իրենց նախընտրած մենամարտելու ոճը եւ սիրելի հարվածները։ Դուք մենամարտելու ո՞ր ոճն եք նախընտրում։

-Իրականում ես փոփոխում եմ իմ մենամարտելու ոճը՝ կապված մրցակցից։ Բոլոր մենամարտերից առաջ ես ունեմ նախապես պլանավորած պաշտպանվելու եւ հարձակվելու ծրագիրը։Կան կարեւոր եւ փոքր նյուանսներ, որոնց անպայման պետք է ուշադրություն դարձնել մենամարտից առաջ՝ կախված մրցակցից։ Կասեմ, որ ինձ ավելի շատ հոգեհարազատ է ամերիկական բռնցքամարտի ոճը։ Ես սիրում եմ աշխատել ուսով, ինչպես բնորոշ է ամերիկացի բռնքամարտիկներին, մասնավորպես՝ Ֆլոյդ Մեյվեզերին։ Մարտերի ժամանակ շատ եմ փոխում դիրքս, որը իրականում շատ բարդ է եւ ոչ ստանդարտ, բայց դեռեւս դա անելը շատ լավ է ստացվում մոտս։ Իմ ամենասիրած հարվածը ձեռքերի վերեւով իրականացվող հարվածն է, որը այսպես սած «զենքերիցս» մեկն է։

-Քանի որ խոսեցիք Ֆլոյդ Մեյվեզերի մասին՝ կցանկանամ մի հարց տալ կապված նրա հետ։ Վերջին շրջանում շատ են խոսակցությունները, որ Մեյվեզերը հնարավոր է մենամարտի UFC թեթեւ քաշային չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովի հետ։ Դուք ՝ որպես պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, ի՞նչ կարծիքի եք, արդյո՞ք Նուրմագոմեդովը շանսեր ունի Մեյվեզերի դեմ մենամարտում։

-Կարծում եմ շատ հավանական է, որ այդ մենամարտը կկայանա, բայց ասել, որ Նուրմագոմեդովը շանսեր ունի Ֆլոյդի դեմ պրոֆեսիոնալ բռնցքամարտում ՝ սխալ կլինի։ Ես շփում ունեմ Նուրմագոմեդովի մտերիմների հետ եւ կասեմ, որ Խաբիբն ինքն էլ լավ գիտի, որ չի կարող բռնցքամարտում մրցել Ֆլոյդի հետ ու հաղթել։ Եթե մենամարտը կայանա MMA-ի կանոններով, ապա Խաբիբը ավելի շատ շանսեր կունենա հաղթելու։ Բանն այն է, որ MMA-ում միայն հարվածային տեխնիկան չէ, որ կարող ես օգտագործել։ Խաբիբը MMA-ում է տրիումֆ, իսկ Ֆլոյդը՝ բռնցքամարտում։ MMA-ն եւ բռնցքամարտը միմյանցից շատ տարբեր են։ Մեկ պարզ օրինակ բերեմ․ պատկերացրեք ռեգբիիստը փորձի ֆուտբոլ խաղալ կամ հակառակը։ Կցականայի հիշել Մեյվեզեր – Քոնոր Մաքգրեգոր մենարտը, որը իմ կարծիքով շոու էր։ Մեյվեզերը այսպես ասած խաղում էր Քոնորի հետ եւ չէր ցանկանում շատ շուտ ավարտել մենամարտը։ Վստահաբար կարող եմ ասել, որ Ֆլոյդը ցանկության դեպքում մենամարտը կավարտեր շատ ավելի շուտ։ Ֆլոյդը բացառիկ բռնցքամարտիկ է պատմության մեջ, նա մեծ հաջողությունների է հասել իր կարիերայում եւ այդ ամենը առաջինը իր խելքի շնորհիվ է։ Այս սպորտաձեւում քչերը կան,ովքեր եւ հզոր բռնցքամարտիկ են եւ կարողանում են շոու անել․ Մեյվեզերը նրանցից մեկն է միանշանակ։ Հիմա ժամանակները փոխվել են, այժմ շոուն ավելի մեծ գնահատանքի է արժանանում։ Շատ հնարավոր է, որ շոու անող սպորտսմենը ավելի մեծ հաջողությունների հասնի իր կարիերայում, քան այն մեկը, որն իրոք ուժեղ է իր սպորտաձեւում։

-Խաբիբից, Քոնորից եւ Ֆլոյդից հիմա անցում կատարենք մեր թեմային։ Գիտենք՝ բռցքամարտում ամենակարեւոր ունակություններից մեկը արագությունն է։ Ի՞նչ կասեք, արագաշարժ մրցակիցների դեմ ինչպե՞ս կարելի է ճիշտ մենամարտել եւ հաղթել։

-Ես մենամարտեր ունեմ անցկացրած արագ բռնցքամարտիկների հետ եւ նրանց հաղթել եմ ճիշտ հակագրոհներ կազմակերպելու շնորհիվ։ Երբ արագ հարվածներ եմ ստանում, այդ ժամանակ պաշտպանվում եմ միայն եւ նպատակս արդեն դառնում է ոչ թե շատ հարվածներ կատարելը, այլ՝ քիչ, բայց ուժգին։ Հենց այդպիսի հարվածների եւ հակագրոհների շնորհիվ էլ կարողացել եմ թուլացնել մրցակիցներիս արագությունն ու հասնել հաջողության։ Արագ բռնցքմաարտիկների դեմ պետք է ճիշտ պաշտպանվել, որսալ պահն ու կատարել ուժգին հարվածներ։ Դրանք հաստատ կծառայեն իրենց նպատակին։

-Վերջերս Հայաստանում էիք եւ այդ ընթացքում հասցրել եք հանդիպել ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ։ Կպատմե՞ք ինչ թեմաների շուրջ եք զրուցել պարոն Ծառուկյանի հետ։

-Հայաստանում բռնցքամարտի պրոֆեսիոնալ պրոմոութերական կազմակերպություն չկա։ Գագիկ Ծառուկյանը մեր հանդիպման ժամանակ ասաց, որ այդպիսի կազմակերպություն է Հայաստանում բացվելու, որը մեծ մասշտաբային գործ է։ Հայաստանում պրոֆեսիոնալ բռնցքամարտ չի եղել եւ այդպիսով, այդ կազմակերպության բացվելով Հայաստանում բռնցքամարտը նոր մակարդակի վրա դուրս կգա։ Ես եւ իմ ընկեր Պետրոս Անանյանը այդ քննարկումն ենք ունեցել Գագիկ Ծառուկյանի հետ։ Այդ կազմակերպության բացվելուց հետո, Հայաստանում կկայանան պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոներ եւ, Ինչպես ասաց Գագիկ Ծառուկյանը, մենք պետք է մենամարտենք Հայաստանի դրոշի տակ։

-Մոտ ապագայում Հայաստան գալու պլաններ ունե՞ք։

-Անկեղծ ասաց, ես հիմա պետք է լինեի Հայաստանում, սակայն կորոնավիրուսի տարածումը խառնեց պլաններս։ Ես ուսումնամարզական հավաքս պետք է անցկացնեի Հայաստանում եւ պատրաստվեի առաջիկա մենամարտիս, որը հետաձգվել է ստեղծված իրավիճակի պատճառով։ Ես իմ մենամարտը պետք է անցկացնեի Անգլիայում, ապա պետք է մեկնեի ԱՄՆ, սակայն վարակի տարածման պատճառով բոլոր ծրագրերը փոխվեցին։

-Վերջին շրջանում կորոնավիրուսի տարածման պատճառով, եղել են մենամարտեր, որ կայացել են առանց երկրպագուների։ Ի՞նչ կասես երկրպագուների ազդեցության մասին բռնցքամարտի ելքի վրա։

-Երկրպագուները շատ կարեւոր են։ Ես, երբ դեռ սիրողական բռնցքամարտում էի, ունեցել եմ մենամարտեր, որտեղ չեն եղել երկրպագուներ կամ շատ քիչ են եղել։ Իսկ ինչ մնում է նրանց կատարած դերին, ասեմ որ երկրպագուները մեծ ազդոցություն են ունենում մենամարտերի վրա։ Կհիշեմ թուրք բռնցքամարտիկի հետ մենամարտս, երբ առաջին 2 ռաունդներից հետո պարտվում էի ու հանկարծ դահլիճը «պայթեց»․ բոլորը իմ անունն էին վանկարկում եւ «ստիպում» շարժվել առաջ։ Հենց նրանց աջակցության շնորհիվ ես 3-րդ ռաունդում նոկաուտի ենթարկեցի մրցակցիս։ Իհարկե, եթե այդ աջակցությունը չլիներ,ես կրկին կձգտեի հաղթանակի, բայց դա ինչ-որ տեղ նաեւ պարտավորեցնող էր, առաջ մղող ուժ, որը ինձ այդ շատ օգնեց։ Մեկ բան էլ կցանկանամ ասել․ արդեն վաղուց իմ մեջ ձեւավորվել է այն, որ ինչքան էլ ինձ երկրպագեն եւ ոգեշնչեն՝ միեւնույն է ես ռինգում միայնակ եմ իմ մրցակցի հետ, եւ միայն ես կարող եմ որոշել այդ մարտի ելքը։

-Գիտենք, որ շատ մտերիմ հարաբերությունների մեջ եք լեգենդար բռնցքամարտիկ Ռոյ Ջոնսի հետ։ Կպատմե՞ք ինչպես եք ծանոթացել նրա հետ եւ ինչպես է սկսվել Ձեր համագործակցությունը։

-Ռոյ Ջոնսի հետ ես ծանոթացել եմ այն ժամանակ, երբ նա առաջին անգամ եկել էր Ռուսաստան, որպեսզի մենամարտեր Դենիս Լեբեդեւի հետ։ Ես Ռոյի հետ ծանոթացել եմ մի շատ անհավանական թվացող պատմության շնորհիվ։ Մարզչիս տղան սոցիալական ցանցերում ծանոթացել էր բռնցքամարտիկ Շահին Ադիգեզալովի հետ, ով էլ իր հերթին ճանաչոմ էր Ռոյ Ջոնսին։ Շահինը Skype-ում ուղղակի գրել էր Ռոյ Ջոնսի անուն ազգանունը եւ պատահականության սզբունքով զանգահարել հայտնաբերված օգտատերերից մեկին ՝ փորձելով իր բախտը։ Ինչքան էլ որ անհավանական է կթվա, բայց այդ զանգին պատասխանել էր անձամբ Ռոյ Ջոնսը։ Շահինը այդ ժամանակ անգլերեն լավ չտիրապետելու պատճառով, Ջոնսի հետ շփումը շարունակել էր նամակագրության միջոցով։ Ռոյը Ադիգեզալովից իմացել էր, որ շատ երկպագուներ ունի Ռուսաստանում, որ սիրված բռնցքամարտիկ է այստեղ եւ նման այլ բաներ։ Այդ ֆոնին ռուս պրոմոութերներից մեկը՝ Խրունովը կապ է հաստատած լինում Ջոնսի հետ՝ Ռուսաստանում նրա մենամարտը կազմակերպելու համար։ Սրանք ուղղակի զուգադիպություններ չէին։ Այս ամենը զուգադիպել է միայն ու միայն Աստծո շնորհիվ։ 2011 թվականն էր, որ Ջոնսը եկավ Ռուսաստան․ մենք այդ թվականին ենք ծանոթացել եւ ժամանակի ընթացքում նաեւ մտերմացել։ Այդ ժամանակ դեռ սիրողական ասպարեզում էի մենամարտում․ Ջոնսը իմացավ ու ամեն կերպ սկսեց աջակցել ինձ։ Նա ինձ օգնում է մինչ օրս։ Եւս մեկ անգամ կկրկնեմ՝ այդ ամենը տրված էր Աստծո կողմից։ Ջոնսը հիանալի անձնավորություն է՝ հասարակ եւ համեստ մարդ։ Ջոնսն ինձ շատ է օգնել։ Մարզումների ժամանակ նա ինձ սովորեցրել է իր գաղտնի «զենքերը», որը ոչ ոք չգիտի եւ բացի դա, նրա շնորհիվ իմ մենամարտելու ոճը նմանվել է ամերիկացի բռնցքամարտիկների ոճին, որն էլ իմ սիրած ոճն է։ Ռոյը նաեւ այն գլխավոր «մեղավոր»-ն է, որ ես շարունակում եմ իմ պրոֆեսիոնալ կարիերան։ Տարիներ առաջ լուրջ վնասվածք ստանալուց հետո դադարեցրել էի մարզումներս: Կորցրել էի մոտիվացիաս եւ ուղղակի ցանկություն չունեի շարունակելու: Այդ ժամանակ էլ կապը պահպանում էի Ռոյ Ջոնսի հետ: Մի անգամ հեռախոսազրույց ունեցա նրա հետ: Նա իմացավ, որ դադարել եմ մարզվել եւ ասաց. «Դու ուժեղ մարզիկ ես, ես քո հետ կապված մեծ նպատակներ ունեմ: Դու քո կյանքի մի մասը նվիրել ես բռնցքամարտին եւ հիմա պատրաստվում ես 1 րոպեում ջնջե՞լ քո անցած ճանապարհը. այդպիսի բան չի կարող լինել: Շարունակիր մարզվել, ես քեզ կօգնեմ եւ վստահ եղիր` դու մեծ արդյունքների ես հասնելու»: Ռոյ Ջոնսի այս խոսքերը շատ բան փոխեցին իմ մեջ: Ես չեմ ցանկանում, որ նա փոխի իր կարծիքը իմ մասին։ Ես միայն ցանկանում եմ արդարացնել նրա բոլոր սպասելիքները։

ԷԴՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս