Կաշառքի օժանդակություն կատարելու մեջ մեղադրվող Սամվել Մայրապետյանին բուժման նպատակով Հայաստանից թույլատրվել էր դուրս գալ 2019-ի հունվարի 25-ին։ Նրա համար անձնական երաշխավորություն էին ներկայացրել Առողջապահության նախարարության գլխավոր նյարդավիրաբույժ Ռուբեն Ֆանարջյանը և Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը՝ յուրաքանչյուրը վճարելով 15-ական մլն դրամ։
Նշենք, որ այս թեման ակտուալ դարձավ երեկ, երբ «news.am» կայքը հրապարակել էր Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի կարծիքը՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասին։ «Ինչ վերաբերում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, հաղորդ լինելով նախագահի առողջության առնչությամբ բժիշկների մասնագիտական կարծիքներին` կարևոր ենք համարում, որ արդարադատության իրագործման հետ մեկտեղ ձեռնարկվեն բոլոր կանխարգելիչ միջոցներն ու միջոցառումները, այդ թվում՝ խափանման միջոցի փոփոխություն՝ համավարակի այս շրջանում ապահովագրելու նրան առողջական վիճակի հետագա բարդացումներից», -նշել էր նա։
Ավելի ուշ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը մեկնաբանելով Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի հայտարարությունը, անդրադարձել էր նաեւ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանի՝ Սամվել Մայրապետյանի վերաբերյալ անձնական երաշխավորությանը։
«Նախ հիշեցնենք, որ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը մինչ այս եղել է Ռոբերտ Քոչարյանի հետ նույն` Մարտի 1-ի գործով անցնող, տարբեր հանցանքների, այդ թվում՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք տալուն և փողերի լվացմանն օժանդակելու մեջ մեղադրվող Սամվել Մայրապետյանի անձնական երաշխավորը։ Մայրապետյանը 2019-ի հունվարից բուժման պատրվակով մեկնել է երկրից և չնայած քննչական մարմնի պահանջին և ի հեճուկս Տեր Վահրամ քահանա Մելիքյանի երաշխավորությանը, չի վերադարձել Հայաստան։ ՀՀ կառավարությունը որևէ մեկնաբանություն չունի Վեհափառի ցանկությունների ու հույսերի վերաբերյալ, միևնույն ժամանակ ակնկալում ենք, որ Մայր Այթոռը կվերագնահատի Մայրապետյանի երաշխավորության պատմությունը և դրա հետևանքով առաջացած վիճակը»,- ասել էր վարչապետի մամուլի քարտուղարը:
Նշենք, որ Մայրապետյանին թույլատրվել էր երկրից դուրս գալ այն բանից հետո, երբ Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ բժիշկների կոնսիլիում էր անցկացվել և փաստվել, որ նրա բուժումը հնարավոր չէ կազմակերպել Հայաստանում։ Ընդ որում, նրա համար անձնական երաշխավորություն ներկայացրած անձինք ՀՔԾ-ում հարցաքննվել են ու հայտնել, որ չեն կարող ապահովել Մայրապետյանի ներկայանալը վարույթն իրականացնող մարմին։
Իսկ մարտի 3-ին Հատուկ քննչական ծառայությունը վերացրել էր բուժման նպատակով մեկ տարի առաջ Գերմանիա մեկնած Սամվել Մայրապետյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց անձնական երաշխավորությունը։ Մայրապետյանի նկատմամբ դրանից հետո հետախուզում է հայտարարվել։
Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հունվարի 17-ին 39-րդ կանոնի համաձայն որոշել է միջանկյալ միջոց կիրառել Սամվել Մայրապետյանի գործով եւ ցուցում է տվել Հայաստանի կառավարությանը շտապ կերպով ապահովել Սամվել Մայրապետյանի առողջական վիճակին համապատասխան բուժօգնություն՝ համաձայն բժիշկ մասնագետների ցուցումների՝ այդ թվում տրանսլյումինալ դրենավորման մեթոդի կիրառմամբ: Բացի այդ ՄԻԵԴ–ն առաջնահերթություն է տվել Մայրապետյանի գործին 41-րդ Կանոնի համաձայն եւ պահանջել փաստաբաններից ամբողջական բողոքը ուղարկել շատ ավելի արագ, քան նախկինում պահանջվում էր, ՀՀ գլխավոր դատախազությունը մարդու կյանքին եւ առողջությանը սպառնացող իրավիճակը ժամ առաջ լուծելու փոխարեն ժամանակ է վատնում նման կարգի՝ իրականությունը խեղաթյուրող հայտարարություններ տարածելու վրա:
Հիշեցնենք, որ Մայրապետյանին մեղադրանք է առաջադրվել Մարտի 1-ի գործի շրջանակներում՝ Քրեական օրենսգրքի 38-311–րդ հոդվածի հատկանիշներով՝ կաշառք ստանալուն օժանդակելը:
Նաիրա Հովհաննիսյան