Ով կարող է անձնական երաշխավորություն ներկայացնել, և որ դեպքում է գումարը տրվում պետությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կաշառքի օժանդակություն կատարելու մեջ մեղադրվող Սամվել Մայրապետյանին բուժման նպատակով Հայաստանից թույլատրվել էր դուրս գալ 2019-ի հունվարի 25-ին։ Նրա համար անձնական երաշխավորություն էին ներկայացրել Առողջապահության նախարարության գլխավոր նյարդավիրաբույժ Ռուբեն Ֆանարջյանը և Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը՝ յուրաքանչյուրը վճարելով 15-ական մլն դրամ։ Սակայն մարտի 3-ին Հատուկ քննչական ծառայությունը վերացրել էր բուժման նպատակով մեկ տարի առաջ Գերմանիա մեկնած  Սամվել Մայրապետյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց անձնական երաշխավորությունը։ Մայրապետյանի նկատմամբ դրանից հետո հետախուզում էր հայտարարվել։

Ընդ որում, նրա համար անձնական երաշխավորություն ներկայացրած  անձինք ՀՔԾ-ում հարցաքննվել են ու հայտնել, որ չեն կարող ապահովել Մայրապետյանի ներկայանալը վարույթն իրականացնող մարմին։

Իսկ ի՞նչ է անձնական երաշխավորությունը:

Անձնական երաշխավորությունը վստահություն վայելող անձանց գրավոր պարտավորությունն է այն մասին, որ նրանք իրենց խոսքով և մուծվող դրամական գումարով երաշխավորում են կասկածյալի կամ մեղադրյալի պատշաճ վարքագիծը, քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով նրա ներկայանալը և այլ դատավարական պարտականություններ կատարելը:
Երաշխավորող կարող է լինել չափահաս ֆիզիկական անձը: Ընդ որում, անձը պետք է մուծի դրամական գումար` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով: Երաշխավորողների թիվը երկուսից պակաս չի կարող լինել: Բացառիկ դեպքերում անձնական երաշխավորությունը որպես խափանման միջոց կարող է կիրառվել առանձնակի վստահություն վայելող մեկ երաշխավորողի առկայությամբ:

Բացի այդ, երաշխավորողի կողմից մուծված դրամական գումարը քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ վերածվում է պետության եկամուտի, եթե երաշխավորողը`

1) չի կատարել կասկածյալի կամ մեղադրյալի պատշաճ վարքագիծը ապահովելու իր պարտավորությունը.

2) ինքնակամ հրաժարվել է երաշխավորությունից:

Բացի այս դեպքերից, մյուս բոլոր դեպքերում դրամական գումարը վերադարձվում է երաշխավորողին:

Հիշեցնենք, որ Մայրապետյանին մեղադրանք է առաջադրվել Մարտի 1-ի գործի շրջանակներում՝ Քրեական օրենսգրքի 38-311–րդ հոդվածի հատկանիշներով՝ կաշառք ստանալուն օժանդակելը:

Նաիրա Հովհաննիսյան

 




Լրահոս