Սերժ Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը չի վերացվի. դատարանը մերժեց բողոքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ խափանման միջոցը վերացնելու վերաբերյալ պաշտպանի բողոքը։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։

«Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ՝ Սերժ Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ երկրից չհեռանալու մասին ստորագրությունը չի վերացվի»- ասացին դատախազությունից։

Հիշեցնենք, որ Հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների համակցության հիման վրա պարզվել է, որ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ և «Ֆլեշ» ՍՊ ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ՝ գյուղատնտեսության նախարարի նախկին տեղակալ Սամվել Գալստյանի ու նույն նախարարության բուսաբուծության վարչության պետ Գևորգ Հարությունյանի օժանդակությամբ, գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում Կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15 մլն 391 հազար 765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489 մլն 160 հազար դրամը:

Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով,Սերգո Կարապետյանին ՝ Քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Բարսեղ Բեգլարյանին՝ Քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Սամվել Գալստյանին և Գևորգ Հարությունյանին՝ Քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:




Լրահոս