ArmLur.am– ի տեղեկություններով արդեն տևական ժամանակ է, ինչ Դիլիջանի պետական քոլեջում լարված մթնոլորտ է տիրում։ Բանն այն է, որ քոլեջի տնօրեն Գոհար Անտոնյանի և քոլեջի աշխատակիցների ջուրն, ինչպես ասում են, մի առվով չի հոսում։
ArmLur.am-ի հետ զրույցում քոլեջի համակարգչային օպերատոր Անուշ Խանզադյանը հայտնեց, որ տնօրեն Գոհար Անտոնյանն անօրինական գործողություններով իրեն աշխատանքից ազատել է։
«ԿԳՍՄՆ-ի հրամանով Գոհար Անտոնյանին աշխատանքից ազատվել էր, և նոր տնօրեն էր ընտրվել իմ ամուսինը, բայց քանի որ նա դիմել էր դատարան և պահանջել էր, որ ԿԳՍՄՆ-ն իր աշխատանքից ազատման հրամանն անվավեր ճանաչի դատարանը բավարարել էր, և նա կրկին վերականգնվել էր իր պաշտոնում։
Աշխատանքի վերադառնալուց հետո նա ընկել է այն բոլոր աշխատակիցների հետևից, որոնց ընդունել է նախկին նօրեն Վահագն Հովհաննիսյանը, այդ թվում իմ, քանի որ ես նախկին տնօրենի կինն եմ, փոխտնօրենի՝ Շուշան Սահակյանի, Վեհանուշ Ասատրյանի, և այլ աշխատակիցների։ Իմ հաստիքը կրճատելուց հետո նա անգամ ինձ նոր հաստիք չի առաջարկում, որոնց և իմ բարձրագույն կրթությունը և իմ աշխատանքային ստաժը։ Գոհար Անտոնյանն այսօր ինձ ծանուցել է, որ այլևս ես ազատված եմ աշխատանքից»,-նշեց մեր զրուցակիցը։
Անուշ Խանզադյանի խոսքով՝ նա դիմել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն․ «Ես պատրաստվում եմ նաև դիմել դատարան, և ես գիտեմ, որ կվերականգնվեմ, բայց այդ դեպքում ինչի համար է նախարարությունը, տեսչական մարմինները, որ այդքան ստուգումներ են իրականացնում և բազմաթիվ խախտումներ արձանագրում, թե նա նորից պետք է շարունակի տնօրենի պաշտոնը զբաղեցնել և զբաղվել անօրինականություններով»։
Հիշեցենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ 2018 թվականի հուլիսի 9-ին Գոհար Անտոնյանը դիմել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան եւ պահանջել, որ ԿԳՍՄՆ-ն իրեն աշխատանքից ազատելու վերաբերյալ հրամանն անվավեր ճանաչի, նախկին աշխատանքում վերականգնի եւ հարկադիր պարապուրդի գումարը բռնագանձի:
Լիդա Եղիազարյան