Ինչ կապ ուներ Գարեգին Բ-ի հայտարարությունը Կճոյանին առաջադրված մեղադրանքի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր պարզ դարձավ, որ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման դեմ պայքարի ոլորտում օրենքով վերապահված լիազորությունների շրջանակներում, ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամետում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական և օպերատիվ֊հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ 2020 թվականի ապրիլի 13-ին մեղադրանք է առաջադրել Հայ Առաքելական Եկեղեցու թեմերից մեկի առաջնորդական փոխանորդին: Խոսքը Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի մասին է։

Ուշագրավ է, որ փաստորեն Ամենայն Հայոց Կաթողիկոս  Գարեգին Բ-ի՝ Ռոբերտ Քոչարյանին վերաբերող աղմկահարույց հայտարարությունը եղել է այս դեպքից մեկ օր անց։ Ապրիլի 14-ին Գարեգին Բ-ն ասել էր․«Հաղորդ լինելով նախագահի առողջության առնչությամբ բժիշկների մասնագիտական կարծիքներին` կարևոր ենք համարում, որ արդարադատության իրագործման հետ մեկտեղ ձեռնարկվեն բոլոր կանխարգելիչ միջոցներն ու միջոցառումները, այդ թվում՝ խափանման միջոցի փոփոխություն՝ համավարակի այս շրջանում ապահովագրելու նրան առողջական վիճակի հետագա բարդացումներից»

Սակայն նշենք, որ նախկին իշխանության օրոք Կճոյանը համարվում էր պալատական հոգևորական, որը հաճախ Կաթողիկոսի հետ չհամաձայնեցված էր գործում եւ ասում էին, որ լարված են նրանց հարաբերությունները։ Սակայն այս զուգադիպությունն ուշագրավ է։

Հավելենք, որ Կճոյանին մեղադրանք է առաջադրվել հայտնի օֆշորային գործի շրջանակներում։ Գործարար Փայլակ Հայրապետյանը բազմիցս հայտարարել էր, որ իրեն պատկանող մոտ 100 միլիոն ԱՄՆ դոլարի անշարժ գույքը 2009 թվականին գրավ է դրել, որը այն գնահատել է ընդամենը 33 միլիոն դոլար ու դրա դիմաց գործարար Աշոտ Սուքիասյանին հատկացրել 10.7 միլիոն դոլար: Սակայն վերջինս այդ գումարը, պայմանավորվածության համաձայն, Աֆրիկայում ոսկու և ալմաստի արդյունահանման մեջ ներդնելու փոխարեն, փոխանցել է կիպրոսյան օֆշորային մի քանի ընկերությունների, այդ թվում՝ Wlispera Holdings Limited-ին: Արդյունքում՝ Հայրապետյանը զրկվել է ունեցվածքից:

Կիպրոսի ռեգիստրի պաշտոնական կայքում Wlispera Holdings Limited-ի բաժնետեր նշվում էին Աշոտ Սուքիասյանը, Տիգրան Սարգսյանը և Սամվել Կճոյանը: Սակայն Սուքիասյանը, ով ձերբակալվեց 2014-ի հունվարին Թբիլիսում և միայն հինգ ամիս անց հանձնվեց հայաստանյան իրավապահներին, պնդում է, որ Տիգրան Սարգսյանը և արքեպիսկոպոս Կճոյանը որևէ կապ չունեն օֆշորային այդ ընկերության հետ, և որ նրանց ստորագրություններն անձամբ ինքն է կեղծել:

Հավելենք, որ Կճոյանի նկատմամբ  որպես խափանման միջոց ընտրվել է չհեռանալու մասին ստորագրությունը: Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում հանցագործության կատարմանը ներգրավված բոլոր անձանց պարզելու և պատասխանատվության ենթարկելու, պատճառված վնասը վերականգնելու ուղղությամբ:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս