«Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի, որը 100% պետական բաժնեմասով ընկերություն է, սեփականությունը հանդիսացող՝ «Տոյոտա LC200 4.6 GAS» մակնիշի` 24,981.2 հազ. դրամ արժողությամբ մարդատար ավտոմեքենան տրվելու է պետությանը։ Դրա դիմաց ընկերությունը համապատասխան թվով հասարակ (սովորական) բաժնետոմսերով կվճարի ձեռք բերվող գույքի արժեքը և այդ չափով կնվազեցվի ընկերության կանոնադրական կապիտալում պետական բաժնեմասը:
Եվ այսպիսով գույքը ամրացվելու է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը: Կառավարության որոշման նախագծի մեջ նշված է, որ նախագծի ընդունումը պայմանավորված է նախարարության կարիքների ապահովման անհրաժեշտությամբ: Մասնավորապես նշվում է, որ նախարարության կանոնադրական գործառույթների իրականացման անհրաժեշտությունից ելնելով՝ նախարարության պաշտոնատար անձանց կողմից մշտապես աշխատանքային այցեր են կատարվում ՀՀ մարզեր: ՀՀ մարզերի հիմնականում բարձր լեռնային ռելիեֆը և բնակլիմայական պայմանները (և հատկապես ձմռան ամիսներին) շատ հաճախ խոչընդոտ են հանդիսանում այցելությունների համար, ինչն իր հերթին առաջացնում է ժամանակի կորուստ և լրացուցիչ ռեսուրսների ներգրավման անհրաժեշտություն: Եվ նշվում է, որ այդ ավտոմեքենայով առավել հեշտ կհաղթահարվեն այդ տարածքներ այցելությունների ընթացքում ճանապարհների անանցանելիությունը և խոչընդոտները:
Մեկ այլ որոշմամբ էլ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանն ամրացված՝ «TOYOTA LAND CRUISER PRADO 2.7 l» մակնիշի՝ 2,014.5 հազ. դրամ հաշվեկշռային արժեք ունեցող ավտոմեքենան կամրացնեն Կոտայքի մարզպետարանին՝ վերջինիս կարիքների ապահովման նպատակով:
Նաիրա Հովհաննիսյան