«Հրապարակ» թերթը գրում է. «Միայն Հայաստանում է հնարավոր դիտորդական առաքելություն չիրականացնել, բայց ընտրություններից հետո հայտարարել, որ չեն ճանաչում դրանց արդյունքները, քանի որ դրանք «տեղի են ունեցել համակարգային բնույթի զանգվածային խախտումներով»։
Հայաստանյան 3 քաղաքական ուժ եւ 3 քաղաքական գործիչ երեկ հանդես եկան նման հայտարարությամբ՝ զգուշացնելով, որ «համաճարակից հետո Ստեփանակերտի մաֆիային տապալելը եւ Արցախը ՀՀ-ին դե յուրե միացնելու խոչընդոտները վերացնելը դառնում են ազգային հրամայական»։ Հայտարարությունը ստորագրել են «Սասնա ծռերը», Պետրոս Մակեյանի «Ժողովրդավարական հայրենիքը», Հայաստանի եվրոպական կուսակցությունը, նաեւ Արա Պապյանը, Ալբերտ Բաղդասարյանն ու Արկադի Վարդանյանը:
Պետրոս Մակեյանը մեզ խոստովանեց, որ իրենց կուսակցությունը չի դիտարկել Արցախի ընտրությունները. «Մենք գործընկերների ինֆորմացիայի հիման վրա ենք այդ կարծիքը ձեւավորել, ինչպես նաեւ քաղաքական վերլուծություն արել»։ Թե որ գործընկերների՝ Մակեյանը չհստակեցրեց, բայց վստահեցրեց՝ ոչ սորոսականների. «Իրենք ուրիշ խաղ են խաղում… Իրենք կարծես դարձել են այս իշխանության պոլիտբյուրոն, ամեն տեղ Դանիել Իոաննիսյանը կա: Տեղին է հիշել նախկինի խոսքը, որ մի օր խիարը թարս է բուսնելու»:
Իսկ գուցե սխալ ինֆորմացիա՞ են տվել։ Մակեյանն ասաց. «Մենք 20 տարի ապրել ենք մի ռեժիմի մեջ, որի հայելային պատկերը եղել է Արցախում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։