ՏԵՍԱՆՅՈՒԹ. Շնորհակալություն. դուք գտնվում եք առաջնագծում. Արման Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ոստիկանության օրվա առթիվ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Արման Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ոստիկանության օրվա առթիվ։

«Սիրելի՛ ոստիկաններ: Օրացույցին ապրիլի տասնվեցն է՝ օր, երբ մեզանից յուրաքանչյուրը լցվում է հպարտությամբ, ստանում շնորհավորանքներ, արժևորում իր անցած ուղին, վերհիշում ծառայության դժվարությունները, մտաբերում կորուստներն ու հպարտանում ձեռքբերումներով:

Հիրավի ապրում ենք պատմական ժամանակաշրջանում՝ Նոր Հայաստանում՝ շրջապատված նոր իրողություններով, որի կերտումը սկսվեց նաև «Ոստիկանը մերն է» կոչերով: Առաջին հայացքից պարզ այս բառակապակցությունը ժողովրդի անունից ոստիկանին պատվիրակեց նոր առաքելություն՝ մեկընդմիշտ ամրագրելով ոստիկանության պատկանելիությունը:

Սիրելի՛ ոստիկաններ, մեր մասնագիտական տոնի առթիվ երախտիքս ցանկանում եմ արտահայտել ընդամենը մեկ բառով և այն հասցնել ձեզանից յուրաքանչյուրին՝ շնորհակալությու՛ն:
Շնորհակալությու՛ն օպերատիվ ստորաբաժանումների ծառայողներին: Դուք գտնվում եք առաջնագծում, հանդիսանում հանցավորության դեմ պայքարի առաջամարտիկը: Լիարժեք չկրելով ձեր անտեսանելի աշխատանքի հաջողության բերկրանքը՝ ոչ բավարար արդյունքների դեպքում հաճախ քննադատվում եք: Մինչդեռ չեք հանձնվում, լուռ տանում եք դժվարությունները, գործում համբերատար, առանց շտապելու՝ քայլ առ քայլ մոտեցնելով հանցագործին արժանի հատուցման պահը:

Շնորհակալությու՛ն արտաքին ծառայություն իրականացնող ստորաբաժանումների աշխատակիցներին: Ձեր կատարած աշխատանքը հանրության աչքի առջև է և տեսանելի: Հիմնականում ձեր ծառայության որակով է հասարակությունը գնահատում ոստիկանությանը, անմիջապես արձագանքում լավին կամ վատին: Նոր կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի համատեքստում հայտարարված արտակարգ դրության պայմաններում դուք օրնիբուն լուռ և անաղմուկ կատարում եք ձեր պարտականությունները, առողջությունն ու կյանքը վտանգելով՝ ապահովում եք հանրային անվտանգությունն ու անդորրը:
Շնորհակալությու՛ն Ոստիկանության զորքերի ծառայողներին: Այսօր դուք հպարտ կանգնած եք

Հայաստանի Հանրապետության սահմանին, միևնույն ժամանակ ամենօրյա ծառայություն եք իրականացնում արտակարգ դրության պայմաններում: Ձեր կողքին նվիրվածության և անձնազոհության դասեր են քաղում նաև ապագա ոստիկանները՝ կրթահամալիրի սաները:
Շնորհակալությու՛ն ոստիկանության մյուս բոլոր ծառայությունների աշխատակիցներին, բոլոր-բոլորին՝ հանցագործի ձեռքը բռնողից մինչև ժողովրդին ծառայություն մատուցող:
Շնորհակալությու՛ն ոստիկանության վետերաններին, մեր ավագներին. եղեք միշտ առողջ ու մեր շարքերում:
Շնորհակալությու՛ն ոստիկանի ընտանիքի անդամներին: Ձեր ոստիկան ամուսնու և զավակների հետ գրեթե հավասար կրում եք դժվարություններ ու զրկանքներ, անքուն գիշերներ անցկացնում նրանց սպասելով, տանն ու դրսում լրացնում նրանց բացակայությունը և չեք ընկրկում այս ամենի առջև:
Հավերժ փառք իրավակարգի ամրապնդման զոհասեղանին իրենց կյանքը դրած մեր գործընկերներին:

Սիրելի՛ ոստիկաններ, մենք միայնակ չենք այս պայքարում: Այս իրողությունն է ապահովել մեր բազում հաջողություններն ու հաղթանակները, լրացրել մեր բացթողումները, օգնել տեսնելու թերություններն ու համակարգում տեղ գտած բացասական երևույթները: Այս պայքարում մշտապես մեր կողքին են եղել և կան երկրի բարձրագույն ղեկավարությունը, օրենսդիրը, ողջ իրավական համակարգը, զինված ուժերը, մյուս գերատեսչությունների մեր գործընկերները, լրագրողները, իրավապաշտպան ու հասարակական կազմակերպությունները և ամենից կարևորը՝ Հայաստանի Հանրապետության օրինապահ քաղաքացին:

Թույլ տվեք իմ և ձեր անունից բոլորին հայտնել առանձնահատուկ շնորհակալություն:
Մեր մասնագիտական տոնին ցանկանում եմ, որ յուրաքանչյուրս մեր մեջ, ինքներս մեզ խոստում տանք անմնացորդ նվիրումով ծառայել հայրենիքին, ապահովել Սահմանադրությամբ և օրենքներով վերապահված գործառույթների անվերապահ կատարումը, Հայաստանի Հանրապետության Վարչապետի առաջադրած խնդիրների լուծումը դարձնել ուղենիշ և իրագործել օրենքի երկիր կառուցելու բոլորիս երազանքը:

Խոստանանք, որ չենք հանդուրժելու ոստիկանի կերպարին անհարիր որևէ երևույթ, չենք ներելու այս ուղուց շեղվողներին և ուսադիրի պատիվը արատավորողներին, անշեղորեն գնալու ենք մասնագիտական հմտությունների և գիտելիքների կատարելագործման, ոստիկանի հեղինակության բարձրացման, ոստիկանությունում իրական և արդյունավետ բարեփոխումներ իրականացնելու ճանապարհով:

Շնորհավոր տոնդ, սիրելի՛ ոստիկան»:




Լրահոս