Երևանի քաղաքապետի կինը գնացել է ու պահանջել տնօրենից ազատման դիմում գրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Երեւանի քաղաքապետարանում անկարողության շքահանդես է: Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից մի շարք պաշտոնների համար հայտարարված մրցույթներ վիճահարույց են, եւ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ վարչական դատարանը կասեցրել է մրցույթների անցկացումը` մինչեւ հայցի ապահովումը: Տեղեկացանք, որ հայտարարված մրցույթներից մեկը վերաբերում է Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնին, որի համար առաջադրվածների մեջ է եղել նաեւ ՀՈԱԿ-ի ներկայիս տնօրեն Արմեն Բեգոյանը: Ու հենց նրա մրցակից թեկնածուն էլ վարչական դատարանում վիճարկել մրցույթի օրինականությունը, ինչը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հաստատեց նաեւ Բեգոյանը:

«Իմ պաշտոնի համար մրցույթ էր հայտարարված, որը պետք է կայանար մարտի 13-ին, որը օրենսդրական խախտումներ ասեմ, բացեր ասեմ, ոնց ասեմ, այդպիսի խախտումներով էր հրապարակվել, որի արդյունքում էլ մրցույթի մասնակից թեկնածուներից մեկը դիմել է ՀՀ վարչական դատարան եւ բնականաբար դատարանը կասեցրել է մրցույթի անցկացումը: Որքանով գիտեմ, լիքը այլ մրցույթներ եւս կասեցրել են»: Ստացվում է, որ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը անկարող է մի շարք պաշտոններում մարդիկ նշանակել, քանի որ հայտարարված մրցույթները կասեցված են դատարանի որոշումներով:

Հիշեցնենք, որ Արմեն Բեգոյանն այն անձն է, որը ՊՈԱԿ-ի տնօրեն է նշանակվել Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի կնոջ միջնորդությամբ, որից հիմա Իվա Մարությանը դժգոհ է: Լուրեր կան, որ տիկինն անձամբ քաղաքապետի խորհրդականներից մեկի հետ վերջերս հանդիպել է Բեգոյանին ու ասել, որ պետք է դիմում գրի, գնա, քանի որ կորցրել է վստահությունը հենց Իվայի մոտ:

Եղե՞լ է նման հանդիպում քաղաքապետի տիկնոջ հետ. հետաքրքրվեցինք Բեգոյանից. «Ճիշտն ասած ոչ հերքում եմ, ոչ էլ հաստատում եմ, կարծում եմ` կգա ժամանակը, կհայտարարեմ: Այս պահին չեմ ցանկանա այդ հարցին պատասխանել»: Այսպիսով, եւս մեկ փաստ, որը չհերքվեց մեր զրուցակցի կողմից, որ Երեւանի քաղաքապետարանի կադրային հարցերի մեծ մասը լուծում է ոչ թե Հայկ Մարությանը, այլ նրա տիկինը` ազգությամբ չեխ Իվան»:




Լրահոս