ArmLur.am-ը զրուցել է ուռուցքաբան-գինեկոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու Վահե Տեր-Մինասյանի հետ։
-Պարո՛ն Տեր-Մինասյան, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը օրերս ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ վիրուսի կանխարգելումը դուրս է եկել վերահսկողությունից։ Այս պահին ըստ Ձեզ առողջապահությունը բուժման, թե կանխարգելման միջոցառումներ է ձեռնարկում։
-Կանխարգելման վերահսկողությունից դուրս գալն իհարկե ոչ ցանկալի, բայց նման իրավիճակներում ավելի քան սպասելի տարբերակ է։ Ինքնին ձևակերպումը գուցե և շատերի մոտ տագնապ է առաջացնում, մինչդեռ պետք է հասկանալ բուն էությունը։ Սա նշանակում է, որ մենք ունենք հիվանդության դեպքեր, երբ չենք կարող գտնել աղբյուրը՝ այսինքն չգիտենք, թե ումից է այս մարդը վարակվել… Դա իհարկե չի նշանակում, որ ունենք իրավիճակի անկառավարելի վիճակ կամ առողջապահական համակարգի փլուզում։ Կրկնում եմ` սա տրամաբանական մոդելավորվող վիճակ է։ Այսօր այս նույն վիճակում է երկրների մեծամասնությունը, այդ թվում նաև մեր հարևան Վրաստանում, որին շատերը սիրում են որպես դրական օրինակ ներկայացնել։ Այնտեղ նույնպես իշխանությունը նշում է տարածման վերահսկողությունը կորցնելու մասին։
Ինչ վերաբերվում է բուժման թե կանխարգելման միջոցառումներին, դրանք չեն կարող լինել միայն մեկը կամ մյուսը։ Ցանկացած իրավիճակում դրանք պետք է լինեն համատեղ։ Այսինքն պետք է իհարկե շարունակել կանխարգելման հնարավոր բոլոր միջոցառումները, միաժամանակ իհարկե բուժելով հիվանդներին։ Մենք բացարձակ այն իրավիճակում չենք, որ հնարավոր բոլոր ռեսուրսները կենտրոնացնենք միայն բուժական միջոցառումների վրա։ Այս պահին մեր երկրի առողջապահական համակարգը դեռևս բավական ռեզերվ ունի։
– Ինչի՞ արդյունքում է դուրս եկել վերահսկողությունից, ինչո՞ւ հասանք դրան։
-Իսկ ո՞ւր ենք հասել։ Հասել ենք իրականում համեմատաբար կայուն իրավիճակի, որտեղ նոր դեպքերի և առողջացողների թվերը համադրելի են, երբ բոլոր հիվանդներին հնարավոր է համապատասխան բուժական միջոցառումներով ապահովել։ Մենք այս պահին չունենք հիվանդանոցների բակերում տեղադրած մահճակալներ, կամ հիվանդներ, որոնք մահանում են արհեստական շնչառության սարքի բացակայության պատճառով։ Այսինքն բուն իրավիճակը, ի տարբերության տարածման ուղիների, դեռևս վերահսկողության տակ է։
-Հայաստանի առողջապահական համակարգը արդյոք պատրաստ է դիմակայելու համաշխարհային պանդեմիային։
-Հայաստանի համակարգը դիմակայում է, այլ հարց է ինչքան և ինչ սցենարների դեպքում ինչքանով արդյունավետ։ Եթե այսպես շարունակվի, ապա մենք դանդաղ, բայց առանց լուրջ կորուստների կկարողանանք հաղթահարել իրավիճակը։ Ցանկացած պահի, զգոնությունը կորցնելն իհարկե հղի է լրջագույն վտանգներով։ Այստեղ շատ կարևոր է ոչ միայն պետության, այլև մեզնից յուրաքանչյուրի պատասխանատվությունը։ Մեկ թաքցրած դեպք, մեկ անլուրջ մոտեցում բավական է իրավիճակը ինչ-որ չափով ապակայունացնելու համար։ Այդ թվում բացարձակ անհասկանալի ու անտրամաբանական հերթերը սուպերմարկետներում, կամ թեկուզ ընտրություններն Արցախում…
-Ի՞նչ կանխատեսումներ ունեք, ե՞րբ է սպասվում կորոնավիրուսի պիկ Հայաստանում, ե՞րբ կնվազեն վիրուսի տարածման տեմպերը, և կա՞ արդյոք վիրուսի ագրեսիվության նվազում։
-Պիկի հետ կապված շատ լուրջ վերլուծություններ ու կանխատեսումներ կան արված խոշոր երկրների համար։ Եթե փորձենք զուտ ժամանակային ու հիվանդների քանակով համադրած ընդհանրություններ գտնել Հայաստանի համար, ապա իմ (տվյալ ոլորտում ոչ մասնագիտական կարծիքով), կարելի է ենթադրել, որ վիճակի լուրջ բարելավում ու սահմանափակումների անհրաժեշտության վերացման մասին կարելի է խոսել հունիս-հուլիս ամիսներին։ Կրկնում եմ սա շատ ոչ մասնագիտական ու զուտ անձնական կանխատեսում է։
Զրուցեց Լիդա Եղիազարյանը