ՊԵԿ-ը բացահայտել է բիզնեսը տարանջատելու եւ առանձնապես խոշոր չափերով հարկը չվճարելու հերթական դեպքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պետական եկամուտների կոմիտեի ամենօրյա հսկողական աշխատանքների արդյունքում բացահայտվել է իրական շահառուի կողմից բիզնեսը տարանջատելու եւ առանձնապես խոշոր չափերով հարկը չվճարելու հերթական դեպքը:

Պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ եւ քննչական ստորաբաժանումների աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական ու քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ ՀՀ քաղաքացի Հ.Կ.-ն, տնտեսական գործունեություն իրականացնելու եւ դրա արդյունքում առաջացող հարկերը չվճարելու դիտավորությամբ իր եւ մտերիմների անուններով գրանցել է 5 կազմակերպություն ու զբաղվել ապրանքների ներկրմամբ (եգիպտացորեն, ցորեն, գարի, բրինձ)։ Հարկման ընդհանուր համակարգից խուսափելու նպատակով Հ.Կ.-ն, համագործակցելով տարբեր անձանց հետ, իրականացրած ձեռնարկատիրական գործունեությունը տարանջատել է մի քանի մասի եւ դրանք կազմակերպել իր կողմից փաստացի ղեկավարվող տարբեր ընկերությունների անուններով: Այդ եղանակով պայմաններ է ստեղծել հարկային հսկողությունից հնարավորինս աննկատ գործելու համար։

Ստացված օպերատիվ տեղեկությունների եւ կատարված վերլուծական աշխատանքների արդյունքների հիման վրա ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Հ.Կ.-ին փաստացի պատկանող ընկերությունների միջոցով 2019թ. կեսերից մինչեւ 2020թ. փետրվար Հայաստան են ներկրվել տարբեր ապրանքանյութական արժեքներ: Խախտելով ՀՀ հարկային օրենսգրքի պահանջները՝ մինչեւ ապրանքները ՀՀ պետական սահմանը հատելու օրն ընդգրկող ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ չեն կազմվել եւ հարկային մարմին չեն ներկայացվել օրենքով սահմանված, ներմուծման հարկային հայտարարագրերը: Դրա հետեւանքով պետությանը պատճառվել է 37 մլն 320 հազ. 102 դրամ գումարի չափով վնաս։

ՊԵԿ հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչությունում նախապատրաստված նյութերով հարուցվել են քրեական գործեր ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի հատկանիշներով։

ՊԵԿ քննչական վարչությունում կատարված լայնածավալ քննչական եւ դատավարական գործողությունների արդյունքում ձեռք են բերվել բավարար ապացույցներ, որ նշված ընկերությունների գործունեությունը, ինչպես նաեւ գործադիր մարմնի ղեկավար անձանց գործողությունները փաստացի կազմակերպվել ու ղեկավարվել են միեւնույն անձի կողմից:

Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել նաեւ նշված անձի կողմից նույնատիպ գործունեությամբ զբաղվող այլ տնտեսվարող սուբյեկտների հետ առնչության վերաբերյալ:

Քրեական գործի նախաքննության ընթացքում ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 205-րդ հոդվածի 2-րդ մասով, ինչպես նաեւ 38-205-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով եւ 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրանքներ են առաջադրվել Հ.Կ.-ին եւ նրա հետ համագործակցած անձանց։

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:




Լրահոս