Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է իրազեկող տեսանյութ ընտանիքում բռնության դեպքերով Պաշտպանի աջակցությունը ստանալու վերաբերյալ։
Տեսանյութը պատրաստվել է ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող եւ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի եւ ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից իրականացվող «Մարդու իրավունքների խթանում եւ պաշտպանություն» ծրագրի աջակցությամբ:
Նոր կորոնավիրուսի (COVID-19) դեմ պայքարի հիմքով հայտարարված արտակարգ դրության սահմանափակումները մեծացնում են ընտանիքում, հատկապես՝ կանանց, երեխաների եւ տարեցների նկատմամբ բռնության ռիսկը:
Այս օրերին նման երեւույթները բնորոշ են տարբեր երկրների, ինչը պայմանավորված է ամբողջ աշխարհում այս վարակի կանխարգելման առանձնահատուկ ցուցումներով (մեկուսացում, աշխատանքի չգնալ, որպես կողմնակի հետեւանք՝ սոցիալական բնույթի հարցեր եւ այլն):
Կանանց, երեխաների եւ տարեցների նկատմամբ բռնությանը վերաբերող հարցերով Մարդու իրավունքների պաշտպանի որոշմամբ ձեւավորվել է աշխատանքային խումբ, որն իրականացնելու է ինչպես գրավոր ու բանավոր բողոքների քննարկում, այնպես էլ ընդհանուր մշտադիտարկում (հրապարակումներ, պետական մարմինների աշխատանք եւ այլն):
Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը, այդ թվում՝ իրավունքների վերաբերյալ խորհրդատվություն ստանալու համար կարող եք զանգահարել 116 կամ 096116-100 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով։