ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանում երբևէ ժողովրդավարական գործընթացի արդյունքում իշխանություն չի փոխվել․ ԱԳՆ պատասխանում է Ադրբեջանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը պատասխանել է Արցախում կայացած ընտրությունների առնչությամբ Ադրբեջանի արձագանքի վերաբերյալ հարցին

Հարց. Արցախում ընտրական գործընթացները, որոնք տևեցին մարտի 31-ից մինչև ապրիլի 14-ը և ավարտվեցին նոր նախագահի և խորհրդարանի ընտրությամբ, ինչպես և ակնկալվում էր, առաջ բերեցին Ադրբեջանի բացասական արձագանքը: Ինչպե՞ս կմեկնաբանեք այդ արձագանքը:

Պատասխան. Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն իր դիրքորոշումն Արցախում տեղի ունեցած ընտրությունների վերաբերյալ արդեն իսկ մի քանի հայտարարություններով արտահայտել է:

Այս առումով կուզենայի շեշտադրումներ կատարել միայն երկու հանգամանքի վրա: Առաջին, Ադրբեջանի բարձրագույն իշխանություններն Արցախի ընտրությունների համատեքստում կոշտ գնահատականներ են հնչեցրել մարդու իրավունքների եվրոպական կառույցների հասցեին: Սա, իհարկե, պատահական չէ, քանի որ մարդու իրավունքների եվրոպական կառույցների կողմից այս տարի փետրվարին Ադրբեջանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ գնահատականը փաստեց այդ ընտրությունների խիստ ցածր լեգիտիմությունը:

Ակնհայտ է, որ այն երկրում, որտեղ երբևէ ժողովրդավարական գործընթացի արդյունքում իշխանություն չի փոխվել, Արցախում մրցակցային և ժողովրդավարական ընտրությունների արդյունքում նոր իշխանությունների ձևավորումը պետք է առաջացներ նյարդային արձագանք:

Երկրորդ, Ադրբեջանը փորձում է Արցախում մարդու իրավունքների դեմ ուղղված իր արշավին մասնակից դարձնել միջազգային հանրությանը: Այս նպատակով Ադրբեջանը չի խորշում ընտրությունների վերաբերյալ միջազգային տարբեր արձագանքների խիստ ընտրովի ներկայացումից և ուղղակի խեղաթյուրումից:

Ադրբեջանը փորձում է չնկատելու տալ այդ նույն արձագանքների առանցքային ուղերձները, որոնք վերաբերում են իր ապագան որոշելու հարցում Արցախի բնակչության դերակատարմանը և Արցախում հանրային կյանքի կառավարման տեսակետից ընտրությունների անհրաժեշտությանը: Մինչդեռ, այս ուղերձները խիստ էական են խաղաղ կարգավորման առաջմղման համար նպաստավոր պայմաններ ստեղծելու համար:

Մեր տարածաշրջանում ժողովրդի քվեն ստացած, նրա կամքն արտահայտող և հենց այդ ժողովրդին հաշվետու իշխանությունների ձևավորումը խիստ կարևոր է հակամարտության վերափոխման և ժողովուրդների հաշտեցման համար: Արցախի ժողովուրդը մարտի 31-ին և ապրիլի 14-ին այս ուղղությամբ կատարեց հերթական կարևոր քայլը:




Լրահոս