ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նոր զարգացումներ «Կոշ»-ի նախկին բանտապետի գործով․ ինչ կապ ուներ նա Նիկոլ Փաշինյանի ծեծի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դատախազությունից այսօր հայտնեցին, որ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձանց կողմից շահադիտական և խմբային շահերից ելնելով ծառայության շահերին հակառակ ծառայողական պարտականությունները չկատարելու, խոշոր չափերով կաշառք ստանալու, պաշտոնատար անձին խոշոր չափերով կաշառք տալու դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է:  Քրեական գործի նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի կողմից մեղադրական եզրակացությունը հաստատվելուց հետո գործն ուղարկվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննելու համար:

Ըստ հաղորդագրության, նախկին պետ Լյովա Բաղդասարյանը  հիմնարկում ազատազրկման ձևով պատիժ կրող դատապարտյալների օգտին ակնհայտ ապօրինի անգործության, այն է՝ ռեժիմի խախտման դեպքերը չարձանագրելու, շրջանառությունն արգելված իրեր հայտնաբերելուն ուղղված միջոցառումներ չիրականացնելու, որոշ դատապարտյալների համար արտոնյալ պայմաններ ստեղծելու դիմաց միջնորդավորված ձևով՝ այլ անձի օժանդակությամբ խոշոր չափերով կաշառք է ստացել նույն քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ, քրեական աշխարհում և դատապարտյալների շրջանում հեղինակություն ունեցող Հ.Կ-ից:

Նշենք, որ Լյովա Բաղդասարյանի անունը շոշափվեց նաև այս տարվա հունվարին, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասուլիսի ժամանակ նշեց, թե մի գործով հրավիրվել է ՀՔԾ հարցաքննության որպես տուժող։

«2010թ.-ին «Կոշ» ՔԿՀ-ում դիմակավորված անձինք ինձ վրա հարձակում էին գործել: Ճիշտն ասած, երբ ես դարձա վարչապետ, հիշեցի այդ գործի մասին: Մտածում էի` ես հիմա այս գործով պետք է հետաքրքրվեմ, թե չհետաքրքրվեմ: Հետո մտածեցի, որ ամոթ է, հիմա էլ պիտի ասեն` սկսել է իր անձնական գործերով զբաղվել»,- պատմել էր ՀՀ վարչապետ Փաշինյանը:

«Ժողովուրդ» օրաթերթը հայտնել էր, որ   իրավապահներին դիմում գրած անձը հայտնել է «Կոշ»ՔԿՀ-ում այն ժամանակ պատիժ կրող անձանց անուններ, որոնց հրահանգով էլ տեղի է ունեցել հարձակումը: Սակայն դատելով իրավիճակից՝ դատապարտյալներին կոնկրետ անձինք են պատվերը տվել, որն էլ պետք է բացահայտի Հատուկ քննչական ծառայությունը:

Իսկ ինչպես էր տեղի ունեցել դեպքը։  2010 թվականի նոյեմբերի 11-ի գիշերը «Կոշ» քրեակատարողական հիմնարկում հարձակվել էին «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի վրա: Հարձակումը եղել է մի փոքր խցում, որտեղ Նիկոլ Փաշինյանի հետ միասին եւս 18 դատապարտյալներ են պահվել, իսկ անվտանգության աշխատակիցների քանակը չափազանց քիչ է եղել դատապարտյալների անվտագությունն ապահովելու համար: Հարձակման մասին ահազանգել են Նիկոլ Փաշինյանի հարազատները:

Եվ 2008 թվականից մինչեւ 2011 թվականը «Կոշ»ՔԿՀ պետ է եղել Լյովա Բաղդասարյանը, որն էլ հենց 2019 թվականին կաշառքի գործով ԱԱԾ-ի կողմից կալանավորվեց եւ օրերս 5 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց: Սակայն հիմա այս գործն ուղարկվեց դատարան, սակայն դեռ չի հիմնավորվել՝ ի վերջո ով, ինչպես, եւմ հրահանգով է հարձակվել Նիկոլ Փաշինյանի վրա։

 




Լրահոս