Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը խոսեց վերջին շրջանում դժգոհությունների առիթ դարձած պատգամավորների պարգևավճարների մասին:
«Պատգամավորները մոտավորապես 150 հազար դրամ պարգևավճար են ստանում: Պարգևավճարը խրախուսման նպատակ ունի, և բոլորը պետք է աշխատավարձի 30 տոկոսի չափով այն ստանան: ԱԺ-ում բոլոր 700 աշխատողները ստանում են պարգևավճար, բացառապես բոլոր աշատողները: ԱԺ-ի ճնշող մեծամասնությունը ստանում է 150 հազար դրամ պարգևավճար։ Եղել են պատգամավորներ, որոնք պարգևավճարները չեն փոխանցել կորոնավիրուսի դեմ պայքարի հաշվին, քանի որ արդեն փոխանցած են եղել կամ ընտրված են եղել մարզերից: Ամեն դեպքում, գրեթե բոլորի պարգևավճարը փոխանցվել է: Մի քիչ դժվար որոշում էր, սակայն ես կայացրի այն»-նշեց նա։
Նա նաև խոսեց Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոփոխելու վերաբերյալ կարծիքի և դրա շուրջ քննադատությունների մասին:
Հարցին, թե թեման նույնիսկ քննադատվեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի կողմից և արդյոք հարիր է ԱԺ փոխնախագահին նման հարցով քննադատություններ հնչեցնել, Միրզոյանը պատասխանեց. «Երբ սկսենք քննարկել, թե ում ինչ է հարիր, շատ ասելիք կլինի, այս պահին անհրաժեշտություն չեմ գտնում խոսել այս հարցի մասին։ Անհրաժեշտություն չեմ տեսնում լրացուցիչ որևէ բան ասել, ցանկացած նոր բառ կարող է նոր երանգ հաղորդել այս հայտարարություններին: Այդ պահին դա մեր պետության ու ազգի համար օգուտ չի լինի: Ասելիք իհարկե կա, վերաբերմունք իհարկե կա, բայց չեմ ուզում ասել: Ուղիղ ու անկեղծ ասում եմ»,- նշեց Միրզոյանը:
Հիշեցնենք, որ Գարեգին Բ-ն կարևոր էր համարել Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելը, իսկ Ալեն Սիմոնյանը հիշեցրել էր, որ հանրությունը ժամանակին պահանջում էր նաև կաթողիոսի հրաժարականը:
Իսկ հարցին, թե Միրզոյանը ինչ է կարծում, որն է լինելու է ՀՀ երկրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ասելիքը և ինչ բացահայտումներ կլինեն, Միրզոյանը նշեց․ «Ես ինչ իմանամ, թե ինչ է ուզում ասել Սերժ Սարգսյանը։ Ես գիտեմ, որ Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովն իսկապես շատ լավ է աշխատում և բոլոր հնարավոր մանրամասների մեջ խորանում է այնքան, որքան հնարավոր է: Շատ մանրամասն հանձնաժողովի աշխատանքներից տեղյակ չեմ, բայց ընդհանուր գծերով գիտեմ: Կարող եմ հույս հայտնել, որ երբ հանձնաժողովի աշխատանքներն ավարտվեն, ժամկետը սպառվի, ամբողջական տեղեկատվություն հասարակությունը կստանա»,- հավելեց նա։