«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ապրիլի 10-ին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը նիստ է հրավիրել: Օրակարգում պետք է քննարկվի «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու հարցը:
Մենք տեղեկացանք, որ հարցը ներկայացնելու է ՀՀ արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը: Հիշեցնենք, որ դեռեւս մարտի 25-ին փոխնախարար Դանիելյանը խորհրդարանում ներկայացրել էր նախագիծը, ըստ որի՝ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին նախագծով առաջարկվում է գովազդի տեղադրում թույլատրել Հանրային հեռուստաընկերությանը։ Առաջարկվում է մեկ եթերաժամի ընթացքում մինչեւ 5 րոպե տեւողությամբ վճարովի գովազդ տեղադրել, որը կցուցադրվի 18:00-00:00-ն: Իսկ սոցիալական անվճար գովազդը կհեռարձակվի ժամը 00:00-ից մինչեւ 18:00-ն։ Ըստ փոխնախարարի՝ վճարովի գովազդը լրացուցիչ ֆիանանսական հոսքեր կապահովի, ինչը թույլ կտա Հանրայինին տեխնիկական վերազինման եւ եթերացանցի վերանայման հարցը լուծել։
Սակայն այս օրենքի նախագծից դժգոհ են մասնավոր հեռուստաընկերությունները, որոնք հայտարարում են, որ այդ դեպքում իրենք կզրկվեն գովազդից, ինչի պատճառով կհայտնվեն ֆինանսական ճգնաժամի մեջ, քանի որ գովազդների միջոցով է, որ իրենք կարողանում են գոյատեւել: Իսկ եթե հանրայինը մտնի իրենց հետ մրցակցության մեջ, ապա, ունենալով պետբյուջեից հատկացումներ, մասնավոր գովազդատուներին «պետական միջոցներով» կտանի, ինչը նշանակում է` մյուս բոլոր հեռուստաընկերությունները պետք է փակվեն: Երեկ այս թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի ընդդիմադիր պատգամավոր, լուսավորական Աննա Կոստանյանի հետ՝ պարզելու համար, թե իրենք ինչ քայլեր են պատրաստվում իրականացնել մասնավոր հեռուստաընկերությունների աջակցելու համար:
-Տիկի՛ն Կոստանյան, առաջիկայում Ձեր հանձնաժողովում պետք է քննարկվի «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը: Ի՞նչ դիրքորոշում ունի Ձեր խմբակցությունը այդ նախագծի վերաբերյալ:
-Քննարկումներ արել ենք, դիրքորոշումը նախնական քննարկման ժամանակ որ հանձնաժողովում քննարկեցինք, հակասական էր, որովհետեւ 2014 թվականին այս օրենքը ընդունվեց՝ Հանրայինի եթերից գովազդը հանելը պայմանավորված էր նրանով, որ, նախ, Հանրայինը չպետք է կոմերցիոն նպատակներ հետապնդի, հասարակությանն էլ մի փոքր նյարդայնացնում էր այդ գովազդների առկայության փաստը: Ես կարող եմ իմ անձնական դիրքորոշումը հայտնել: Խմբակցության դիրքորոշումը հետեւյալն էր, որ հնարավոր է՝ այս քայլով անհավասար մրցակցային պայմաններ ստեղծվի մասնավոր հեռուստաընկերությունների նկատմամբ, քանի որ հաշվի առնելով, որ հանրայինը մեծ լսարան ունի եւ հատկապես պետությունից բավականին լուրջ հատկացումներ է ստանում տարեկան կտրվածքով՝ հիմա էլ կոմերցիոն գովազդներն ու սոցիալական գովազդները հեռարձակելը որքանով է ճիշտ մասնավոր հեռուստաընկերությունների նկատմամբ: Բայց ես դեմ եմ, քանի որ, որպես ՀՀ քաղաքացի, չէի ցանկանա Հանրայինով տեսնել գովազդներ:
-Մասնավոր հեռուստաընկերություններն արդեն իրենց դժգոհությունը ներկայացրել են այդ անհամաչափության վերաբերյալ: Ի՞նչ եք պատրաստվում անել նրանց օգնելու համար:
-Ես պատկերացնում եմ, որ Հանրայինն իր ռեսուրսներով, պետական հատկացումներով բավականին մեծ աուդիտորայիով անհամաչափ պայմաններ է ստեղծելու մասնավոր հեռուստաընկերությունների հանդեպ: Բայց քանի որ հանձնաժողովի եւ լիագումար նիստերի ժամանակ իշխող խմբակցությունը հայտարարեց, որ սա քաղաքական դիրքորոշում է, քաղաքական քայլ է, այդ կոնտեքստում մեր խմբակցությունը կողմ քվեարկեց նախագծին՝ զուտ ընդունելով այդ հանգամանքը, որ ներկայիս գործող «Պանարմենիա Մեդիա Գրուպ» ընկերության մոնոպոլիստական ձիրքը մի փոքր թուլացնեն եւ հավասար պայմաններ ստեղծեն: Ես այս պահին չեմ կարող որեւէ գնահատական տալ, թե դա որքանով է իրականությանը համապատասխանում, ամեն դեպքում այն ռիսկերը, որոնք որ ես տեսնում եմ, դա արձանագրել եմ իմ ելույթներում:
-Բայց անհավասար իրավիճակ է այդ դեպքում ստեղծվում մասնավորների նկատմամբ, քանի որ, բացի գովազդից, Հանրայինը կստանա նաեւ պետական աջակցություն: Ինչո՞ւ ընդդիմությունը քայլեր չի ձեռնարկում այդ անհավասարությունը կանխելու համար:
-Ես ասել եմ, որ մենք այս փոփոխությունով վնասելու ենք մասնավորին, քանի որ հենց այդ գովազդների շնորհիվ է, որ գոյանում է մասնավորի բյուջեն, ու որքանով է իրավացի իշխանությունը, երբ մատնանշում է, որ սա մրցակցային պայման է ստեղծում: Ախր, մրցակցայինը այստեղ է տապալվում, երբ ակնհայտ է, որ հանրայինը ունի այլ ռեսուրս: Առաջին ընթերցման ժամանակ ես հեռուստաընկերությունների որեւէ հայտարարություն չտեսա, որ դեմ դուրս գային կամ կապվեին ընդդիմադիր պատգամավորների հետ, խնդրեին, որպեսզի կարողանանք այս հարցը ավելի հնչեղ երանգ տանք եւ այլն: Այսպիսի հայտարարություններ չտեսանք՝ մտածելով, որ իշխանությունների բերած այն փաստարկը, որ մրցակցային դաշտ են ստեղծում, միգուցե ճիշտ է:
ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ՍՊԱՍՈՒՄ Է ՄԱՐՈՒԹՅԱՆԻՆ
«Այն, ինչ այսօր կատարվում է Երեւանի քաղաքաշինության ոլորտում եւ Ձեր ղեկավարած հիմնարկի համապատասխան բաժնում, ես կանվանեմ վայրենություն (Ձեզ հոգեհարազատ բնորոշումներով) քաղաքի եւ երեւանցիների նկատմամբ»,- նախօրեին հայտարարել էր ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը՝ դիմելով Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանին: «Արդեն որերորդ դեպքն է, որ Դուք ստորագրում եւ տրամադրում եք քաղաքաշինական փաստաթղթեր ՀՀ օրենսդրության եւ նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջների խախտումներով։
Տարոն Մարգարյանի ժամանակ կռվով-դավով կասեցված շինարարության համար նորից տրամադրել էիք շինթույլտվություն Մամիկոնյանց փողոցի վրա ու նորից խախտումներով. Հենց հիմա Արաբկիր վարչական շրջանի Բարբյուսի 11 փողոցում ընթացքի մեջ են կառուցապատման աշխատանքներ (Արտակարգ դրության պատճառով ժամանակավոր դադարել է), որոնք եւս իրականացվում են ՀՀ օրենսդրության խախտումներով։ Բարբյուսի 9 շենքի բնակիչները արդեն տեւական ժամանակ պայքարում են այս շինարարության դեմ, որովհետեւ խախտումների պատճառով փակվել է բազմաբնակարան շենքի թիկունքային ճակատին հրշեջ մեքենաների մոտեցման ճանապարհը»,- հայտարարել էր Սամսոնյանը։ Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շահբազյանի հետ՝ պարզելու համար, թե իր ղեկավարած կառույցը ինչ ուսումնասիրություններ է իրականացրել պատգամավորի նշած հասցեներում ու ինչ է բացահայտել: «Անի Սամսոնյանը դիմել է մեզ, բայց քանի որ կորոնավիրուսի հետ կապված սահմանափակումներ են եղել, մենք այս պահին ուսումնասիրություն չենք կարող իրականացնել: Պետք է հասկանանք՝ ինչ է խախտվել ընդհանրապես: Այդ ամենն իրականացվում է համայնքի լիազորության սահմաններում, հաստատվում է տվյալ նախագիծը, որը անցնում է փորձաքննություն լիցենզավորման կազմակերպության կողմից, որի հիման վրա շինթույլտվություն է ներկայացվում: Հնարավոր է՝ տվյալ կազմակերպությունը նորմերի խախում է թույլ տվել, հնարավոր է, չեմ կարող այս պահին որեւէ բան ասել»,- հայտարարեց Շահբազյանը: Մեր զրուցակիցը հայտարարեց, թե իրենք նաեւ օրենսդրական խնդիր ունեն ու որեւէ լիազորություն չունեն որոշումը կասեցնելու, ու դա պետք է վարչական ակտի միջոցով իրականացնի համայնքը, եթե իհարկե նման որոշում կայացվի: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց այս հարցի հետ կապված մեկնաբանություն ստանալ նաեւ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանից, սակայն վերջինս որոշել է այլեւս մեր հարցերին չպատասխանել: Մարությանի խոսնակն օր օրի ավելի անկառավալեի է դառնում. վերջինս ինչ-որ հերքումների պահանջներ է մշտապես ներկայացնում ու ցանկացած նյութ Մարությանի մասին Կարապետյանը շատ ավելի ծանր է տանում, քան միգուցե իր ղեկավարը: Հուսանք՝ կարանտինում գտնվող քաղաքապետը այս հարցին լուծում կգտնի:
Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
ՄԻՋԱԴԵՊԻ ՀԵՏՔԵՐՈՎ
Ինչպես հայտնի է, Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում միջադեպ էր տեղի ունեցել ոստիկանների եւ քաղաքացների միջեւ: Ըստ ոստիկանության՝ «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների՝ քաղաքացիները չեն ունեցել պարետի որոշմամբ համապատասխան փաստաթուղթ, որի համար նրանց տարել են բաժին, որպեսզի վարչական պատասխանատվության ենթարկեն: Սակայն ոստիկանության բաժնի շենքի դիմաց հավաքված քաղաքացիների ծանոթները՝ Հայկ Հակոբջանյանը, Արման Բաբայանը եւ Վիլիամ Պապիկյանը, հայհոյանքներ են տվել ոստիկանության ծառայողների հասցեին, որի ընթացքում հասարակական կարգի խախտումը խափանելու նպատակով նրանց դիտողություն կատարած ոստիկանության ավագ լեյտենանտ Կարեն Ջահանգիրյանին եւ ՀՈԲ տեսուչ, ոստիկանության լեյտենանտ Սամսոն Ասրյանին ցուցաբերել են դիմադրություն, գործադրել բռնություն, մասնավորապես՝ բոլոր ոստիկանության ծառայողների հասցեին տվել սեռական բնույթի հայհոյանքներ ու սպառնալիքներ, քաշել նրանց հագուստներից եւ բռունցքներով մի քանի անգամ հարվածներ հասցրել նրանց: Պարզվում է՝ պարետի համապատասխան թուղթը չի ունեցել Սիսիանի ավագանու անդամ Մարտին Հարությունյանը, որին էլ իրավապահները ծեծել են: Ի դեպ, ըստ մեզ հասած լուրերի՝ ծեծի ենթարկելու միջադեպերից մեկի կիզակետում կանգնած է Սիսիանի ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Գարիկ Մուրադյանը:
ՆԱԽԱԳԻԾԸ ՀԵՏԱՁԳՎԵՑ
Ազգային ժողովի պատգամավորներ Ալեն Սիմոնյանի ու Արտակ Մանուկյանի ներկայացրած նախագիծը հետաձգվեց երկու ամսով։ Մասնավորապես, նրանք փոփոխություն էին առաջարկում «Պետական տուրքի մասին» օրենքում եւ առաջարկում էին բարձրացնել ազնիվ, գունավոր, հազվագյուտ մետաղների, մետաղագործական, քիմիական, թեթեւ եւ արդյունաբերության այլ ճյուղերի հումքի յուրաքանչյուր հանքավայրի օգտագործման (շահագործման) թույլտվության տրամադրման տուրքի գումարը։ Նրանք նախագծի հիմնավորման մեջ նշել են, թե այսպես պետական բյուջեի համար կապահովվեն լրացուցիչ մուտքեր, որը լիովին արդարացված է, քանի որ մետաղների բորսայում ազնիվ, գունավոր եւ հազվագյուտ մետաղների գները բավականին բարձր են եւ շարունակում են մնալ նույն հարթության վրա։ Ընդերքօգտագործման մասով կիրառվող մոտեցումները համահունչ են նաեւ կառավարության կողմից հայտարարված սկզբունքներին: Սակայն այս նախագիծը երեկ քննարկվել է ԱԺ տնտեսական հանձնաժողովում, եղել են առարկություններ, առաջարկություններ, եւ նախագծի հեղինակները որոշել են հետաձգել այն։