ՀՐԱՅՐ ԹՈՎՄԱՍՅԱՆԻ ԳՈՐԾՈՎ ՄՈՒԿՈՒՉՅԱՆԸ ՑՈՒՑՄՈՒՆՔ Է ՏՎԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, մարտի 9-ին ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի եւ վերջինիս սանիկի՝ Նորայր Փանոսյանի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մասով հարուցված քրեական գործը ուղարկվել է դատարան:

Ըստ նախաքննական մարմնի՝ տվյալներ են ձեռք բերվել առերեւույթ կատարված հանցագործություններին Հրայր Թովմասյանի մասնակցության վերաբերյալ, հիմնավորվել է Բաղրամյան 1 փակուղի 14 շենքի թիվ 162 տարածքը Երեւանի քաղաքապետարանի կողմից կազմակերպված աճուրդի արդյունքներով փաստացի նրա կողմից ձեռք բերված լինելու հանգամանքը: Եվ, ահա, այս քրեական գործի շրջանակներում, որպես վկա, հարցաքննվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը: Բանն այն է, որ Բաղրամյան 1 փակուղի 14 շենքի թիվ 162 տարածքը վարձակել է ԿԸՀ նախագահի կինը եւ այնտեղ նոտարական գործունեություն է ծավալել: ԿԸՀ նախագահի՝ նախաքննական մարմինին տված ցուցմունքները հայտնվել են «Ժողովուրդ» օրաթերթի տրամադրության տակ, որոնցից հատվածներ ենք ներկայացնում:

Հարց.  Ձեր կինը՝ Իննա Շահնազարյանը, ե՞րբ է նշանակվել նոտար, ո՞ր գրասենյակում է սկսել նոտարական գործունեություն ծավալել եւ ինչ հիմունքներով, ներկայումս ո՞ր գրասենյակում է նոտարական գործունեություն ծավալում:

Պատասխան. Իմ հիշելով՝ կինս նոտարի պաշտոնում նշանակվել է 2014 թվականի հունիսին կամ հուլիսին, նշանակվել է՝ որպես Երեւան քաղաքի Կենտրոն նոտարական տարածքի նոտար: Նշանակվելուց հետո՝ մինչ օրս, գործունեություն է ծավալել Երեւան քաղաքի Բաղրամյան պողոտայի 1-ին փակուղի 14 շենքի 162 տարածքում, ներկայումս հասցեն կոչվում է Լեմկինի անվամբ: Կինս հիշյալ տարածքում նոտարական գործունեությունը ծավալել եւ ծավալում է վարձակալական հիմունքներով: Մինչեւ նոտարի պաշտոնում նշանակվելը շուրջ 4 կամ 5 տարի կինս զբաղեցրել է քաղաքացիական կացության ակտերի գրանցման Քանաքեռ Զեյթունի բաժնի՝ մասնագետի պաշտոնը:

ՀԱՐՑ. Նոտարական գործունեություն ծավալելու համար տարածքի ընտրությունը Ձեր կնո՞ջն է եղել, թե՞ ոչ:

ՊԱՏԱՍԽԱՆ. Նոտարին նշանակում է նախարարը: Նոտարի գործունեության տարածքի ընտրության իրավունքը պատկանում է արդարադատության նախարարին, ով նոտարի նշանակման հրամանի մեջ նշում է, թե որ տարածքի նոտար է նշանակում անձին: Նշանակումից հետո նոտարն ինքն է ընտրում իր գործունեության կոնկրետ վայրը՝ նկատի ունենալով հրամանում նշված նոտարական տարածքի շրջանակները :Կենտրոն նոտարական տարածքում կնոջս նշանակման հարցում ես կամ կինս որեւէ միջամտություն չենք ունեցել, նշանակման հարցում հավանաբար հաշվի են առնվել կնոջս բնակության վայրը: Ինչ վերաբերում է գործունեության վայրին, ապա կինս է ընտրել Բաղրամյան պողոտայի փակուղի 14 շենքի 162 տարածքը՝ որպես իր գործունեության վայր:

ՀԱՐՑ. Երեւան քաղաքի Բաղրամյան պողոտայի թակուղի 14 շենքի 162 տարածքում Ձեր կնոջ կողմից նոտարական գործունեություն ծավալելու համար տարածքը վարձարակելու հարցի շուրջ ո՞վ, ե՞րբ, ի՞նչ հանգամանքներում է պայմանավորվածություն ձեռք բերել վարձատուի հետ: Ո՞վ է հանդիսացել վարձատուն:

ՊԱՏԱՍԽԱՆ. Մինչեւ «Նոտարիատի մասին» ՀՀ գործող օրենքի ընդունումը Երեւան քաղաքի տարածքում նոտարական գործունեություն ծավալելու համար եղել են ֆիքսված տարածքներ, որոնցից մեկը հանդիսացել է Երեւան քաղաքի Բաղրամյան պողոտայի փակուղի 14 շենքի 162 տարածքը: Այսինքն՝ հիշյալ տարածքն առավել քան հայտնի է եղել հանրությանը՝ որպես նոտարական գործունեության տարածք: Վերոգրյալի մասին նշում եմ այն տրամաբանությամբ, որ կինս հենց այդ տարածքն է ընտրել այն նկատառումով, որ դեռեւս նոր էր նշանակվել, ճանաչում չուներ, ցանկալի էր աշխատել մի վայրում, որն առավել հայտնի էր հանրությանը, ինչը կապահովեր հաճախոդների հոսքը: Հիշյալ օրենքի ընդունումից հետո հնարավորություն է տրվել նոտարներին նոտարական տարածքի շրջանակներում ընտրել իրենց համար առավել հարմար գործունեության վայրեր: Ես ու կինս տարբեր եղանակներով հետաքրքրվել ենք նոտարական գրասենյակի հարցով եւ պարզել ենք, որ Երեւան քաղաքի Բաղրամյան պողոտայի փակուղի 14 շենքի 162 տարածքում կա նոտարի համար ազատ տարածք: Պարզել են, որ տարածքը տրվում է վարձակալությամբ, եւ այդ հարցերով զբաղվում է Տարոն Թովմասյան անունով անձ: Ճշտել եմ վերջինիս հեռախոսահամարը եւ ես զանգահարել եմ Տարոնին: Չեմ հիշում, թե ինչ հեռախոսահամարի զանգահարելու միջոցով եմ խոսել Տարոնի հետ, չեմ հիշում, թե ումից եմ ճշտել վերջինիս տվյալները ու հեռախոսահամարը: Հեռախոսազրույցի արդյունքում Տարոնի հետ պայմանավորվել եմ հանդիպել եւ բանակցել վարձակալության հարցի շուրջ: Երեկոյան ժամի հանդիպել ենք, որի ընթացքում Տարոնը, լսելով իմ առաջարկի մասին, հայտնել է, որ տարածքը իրենը չէ, կխոսի սեփականատիրոջ հետ ու լրացուցիչ կհայտնի տարածքը վարձակալությամբ տրամադրելու, ինչպես նաեւ վարձավճարի վերջնական չափի մասին: Տարոնն ինձ ոչինչ չի հայտնել տարածքի սեփանակատիրոջ վերաբերյալ, նշել է, որ ինքը լիազորված է սեփականատիրոջ կողմից, բոլոր հարցերով պայմանավորվեմ իր հետ: Տարոնը նախնական հայտնել է, որ տարածքը տրամադրվելու է ամսական 1000 ԱՄՆ դոլարով: Ես փորձել եմ սակարկել, սակայն Տարոնը պնդել է իր առաջարկած գինը, բայց պայմանավորվել ենք, որ վերջնական կխոսի սեփականատիրոջ հետ, որից հետո նորից կհանդիպենք ու կքննարկենք վարձակալության պայմանների մասին: Հանդիպումը տեղի է ունեցել 2014 թվականի ամռանը: Առաջին հանդիպումից մեկ կամ երկու օր անց կրկին հանդիպել եմ Տարոնի հետ, որի ընթացքում Տարոնն ինձ հայտնել է, որ խոսել է սեփականատիրոջ հետ, եւ վերջնական որոշվել է , որ վարձակալության ամսական գումարը 1000 ԱՄՆդոլար է, եթե չեմ ուզում, կարող եմ հրաժարվել առաջարկից: Ես, տեսնելով, որ սակարկելն անօգուտ է , համաձայնվել եմ Տարոնի հետ: Ճիշտ է, առաջարկված վարձավճարը թանկ էր, սակայն զուտ տարածքի համար, հաշվի առնելով զուտ այդ հանգամանքը, համաձայնվել եմ առաջարկված գնի հետ: Հանդիպումից մեկ կամ երկու օր անց կնոջս ու Տարոնի միջեւ կոնտրոն նոտարական տարածքի Մատենադարանի հարեւանությամբ գտնվող նոտարական գրասենյակում կնքվել է վարձակալության պայմանագիր:

ՀԱՐՑ. Վարձակալության հարցի շուրջ պայմանավորվածություն ձեռք բերելու համար Տարոն Թոմասյանին առաջարկե՞լ եք տրամադրել տարածքի սեփականատիրոջ տվյալները, որպեսզի անձամբ բանակցեք վերջինիս հետ, թե՞ ոչ:

ՊԱՏԱՍԽԱՆ. Տարածքի վարձակալության վերաբերյալ խոսակցության ժամանակ Տարոնը պնդել է, որ բոլոր պայմանավորվածությունները կայացնեմ իր հետ , սեփականատիրոջ հետ պետք չէ կապ հաստատել. եթե հարցեր լինի, կարող եմ իր միջոցով խոսքս կամ առաջարկս փոխանցեմ սեփականատիրոջը: Նման դիրքորոշման պայմաններում ցանկություն չեմ ունեցել տարածքի սեփականատիրոջ տվյալները ճշտել:

Հարց. Ըստ Ձեզ՝ վարձավճարի չափը համապատասխանե՞լ է արդյոք գտնվելու վայրով ու մակերեսի չափերով համանման տարածքները վարաձակալությամբ տրամադրելու համար սահմանված վարձավճարի չափի շուկայական գներին, թե՞ ոչ:

Պատասխան. Ես կոնկրետ վիճակագրական տվյալներ չունեմ, որ հստակ պատասխան տամ, սակայն հաշվի առնելով տարածքի չափերը, հարմարավետությունը, կարող եմ նշել, որ վարձավճարի չափը, շուկայական գների համեմատ, բավականին բարձր է:

Հարց. Եթե վարձավճարի չափը շուկայական գներից բավականին բարձր է եղել, ապա փորձե՞լ եք վարձակալության համար այլ տարածք փնտրել, թե՞ ոչ: Եթե ոչ, ապա ինչո՞ւ:

Պատասխան. Ես այլ տարածք չեմ փնտրել զուտ այն տրամաբանությամբ, որ տարածքը առավել քան ձեռնտու էր նոտարական գործունեություն ծավալելու համար, քանի որ, ինչպես նշեցի վերեւում, տարածքը հանրությանը տասնամյակներ շարունակ հայտնի էր որպես նոտարական տարածք: Մենք կարող էինք ընտրել մեկ այլ վայր, ավելի էժան եւ հարմարավետ տարբերակով, սակայն այդ պայմաններում հաճախորդների հնարավոր հոսքը կարող էր շատ քիչ լինել: Դա է այն հիմնական պատճառը, որից ելնելով՝ համաձայնվել եմ առաջարկված վարձավճարի բարձր գնի հետ:

ՀԱՐՑ, Ո՞ւմ է պատկանում Երեւան քաղաքի Բաղրամյան պողոտայի 1-ին փակուղի 14 շենքի 162 տարածքը, վերջինիս սեփականատիրոջ հետ հանդիպե՞լ եք, թե՞ ոչ: Եթե այո, ե՞րբ եւ ի՞նչ հանգամանքներում:

Պատասխան. Ինչպես նշեցի, վարձակալության պայմանագիրը կնքելուց հետո եմ տեղեկացել , որ տարածքի սեփականատերը ռուսաստանաբնակ է, սակայն նրան չեմ ճանաչել: Վերջինիս հետ երբեւէ չեմ հանդիպել:

Հարց. Մի՞թե Ձեզ կամ Ձեր կնոջ մոտ ցանկություն չի առաջացել ճշտել վարձակալությամբ տրամադրված տարածքի սեփականատիրոջ հեռախոսահամարը կամ ուղիներ գտնել նրա հետ անմիջական կապի դուրս գալու համար, որպիսի պայմաններում կարող էիք վարձավճարի չափի մասով սակարկել հենց վերջինիս հետ, արդյունքում վճարել ավելի քիչ գումար՝ նոտարական գործունեությունից ստանալով ավելի մեծ օգուտ: Ի՞նչ կասեք այդ կապակցությամբ:

Պատասխան. Ես անիմաստ եմ համարել կապ հաստատել սեփականատիրոջ հետ, քանի որ Տարոն Թովմասյանը նախապես հայտնել էր, որ պետք չէ սեփականատիրոջ հետ կապ հաստատել, բոլոր հարցերով դիմենք իրեն:

Հարց. Երեւան քաղաքի Բաղրամյան պողոտայի առաջին փակուղի 14 շենքի 162 տարածքում, բացի Ձեր կնոջից, այլ նոտարներ գործունեություն ծավալե՞լ են, թե՞ ոչ: Եթե այո, ապա ովքե՞ր: Վերջիններս նո՞ւյնպես վարձակալական հիմունքներով են գործունեություն ծավալում, թե՞ ոչ. եթե այո, ապա ի՞նչ է Ձեզ հայտնի վերջիններիս կողմից վարձակալության պայմանագիր կնքելու հանգամանքների, վճարվող վարձավճարի չափի, այն ստացող անձի կամ անձանց վերաբերյալ:

Պատասխան. Բացի կնոջիցս, հարցադրման մեջ նշված տարածքում նոտարական գործունեություն են ծավալում Նունե Սարգսյանը եւ Ատոմ Հայրապետյանը: Իմ տեղեկացմամբ՝ վերջիններս եւս վարձակալական հիմունքներով են գործունեություն ծավալում հիշյալ տարածքում: Վերջիններս երբ կամ ում հետ են պամանագիր կնքել, ում հետ են վարձակալության հարցի շուրջ պայմանավորվածություններ կայացրել, տեղեկացված չեմ:

Հարց. Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Երեւան քաղաքի Բաղրամյան պողոտայի 1-ին փակուղի 14 շենքի 162 տարածքում նոտարական գործունեություն իրականացնելու համար ավելի քիչ վարձավճար է սահմանվել, քան մյուսների դեպքում: Ինչպե՞ս կբացատրեք այդ հանգամանքը, մասնավորապես՝ ինչո՞վ է պամանավորված Ձեր կնոջ համար նույն տարածքում եւ նույն պայմաններով մյուսների համեմատ առավել ձեռնտու պայմաններով տարածքը վարձակալությամբ տրամադրելու հանգամանքը:

Շարունակելի

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ԿԱՍԿԱԾՅԱԼՆԵՐԸ ՀԱՅՏՆԻ ԵՆ

Ոստիկանները պարզել են ապրիլի 6-ին մայրաքաղաքի Եղբայրության փողոցում  Ռոդոլֆ Մելոյանի վրա կրակոցներ արձակած անձի, ինչպես նաեւ նրա հետ գտնվող քաղաքացու ինքնությունը։ Նրանք դեպքի վայրից դիմել են փախուստի Mercedes մակնիշի ավտոմեքենայով։ Կասկածյալներն են Երեւանի բնակիչ 35-ամյա Գագիկ Հ.-ն եւ 41-ամյա Համբարձում Ա.-ն։ Ձեռնարկվել են գործողություններ՝ անձանց, ատրճանակը եւ ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ։

 

 

 




Լրահոս